«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


ԿՈՏԱՅՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ Է

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում երեկ տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ասուլիսը: Մարզպետն անդրադարձավ մարտի 26-ին Կոտայքի մարզում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում ընդունված մարզի զարգացմանը միտված որոշումներին, դրանց իրականացման հարցերին: Կ. Շահգալդյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատՙ այս տարվա առաջին եռամսյակում Կոտայքի մարզում գտնվող ձեռնարկությունների արդյունաբերական արտադրանքը զգալիորեն նվազել է: Ճգնաժամի ազդեցությունից զերծ է մնացել միայն կաշվի եւ սննդամթերքի արտադրությունը:

Անկում գրանցվել է հատկապես ոսկու եւ թանկարժեք քարերի արտադրանքով զբաղվող ընկերությունների մոտ: «Ամենից շատ անկում նկատվում է շինանյութերի արտադրությունում: 2008 թվականի համեմատ այն կազմել է ընդամենը 20 տոկոս», ասաց մարզպետը:

Չնայած ճգնաժամ է, սակայն Կոտայքի մարզի համայնքներում առաջին եռամսյակում հարկերի հավաքման գործընթացը հաջողությամբ է ավարտվել` մոտ 92 տոկոս: Կոտայքի մարզում է գտնվում նաեւ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որի շուրջ 380 աշխատող հայտնվել են հարկադիր պարապուրդում: Կարեւորը նրանց աշխատանքով ապահովելն է, այն էլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:

Մարզպետի հավաստմամբ` «Հիմա սնանկացման գործընթաց է: Եթե գործարանի սեփականատերերը նոր հայցով դատարան չդիմեն, Կոտայքի մարզի առաջին իրավասության դատարանը կնշանակի այդ ձեռնարկության համար կառավարիչ, որն էլ իրավասու կլինի վերսկսելու ձեռնարկության աշխատանքը»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4