«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸՙ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԻ ՍՊԱ

Ֆրանսիան մեծարում է ՀՀ մշակույթի նախարարին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը հանդիսավոր պայմաններում հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնեց Արվեստի եւ գրականության շքանշանի սպայի պարգեւանշանը:

Փետրվարի 6-ին ուղղած նամակում Ֆրանսիայի մշակույթի ու հաղորդակցության նախարար Քրիստին Ալբանելը Հ. Պողոսյանին հայտնել է «բացառիկ շնորհման կարգով» այդ պարգեւատրման մասին: Այդ շքանշանը, գրում է տիկին Ալբանելը, Ֆրանսիական Հանրապետության հիմնական պարգեւներից մեկն է, որով երկրի մշակույթի նախարարությունը պատվում է «այն անձանց, որոնք փայլել են ստեղծագործությամբ արվեստի կամ գրականության բնագավառում, կամ էլ նպաստել են մշակույթի ճառագմանը Ֆրանսիայում ու աշխարհում»:

Ֆրանսիայի այս բարձր պարգեւն ունի երեք աստիճանՙ ասպետ, սպա եւ բարձրագույնըՙ կոմանդոր: Նախարարն առաջին հայաստանցին է, ում շնորհվում է շքանշանի սպայի աստիճան:

Արարողություն դեսպանատանը

- Երկար տարիներ շարունակ Դուք եղել եք եւ կաք այս դեսպանության զրուցակիցը,- պարգեւը հանձնելիս, դիմելով տիկին Պողոսյանին, ասաց դեսպան Ս. Սմեսովը: Նախ եւ առաջ, իբրեւ ԱՕԿՍ-ի ղեկավար (նախարարը Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի ու համագործակցության նախագահի առաջին տեղակալն է ու ԱՕԿՍ-ի խորհրդի նախագահը-Տ. Լ.) եւ նոր որակովՙ իբրեւ Հայաստանի մշակույթի նախարար:

Դուք ոչ միայն այս դեսպանության զրուցակիցն եք, այլեւ, միաժամանակ, գործընկերն ու բարեկամը, փաստեց Ս. Սմեսովը: Դա առավել գնահատելի է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների կարեւոր հանգրվաններին եւ առավել դրսեւորվեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում, որի կազմակերպմանն ու անցկացմանը Դուք ծանրակշիռ ավանդ ներդրեցիք, նշեց դեսպանը:

Ս. Սմեսովը նաեւ արժանին մատուցեց ՀՀ մշակույթի նախարարին թե՛ Երեւանում երաժշտության տոնի անցկացման, թե՛ մշակութային բազմաթիվ այլ ձեռնարկների ընթացքում ֆրանսիական կողմի հետ համագործակցելու համար: «Ձեզ պարգեւատրելով, մենք ցանկանում ենք վկայել մեր երախտագիտությունը», հավելեց Ֆրանսիայի դեսպանը:

- Այսօր ես շատ հպարտ եմ,- պատասխան խոսքում ասաց Հասմիկ Պողոսյանը: - Շատ կարեւոր է, երբ քեզ գնահատում են ընտանիքում, քո աշխատելու վայրում, շատ կարեւոր է, երբ քեզ գնահատում են քո անմիջական ղեկավարները: Սակայն երբ դու գնահատական ես ստանում այնպիսի մի երկրից, ինչպիսին Ֆրանսիան է, դա առանձնահատուկ զգացում է:

Նախարարի խոսքերով, «Ֆրանսիան եզակի երկիր է, որի նկատմամբ, ինչպես առաջին սիրո պարագայում, միշտ ամենաջերմ զգացմունքներն ես տածում...

Շնորհակալ եմ ճակատագրից, որ հնարավորություն է ընձեռել այդ երկիրը տեսնել ամենատարբեր տեսանկյունից. լինեն դա զբոսանքներ Փարիզի մեջ, հյուրընկալություն Նանտ քաղաքում մի հասարակ ընտանիքում, թե այլուր: Հայաստանի նախագահին ուղեկցելը Ֆրանսիա կատարած նրա պաշտոնական այցերի ժամանակՙ բոլորովին այլ տպավորություններ ու ընկալումներ են: Բոլոր այս շփումներն անմոռանալի են: Հայաստանի անկախության հաղթարշավի տարիների ընթացքում ես ենթադրել անգամ չէի կարող, որ կդառնամ Ֆրանսիայում մեր հանրապետության տարվա համեստ կերտողներից մեկը, խոստովանեց Հ. Պողոսյանը:

Եվ այսօր իմ մեջ թե՛ հպարտության, թե՛ սիրո զգացումներ են, ինչպես նաեւ հարգանքն է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ, բոլոր այն ֆրանսիացիների հանդեպ, ում հետ շփվում եմ ամեն օր»:

Հ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի իր գործընկերուհունՙ սույն պարգեւը շնորհելու համար, եւ դեսպանին, որն «այսքան գեղեցիկ հանձնեց այն»:

Նախարարին ջերմորեն շնորհավորեցին տիկին Քրիստինա Սմեսովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ֆրանսիայի Արժանաց ազգային շքանշանի ասպետ Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, ԱՕԿՍ-ի փոխնախագահ Վահան Եղիազարյանը, ԱՕԿՍ-ի պատասխանատու քարտուղար Աննա Էգիբյանը, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության ընկերության նախագահ Ծովինար Հակոբյան-Չալոյանը, Ֆրանսիայի դեսպանատան դիվանագետները:

Եթե Ֆրանսիայի այլ պետական պարգեւներով Հայաստանի քաղաքացիները ՀՀ անկախացումից ի վեր բազմիցս են պատվել, ապա Արվեստի եւ գրականության շքանշանի առաջին շնորհումները մեզանում տեղի ունեցան միայն անցյալ տարի: Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպմանն ակտիվորեն մասնակցելու համար Ֆրանսիայի մշակույթի նախարարի 2008 թ. փետրվարի 26-ի հրամանով հայ մշակույթի միանգամից 10 գործիչներ դարձան այդ շքանշանի ասպետներ: Դրանք են Հենրիկ Իգիթյանը, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, Անելկա Գրիգորյանը, Հարություն Խաչատրյանը, Շահեն Խաչատրյանը, Տ. Ասողիկ քհն. Կարապետյանը, Փարավոն Միրզոյանը, Զավեն Սարգսյանը, Ռուզան Սարյանը, Գեւորգ Տեր-Վարդանյանը: Իսկ շքանշանները նրանց հանդիսավորությամբ հանձնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն այս տարվա հունվարի 15-ին:

Շքանշանի պատմությունից

Արվեստի եւ գրականության շքանշանը սահմանվել է 1957 թվականին ականավոր գրող, մտավորական ու պետական գործիչ Անդրե Մալրոյի (2 տարի անց նա դարձավ Ֆրանսիայի մշակույթի նախարար) նախաձեռնությամբ: Այդ պարգեւը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, ողջ աշխարհում: Հետաքրքրական է, որ երբ 1963 թվականին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը որոշեց վերացնել միանգամից 13 նախարարական, այսինքնՙ գերատեսչական շքանշաններ, եւ հիմնել Արժանաց ազգային շքանշանը, այդ «կրճատմանը» դիմացան միայն 4-ըՙ «Ակադեմիական արմավենիները» (կրթության նախարարություն), Գյուղատնտեսության արժանաց, Ծովային արժանաց ու Արվեստի եւ գրականության շքանշանները:

«Այս շքանշանը հարգված ու տենչալի է արվեստագետների, գրողների, ստեղծագործողների, այդ թվումՙ մեզ չսիրողների կողմից: Վերացնելը վիրավորանք կլինի այն կրողների եւ հիասթափություն դրանով ոգեշնչվողների համար»,- գրել է Մալրոն նախագահ դը Գոլինՙ ի պաշտպանություն այս պարգեւի:

Փայլուն համաստեղություն

Որպեսզի կարելի լինի պատկերացում կազմել, թե ինչ հեղինակավոր պարգեւի է արժանացել Հայաստանի մշակույթի նախարարը, բավական է թվարկել Ֆրանսիայի Արվեստի եւ գրականության շքանշանով տարբեր տարիներին պարգեւատրվածների ոչ լրիվ ցանկը. Մարկ Շագալ, Խորխե Լուիս Բորխես, Հուլիո Կորտասար, Իվ Սեն-Լորան, Ժաննա Մորո, Ջինա Լոլոբրիջիդա, Մոնսերատ Կաբալյե, Խոսե Կարերաս, Ռոլան Պետի, Ումա Թուրման, Էժեն Իոնեսկո, Ժան-Պոլ Բելմոնդո, Դաստին Հոֆման, Բոբ Դիլան, Քլինտ Իստվուդ, Դեւիդ Բոուի, Մերիս Սթրիփ, Շոն Կոնների, Պենելոպա Կռուս, Քայլի Մինոուգ :

Մեր հայրենակիցներից շքանշանակիրների թվում են Շառլ Ազնավուրը, Դավիթ Երեւանցին եւ Լեւոն Սայանը: Բոլորովին վերջերս Արվեստի եւ գրականության շքանշանի ասպետ է դարձել Ֆրանսիայի ամենաանվանի պարֆյումերներից մեկըՙ Ֆրանսիս Քյուրքջյանը, որը մի շարք մոդայիկ ապրանքանիշերի համարՙ Քրիստիան Դիոր, Էսկադա, Ջորջիո Արմանի, Ժան-Փոլ Գոտյե, Վերսաչե, Իվ Սեն-Լորան, Քենզո, բուրմունքներ մշակողն է:

Ռուսաստանում այդ պարգեւին են արժանացել Ալեքսանդր Սոլժենիցինը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Մայա Պլիսեցկայան, Իրինա Անտոնովան, Յուրի Բաշմետը, Յուրի Լյուբիմովը, Վլադիմիր Սպիվակովը, Սերժ Լիֆարը, Պյոտր Ֆոմենկոն, Վասիլի Աքսյոնովը, Գալինա Վիշնեւսկայան Վիկտոր Երոֆեեւը, Նիկիտա Միխալկովը, Վալենտին Յուդաշկինը, Զուրաբ Ծերեթելին եւ նույնիսկ Միխայիլ Գորբաչովը:

Շնորհավորելով Հասմիկ Պողոսյանին, այս համաստեղության մեջ մտնելու համար, ցանկանում ենք նորանոր պարգեւներ եւ հաջողություններ:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4