Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առիթով տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «1895-ից սկսած Թուրքիայի իշխանությունները հայերի նկատմամբ վարել են ծրագրված կոտորածների քաղաքականություն, ցանկանալով ոչնչացնել քրիստոնյա մի ժողովրդի, որը ապրելով իր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում, համառորեն դիմադրում էր թուրքացման փորձերին, եւ Թուրքիայի իշխանությունների կողմից ընկալվում էր որպես անցանկալի տարր, որը խանգարում է թուրքերի ներխուժմանը Ռուսաստանի տարածք: Կոտորածները մեծ չափերի հասան Առաջին աշխարհամարտի տարիներին: Հայերին մեղադրելով Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ, 1915-ի ապրիլի 24-ին թուրքերը ձերբակալեցին եւ գազանաբար սպանեցին հայ ժողովրդի մտավորականության 800 ներկայացուցիչների: Մինչեւ 1923 թվականը Ցեղասպանությանը զոհ գնացին մոտ 1.5 մլն հայ»: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Ցեղասպանության զոհերին եւ իր բողոքն է արտահայտում Թուրքիայի դեմ, որը հրաժարվում է ընդունել իր կատարած չարագործությունը: Սակայն մեր պայքարում մենք միայնակ չենք, աշխարհի 20 երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը եւ առաջիններից մեկը դրանց թվում Ռուսաստանն է: 1995-ին Ռուսաստանի Պետդումայի միաձայն ընդունած հայտարարության մեջ ասվում է, որ եղբայրական հայ ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական հայրենիքում կատարվել է, որպեսզի պայմաններ ստեղծվեն Ռուսաստանի ոչնչացման համար»:
Հայտարարության վերջում նշվում է, որ «Հայ ժողովուրդը ձգտում է կոնստրուկտիվ հարաբերությունների թուրք ժողովրդի հետ, սակայն, որպեսզի դա հաստատվի, հարկավոր է, որ Թուրքիան պաշտոնապես ընդունի եղելությունը եւ վերականգնի պատմական արդարությունը: Առանց զղջման չկա ներում, առանց ներման չկա վստահություն, առանց վստահության չկա բարիդրացիական հարաբերություն»: