«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Հայ ասպետ» գիտահանրամատչելի պատանեկան հաղորդման կազմակերպիչները նախատեսել են սփյուռքի երիտասարդությանն էլ ընդգրկել հաղորդաշարում: Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում է հատկապես ջավախահայ երիտասարդների մասնակցության խնդիրը: Այդ կապակցությամբ նրանք դիմել են «Ջավախք» հայրենակցական միությանը` առաջարկությամբ օժանդակել Ջավախքի հայկական դպրոցների խելացի պատանիներին` հաղորդաշարին մասնակցելու համար: Կազմակերպչական առումով «Ջավախք» հայրենակցական միությունն առաջին հերթին պետք է անհրաժեշտ գրականություն տրամադրեր: Միությունը հաղորդաշարի առաջարկը չի մերժել, եւ անհրաժեշտ գիտահանրամատչելի գրականությունը (ընդամենը մի քանի տասնյակ) ցանկացել են Ջավախք տանել Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանն ու «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

Հայ-վրացական սահմանի վրացական մաքսակետում վրացիներն արհեստական խնդիրներ են ստեղծել: Նախ հայտարարել են, թե իրենք գրքերը չեն կարող անցկացնել, որովհետեւ հայերեն լեզվով են ու իրենք ծանոթ չեն բովանդակությանը: Այնուհետեւ մաքսատանը ջավախահայ քաղաքական գործիչներին պատասխանել են, թե պետք է ճշտեն` արդյոք իրավունք ունե՞ն այսպիսի գրականություն տանելու Վրաստանի սահման: «Ազգ» -ի հետ զրույցում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը փաստում է, որ ուղարկած գրականությունը հիմնականում վերաբերում էր ավանդապատումներին, հայոց պատմությանն ու աշխարհագրությանը: Ներկայացված գրքերի կազմում եղել են նաեւ հայոց պատմության մի քանի դասագրքեր:

Շիրակ Թորոսյանը նկատում է, որ մաքսատանը տեղի է ունեցել միանգամից մի քանի խախտում: «Համաձայն վրացական օրենքների, մինչեւ 500 լարի գումարի ապրանք հնարավոր է առանց մաքսազերծման անցկացնել: Այդ գրքերը չէին կարող այդքան գումար արժենալ: Հետեւաբար օրենքի խախտում է թույլ տրվել: Բացի այդ, մաքսազերծման մասին մի փոքր խոսելուց հետո վրացի սահմանապահները թեման փակել են եւ խոսել միայն արգելքի, անթույլատրելիության մասին: Եթե ժողովրդավարական Վրաստանում կա գրաքննություն եւ կան գրքեր, որոնք քաղաքացիներն իրավունք չունեն իրենց հետ տանելու Վրաստան, ապա թող հրապարակեն այդ գրքերի ցուցակը: Եթե այդպիսի բան չկա, կատարվածը օրենքի, մարդու արժանապատվության եւ ազատության խախտում է: Յուրաքանչյուր գրքից Ջավախք էինք տանում մեկ կամ երկու օրինակ: Դա մեծ քանակ չէ, դրանով կրթական ծրագրեր չէինք իրականացնելու: Ուղղակի մի խումբ պատանիներ պետք է նախապատրաստվեին մրցույթին: Պարզապես Վրաստանի իշխանությունների հերթական լկտի եւ վախվորած քայլն էր: «Լկտի այն առումով, որ Վրաստանի քաղաքացին չի կարող իր հետ գիրք տանել, վախվորածՙ չգիտես թե ինչու եւ ինչից են վախենում», նկատում է Շիրակ Թորոսյանը:

Այժմ գրքերը գտնվում են հայ-վրացական սահմանի հայկական մաքսակետում: Շիրակ Թորոսյանը նկատում է, որ ամեն ջանք գործադրելու են, որպեսզի օրինական ճանապարհով գրքերը կարողանան անցկացնել Ջավախք:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4