Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Տորոնտոյում օրերս լույս է ընծայվել (նոր վերամշակված հրատարակությունը) «Ջորջթաունի տղաները» (The Georgetown Boys) գիրքը, որ հայերի Կանադա ներգաղթելու պատմությունն է ներկայացնում: 1923 թվի սկզբներին «Նիըր Իսթ Ռիլիֆ»ՙ Մերձավոր Արեւելքի օգնության կազմակերպությունը Լոնդոնի քաղաքապետի հիմնադրամի աջակցությամբ Թուրքիայի եւ Հունաստանի որբանոցներից 109 հայերի է ընտրում եւ ուղարկում է Ջորջթաունի (Օնտարիո, Կանադա) «Սեդարվեյլ» ագարակը, հնարավորություն տալով Եղեռնից մազապուրծ փրկվածներին նոր կյանք սկսել արեւմուտքում: Այդ տղաները Կանադայի պատմության մեջ մտան որպես «Ջորջթաունի տղաները», իսկ արարքը հորջորջվեց «Կանադայի ազնիվ փորձառությունը», որովհետեւ այդ ժամանակ չափազանց խիստ էին ներգաղթի կանոնները եւ միայն բացառության կարգով, որպես «Փորձնական քայլ» կառավարությունը համաձայնել էր ընդառաջել այդ նախաձեռնությանը:
Գիրքը հեղինակել է այդ որբ տղաներից մեկըՙ Ջեկ Աբրահամյանը: Նա իրական փաստերի հիման վրա մեծ վարպետությամբ եւ անգամ հումորի նուրբ զգացումով հյուսում է ոդիսականը այդ տղաների, որոնք կորցնելով ընտանիք եւ ունեցվածք պետք է նոր երկրում դիմագրավեին նոր մարտահրավերներ:
«Սա վերապրումի եւ մշակութային ինքնության պահպանման եզակի պատմություն է», նշում է «Զորյան» ինստիտուտի մարդու իրավունքների համալսարանական ծրագրի համակարգող Մեգան Սուոնը:
Գիրքը խմբագրել, վերամշակել, նոր առաջաբան է գրել եւ հրատարակության պատրաստել այդ որբ տղաներից մեկի որդին, «Զորյան» ինստիտուտի վարչության նախկին անդամներից եւ ներկայիս Կանադայի արքայական զինվորական քոլեջի աշխատակիցներից պրոֆ. Լոռնի Շիրինյանը, որ կարճ պատմվածքների, բանաստեղծությունների, պիեսների ինչպես նաեւ գրականագիտական հոդվածների ճանաչված հեղինակ է Կանադայում: Նա վերոնշյալ գիրքը հարստացրել է նաեւ անտիպ լուսանկարներով:
Հավելյալ մանրամասնությունների համար մամլո հաղորդագրությունը խորհուրդ է տալիս դիմել Միգան Ուոքըրին (Meagan Walker) հետեւյալ էլեկտրոնային հասցեով. zoryan@zoryaninstitute.org:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ