Կանադայում Թուրքիայի դեսպան Ռաֆեթ Աքգյունայը հետ է կանչվել, ծանուցում է ավստրիական «Դեր Շտանդարտը»ՙ պարզաբանելով, թե հայոց հարցի առնչությամբ Կանադայի դիրքորոշումն է նման վերաբերմունքի պատճառը:
Թուրքիան զայրացած է, բայց ցանկություն չունի ճգնաժամային դարձնել Կանադայի հետ դիվանագիտական հարաբերությունները, հաղորդել է թուրք դիվանագետներից մեկը:
Ավստրիական աղբյուրը նշում է, թե համաձայն թուրքական աղբյուրների, կանադական կառավարության ներկայացուցիչները մասնակցել են հիշատակի մի միջոցառման, որին իր ուղերձն է հղել նաեւ Կանադայի կառավարության ղեկավար Ստեփեն Հարփերը եւ որտեղ հայերի ջարդը «ցեղասպանություն» բառեզրով է որակվել:
Թուրքիան կրկին ու կրկին ժխտում է ցեղասպանության մեղադրանքը, փոխարենը Հայաստանը Թուրքիայից պահանջում է 1915-ի դեպքերը ճանաչել ցեղասպանություն: Թուրք մտավորականները եւ գիտնականները անցյալ տարի մի ինտերնետ-արշավ էին սկսել, որում ներում էին հայցում առաջին համաշխարհայինի ժամանակ պատահած «Մեծ աղետի» համար: Նրանք էլ կատարվածը «ցեղասպանություն» չէին որակել, գրում է ավստրիական «Դեր Շտանդարտը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա