Օբաման արտասանելո՞ւ է ցանկալի Բառը, թուրքերը բացելո՞ւ են սահմանը, իսկ «ճանապարհի քարտեզը» պարտադրելո՞ւ են մեզ... Հայ մարդը, Հայաստանում թե սփյուռքում, այս հարցերն է հնչեցնում ամենից շատ, մանավանդ այսօր, երբ հայությունն ամբողջ ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, սգում Արեւմտահայաստանի եւ հայրենի մյուս տարածքների կորուստը, հայրենազրկո՛ւմը:
Անշուշտ, մարդկային, հողային ու նյութական այդ ահռելի կորուստները, եւ ընդհանրապեսՙ հայ ժողովրդի բնաջնջման ողջ պատմությունը, սկսած 1894-96 թթ.-ի ջարդերից մինչեւ 1921 թ.-ի Ղարսի տխրահռչակ պայմանագիրը, խորապես քաղաքական-ռազմավարական ծրագրերի հաջորդական փուլերն էինՙ նախածրագրված եւ իրականացված պետականորեն: Մակայն այսօր, որքան էլ դժվար լինի յուրաքանչյուր հայի համար հարցի քաղաքական-այժմեական ընկալումից հրաժարվելը, հարկ է այդ ճիգն անել, միայն այսօր:
Քանի որ Ցեղասպանության պատմական-փաստական իրողությունը, ավելինՙ դրա հետեւանքների շարունակական բնույթը, դրանց ընկալումներն անմիջականորեն կախված չեն ո՛չ Բարաք Օբամայի արտասանել-չարտասանելուց, ո՛չ սահմանները բացել-չբացելու թուրքերի շանտաժներից եւ ո՛չ, նույնիսկ, «ճանապարհի քարտեզներից» կամ «ուղեգծերից»: Դա ազգային, մարդկային ու համամարդկային խնդիր է, եւ մենքՙ մեր ժողովուրդը պիտի գիտենա այսօր եւ բոլոր օրերին, արժանապատիվ խոնարհումով սգալ իր մարդկային ու նյութական կորուստները, եւ համայն աշխարհին ցույց տալ, որ ՉԻ՛ ՄՈՌԱՆԱԼՈՒ: Նույնն անելու է նա հետագա օրերին ու տարիներին եւս, իր պատմության հետագա ողջ ընթացքում: Նույնիսկ եթե մի օր ողջ աշխարհը, ներառյալ Թուրքիան եւ թուրք ժողովուրդը, խոստովանի, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն փաստ է, այլեւ իրենք ժխտել, ուրացել, խուսափել են այդ փաստը ընդունելուց, խոստովանելուց: Սգո երթերն ու խոնարհումի արարողությունները, վերջապես հիշողությունը տեւական են լինելու մեր ազգի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ Ոճրագործների ժառանգները ոչ միայն պաշտոնապես ընդունած կլինեն իրենց հանցանքը, այլեւ արդար հատուցում կատարած կլինեն հայ ժողովրդին:
Այսօր սգո եւ արժանապատիվ խոնարհումի օր է:
Քաղաքական զարգացումների մասին կխոսենք հետագա օրերին:
Դրանք խիստ կարեւոր են, միաժամանակ խիստ մտահոգիչ թե՛ իրենց, օգտագործելով միջազգային բառը, թայմինգով, թե՛ իրենց անբաղձալի առնչակցություններով եւ թե հավանական ճնշումներով: Այսօր ուրի՛շ օր է: