«Եվրոմիությունը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի` որպես կառույցին անդամակցության թեկնածու երկրի պարտավորությանը` ունենալու լավ հարաբերություններ հարեւանների հետ. այս սկզբունքը հիմնարար է մեզ համար», ասաց Եվրոմիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան «Արմենպրեսին» տված հարցազրույցում: Նրա խոսքերով` Եվրոպական միությունը մշտապես խրախուսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը` որպես տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման կարեւոր գործոն: Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես հարաբերությունների հաստատման նախապայման առաջադրման ընդունելիության մասին հարցին ի պատասխան ԵՄ գերագույն հանձնակատարը նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման շրջանակներում Եվրոմիությունը կոչ է անում բացել սահմանն առանց նախապայմանների: Դա շատ կարեւոր է տարածաշրջանում կայունության եւ առաջընթացի ապահովման համար: «Մեկ հարցի դրական լուծումը կարող է դրական դինամիկա ստեղծել նաեւ մյուս խնդիրների լուծման համար», եզրափակեց նա: