«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՄՆ-Ն ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Հույս ունենք, որ նախագահ Օբաման կկատարի իր խոստումն ու այսօր կարտասանի ցեղասպանություն բառը», նկատում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը : Մամուլի ազգային ակումբում կայացած հանդիպման ժամանակ ներկայացնելով համագումարի վերջին մեկ տարվա աշխատանքը, Վարդանյանը նշում է, որ ամբողջ տարի աշխատել են ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների, հայ համայնքի, Օբամայի վարչակազմի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնա իրականություն:

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, ցեղասպանության իրողությունը փաստ է, պատմություն, որ գիտի նաեւ Թուրքիան», նկատում է նա: Վերջինիս խոսքերով ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց ԱՄՆ-ին, որովհետեւ դա իր պատմությունն է: «Ուզում եմ, որ ԱՄՆ-ն ընդունի իր պատմությունը: Ուզում եմ, որ ԱՄՆ-ն ճանաչի ԱՄՆ-ի հպարտ եւ ողջունելի քայլերն այդ ժամանակ: Ուզում եմ, որ ԱՄՆ-ն ճանաչի դեսպան Մորգենթաուի գործերը (բանախոսը նկատի ունի, որ 1915-ին տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ հազարավոր հայեր իրենց հանգրվանը գտան ԱՄՆ-ում)», ընդգծեց Վարդանյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը, Վարդանյանը նկատեց, որ սահմանի բացումը «կտանի դեպի լավը»:

Արփի Վարդանյանը նաեւ անդրադարձավ իրենց ներկայացրած 252 բանաձեւին` շեշտելով, որ ամերիկացի 101 կոնգրեսական արդեն ստորագրել է փաստաթուղթըՙ դատապարտելով դարասկզբին Թուրքիայի կատարած ոճրագործությունը: «Ամեն ինչ հնարավոր է», այսպիսին էր Արփի Վարդանյանի պատասխանը հարցին, թե հնարավո/ր է, որ այս տարի բացվի հայ-թուրքական սահմանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4