Վերջերս հասարակական բավական լայն հնչեղություն ստացավ «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի ժամանումը Հայաստան: Երգչախմբի ներկայացվող նպատակը շատ բարի էր եւ գովասանքի արժանի. «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցել» եւ հարգանք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն ցավալիորեն պետք է ընդգծենք, որ դա այցի միայն մեկ երեսն է:
Թերեւս նրանց այցի իրական երեսը չբացահայտվեր, եթե նրանց մեկ կայքէջից չտեղեկանայինք, որ իրականում գալիս են այստեղ իրենց ավետարանական եղբայրներին զորակցելու: Տեղեկացանք նաեւ, որ «Հայաստանյայց առաքելական եկեղեցու ճնշող ազդեցության պատճառով» վերանվանել են իրենց երգչախումբը` «Օկլահոմայի երգող տղամարդիկ», թեեւ իրենց իրական անվանումը «Օկլահոմայի երգող եկեղեցու մարդիկ» է, եւ որ Հայաստանը, ըստ իրենց դիտարկման, որակվում է որպես հակասեմականության տարրեր կրող երկիր:
Նախ նշենք, որ միանգամայն անտեղի են հակասեմականության մեղադրանքները Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Երբեւէ նման կարծիք չի արտահայտել եւ ոչ մի հրեա, եւ ինչպես իրենք են նշում` դեսպանատների բացակայությունը Հայաստանի եւ Իսրայելի տարածքներում ամենեւին էլ չի նշանակում, որ թշնամանք կա երկու ժողովուրդների միջեւ: Ավելին, 2005 թվականին Հայաստան այցելեց հրեա գլխավոր Ռաբբին եւ ջերմ ընդունելության արժանացավ Հայաստանի իշխանությունների եւ Հայ եկեղեցու կողմից: Այսօր Հայաստանում բազմաթիվ խոշոր հրեական ներդրումներ կան, եւ այս պարագային նշել, որ թշնամանք կա երկու ժողովուրդների միջեւ, կարծում ենք, մեղմ ասած, չմտածված կլինի:
Հետաքրքրական է իմանալՙ ո՞րն է նպատակը այս հայտարարության եւ մեղադրանքը Հայաստանի հասցեին, որը բնավ հակասեմականության տարրեր չի կրում, եւ վերջապես, ո՞րն է կապը «Հայաստանի հակասեմականության» եւ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջեւ: Որքանո՞վ է համահունչ այս հայտարարությունը իրենց այն նպատակին, որը դրել են իրենց այցի հիմքումՙ «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցել»: Արդյոք կարելի՞ է նման իրարամերժ գաղափարներով հասնել միության եւ կամուրջների կառուցման:
Ակնհայտ է, որ այս կերպ իրականում փորձ է արվում թշնամություն սերմանելու հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ: Հայ ժողովուրդը մշտապես եղբայրական եւ ջերմ վերաբերմունք է ցույց տվել բոլոր ժողովուրդների հանդեպ, նույնիսկ մեր հանդեպ թշնամանքով տրամադրված հարեւան երկրների` հավատարիմ մնալով քրիստոնեական ոգուն. բացառություն չեն նաեւ հրեաները: Այսօր Հայաստանում գործում է հրեական համայնքը, եւ նման հայտարարությունից առաջ կարելի էր նաեւ այս առնչությամբ հարցնել հրեական համայնքի ղեկավարի կարծիքը` արդյոք Հայաստանում ձուլմա՞ն են ենթարկվել հրեաները:
Առավել տրամաբանված չեն մեղադրանքները Հայ եկեղեցու հասցեին, թե «Հայաստանյայց առաքելական եկեղեցու, ժողովրդի մշակույթի եւ քաղաքականության մեջ գոյություն ունեցող սերտ կապերը սպառնալիք են նոր մեծ առաքելության եկեղեցիների աճի համար»:
Ցանկալի կլիներ, որ մեր «բապտիստ եղբայրները» պարզաբանեին, թե ի՞նչ է նշանակում «մեծ առաքելության եկեղեցիների աճը», ի՞նչ առաքելության մասին է խոսքը` այն, որը դարեր ի վեր մեծ զոհողություններով եւ նվիրումով իրագործում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի կյանքում, թե՞ այն մարդորսական առաքելությունը, որն այսօր իրականացնում է ավետարանական համայնքը Հայաստանում:
Նման անհեթեթ մեղադրանքներից հետո, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը հանդես եկավ հայտարարությամբ, որով մերկացնում էր նրանց իրական նպատակը եւ խստորեն դատապարտում այս նախաձեռնության կազմակերպիչներին, ի մասնավորի հրավիրող կողմին` հայ ավետարանչական համայնքին:
Այս հանգամանքները, անշուշտ, առավել նպաստեցին նրանց «առաքելության» լուսաբանմանը, ինչը նույնպես, թերեւս, տեղ էր զբաղեցնում նրանց հետին նպատակների շարքում, բայց ոչ ներկայացվող:
Եկեղեցին մշտապես հանդես գալով հայրենական սրբությունների եւ արժեքների պահպանության դիրքերից, միանգամայն տեղին` իրականությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ իրականում ոչ թե հարգանք է Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի հանդեպ, այլՙ անարգանք: Հակառակ դեպքում, եթե չքողազերծվեր նրանց իրական նպատակը, ապա կստացվեր, որ մեր ժողովուրդը խաբվել է, թույլ է տվել շահարկել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ համապատասխան կառույցները ուշադիր չեն եղել եւ անտարբերության են մատնել եղելությունը:
Եկեղեցու անդրադարձը ամբողջությամբ քողազերծեց նրանց իրական նպատակը, որը ոչ այլ ինչ էր, քան քարոզչություն, իսկ կրոնական տերմինաբանությամբ` մարդորսություն: Հակառակ դեպքում, նրանք իրենց համերգները չէին ուղեկցի քարոզչությամբ: Ինչով է բացատրվում Քրիստոսի մասին պատմող 50.000 տեսասկավառակների տարածումը բնակչության մեջ կամ նրանց հայտարարությունն այն մասին, որ գալիս են իրենց ավետարանական եղբայրներին զորակցելու, որոնք ինչպես իրենք են որակում` ճնշված են իրենց զգում Հայաստանում:
Ցավալի է, որ այցը ամբողջությամբ նախաձեռնել է Հայաստանի հայ ավետարանական համայնքը` թույլ տալով շահարկել նախնյաց հիշատակը: Հայաստանյայց առաքելական եկեղեցին մշտապես հարգանք է տածել Ավետարանական եկեղեցու հանդեպ, բայց քանի դեռ Ավետարանական եկեղեցին շարունակում է իր առաքելությունը իրականացնել մարդորսությամբ, Հայ եկեղեցին Ավետարանական եկեղեցու գործելաոճը որակում է հերձվածողական:
Այս առիթով միայն կուզեինք հավելել, որ հուրախություն մեզ, հասարակության գրեթե բոլոր շրջանակները միով բանիվ դատապարտում են Ցեղասպանության զոհերի նվիրական հիշատակի շահարկումը: Անշուշտ, ինչպես Հայ եկեղեցին, այնպես էլ հայ ժողովուրդը երախտապարտ են բոլոր ժողովուրդներին, պետություններին եւ կազմակերպություններին, որոնք իրապես հիշում եւ սրտակցում են մեզ Հայոց մեծագույն ողբերգության Ցեղասպանության կապակցությամբ, սակայն երբ հիմքում ընկած են այլ նպատակներ, ապա դա անընդունելի է մեր ժողովրդի համար:
Աղոթք, խունկ, օրհնություն եւ հանգստություն 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիներին:
Տ. ՊԱՐԹԵՎ ԱԲԵՂԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Միաբան Մայր աթոռ Սուրբ, Էջմիածնի