«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ԵՍ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՄ ՀԱՅՈՒ

Նամակ ԱՄՆ նախագահին

Ապրիլի 24-ինՙ Ցեղասպանության 94-րդ տարելիցի առիթով շատ սփյուռքահայեր գալիս են Հայաստան: Նրանց թվում է նաեւ Քուվեյթից ժամանած գործարար, ազգային բարերար Կիրակոս Գույումճյանը: Վերջինիս բարեգործությունների մասին «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք ամիսներ առաջ, երբ տեր եւ տիկին Գույումճյանները այցելել էին Հայաստան: Նպատակը մեկն էրՙ իրենց հովանավորությամբ ամբողջովին վերակառուցված Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղի դպրոցի բացման արարողությանը մասնակցելն էր: Ի դեպ այդ դպրոցը անվանակոչվեց ի հիշատակ իր հանգուցյալ հորՙ Ներսես Գույումճյանի:

Կիրակոս Գույումճյանը երեկ այցելել էր «Ազգի» խմբագրատուն: Նրա հետ զրույցից տեղեկացանք, որ երբ նրանք ընտանյոք Արցախ էին գնում, ամբողջ ճանապարհին հուզվել են ու մտատանջվել, որ մեր սուրբ լեռըՙ Արարատը, հայ ժողովրդի ամենանվիրական գագաթը, որին անթիվ ու անհամար երգեր, բանաստեղծություններ են ձոնվել, այդքան մոտ է եւ այդքան հեռու: Եվ Արարատ լեռան փեշով, մեքենայով անցնելուց երազել է տեսնել այն օրը, երբ բռնադատված սուրբ լեռը կվերադարձվի հայերինՙ իր տիրոջը: Եվ ահա այդքան մոտ Արարատին լինելով, նա գրել է «Արարատ» հոդվածը, որը տպագրվել է Քուվեյթի «Քաբաս», Լիբանանի «Նահար» արաբական թերթերում, իսկ թարգմանաբար Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ», «Զարթօնք» թերթերում: Բերեմ այդ հոդվածից միայն մի հատված. «Ծանօթ իրողութիւն է բոլորին, թէ այս վեհ գագաթը հայկական լեռան սեփականութիւնն է, բացի վերջին 80 տարիներուն, երբ կարգ մը բռնադատուած պատճառներու հետեւանքով, լեռն ու անոր գագաթը յանկարծ դարձան թրքական: Անոր բռնագրաւումէն ետք, մեր պապենական հայրերէն մնացած հողամասերու հետ միասին, եւ դարձաւ թրքական, նոր գծուած սահմանէն դուրս, ներկայ Հայաստանէն մէկ ոտքի չափ հեռաւորութեամբ...»: Հոդվածի հրապարակումից անմիջապես հետո Քուվեյթից թուրք դեսպան Շաքեր Ֆակիլին հենց այդ նույն «Քաբաս» թերթում պատասխանում է. «Ես կկարծեի, որ հոդվածագիրը գովերգում է մեր թրքական Աղրի լեռը, սակայն նկատեցի, որ գրողը շատ խորամանկ ձեւով պահանջատիրություն կներկայացնե, որ Արարատը ելլե թրքական սահմաններէն եւ ըլլա հայերուն: Դա միջազգային կանոններուն հակառակ է եւ այդ սահմանները գծված են Կարսի 1921-ի պայմանագրով եւ դա անկարելի է, որ փոխվի: Պետք չէ նման հարցեր բարձրացվի, որովհետեւ հիմա հայ-թրքական հարաբերությունները զարգանալու եւ փոխվելու վրա են եւ այդ տեսակ նյութերը կխանգարեն հարաբերություններուն...»:

Կիրակոս Գույումճյանը նամակ է գրել Ամերիկայի նորընտիր նախագահ Բարաք Օբամային, որի մասին մեզ պատմեց. «Բարաք Օբամային նամակ գրելուս պատճառը, իրականության մեջ, իմ նպատակս էր իմ լուման դնել այդ արշավին մեջ, որ բոլոր հայերս մասնակցած ենք եւ յուրաքանչյուրը իր կարողության սահմաններուն մեջ կուզե, որ օգտակար ըլլա ազգին եւ հայրենիքին: Հիմա ազգը եւ հայրենիքը հետաքրքրող կարեւորագույն վիճակներէն մեկն է, ԱՄՆ նախագահի ապրիլ 24-ի առթիվ ընելիք հայտարարությունը: Քանի որ ադիկա մեծ նշանակություն ունի Հայ դատի եւ Ցեղասպանությունն ընդունելու ասպարեզի մեջ, պետք է որ ամեն մեկն իր կարողության չափով գործեր: Ես ալ իմ լուման բերի մարտի 24-ին գրելով նամակը ու զայն պաշտոնական խողովակով ուղարկեցի Բարաք Օբամային. «Ապրիլի 24-ը սգատօնն է այն ցաւալի դէպքին, որուն զոհ գացին մէկուկէս միլիոն անմեղ հայորդիներ, պարզապէս որովհետեւ մեր հայրենիքը կը գտնուի թուրանական ցեղային ծաւալապաշտ ախորժակները արգելակող շրջանի մէջ: Թոյլ տուէք յայտնելու, թէ այս աղէտը դժբախտաբար ցարդ իր պաշտօնական պատշաճ ճանաչումը չգտաւ ձեր պետութեան կողմէ, հակառակ որ այդ մէկը կատարեցին աշխարհի 20 պետութիւններ ու ամերիկեան աւելի քան 30 նահանգներ, ինչպէս նաեւՙ ձեր պատկառելի ծերակոյտին մեծամասնութիւնը, որ կը զօրակցի մեր արդար դատին»:

Պարոն Գույումճյանը հույս հայտնեց, որ հարցը 80 տոկոսով կլուծվի. «Հակառակ անոր, որ նախագահ Օբամայի այցը Անկարա եւ ունեցած երկու ելույթներում չհիշեց ցեղասպանությունը իր անունով, սակայն նմանօրինակ խոսքեր ըրավ. «Հայը եւ հայուն դատը» երկու անգամ անուղղակի ձեւով հիշեց: Ես իրականության մեջ ադիկա հաղթանակ կհամարեմ եւ կկարծեմ, որ իմ նամակիս պատասխանն էր, ինչպես որ ինձի պես հարյուրավորներ կկարծեն նույնը»: Նամակի վերջում պարոն Կիրակոսը առաջարկել է նախագահ Օբամային Թուրքիա այցելելուց հետո Հայաստան էլ այցելել. «Քանի մը քայլ անդին կգտնվի, մեզի շնորհելով ձեզ հյուրընկալելու պատիվը»:

Զրույցի ավարտին պրն Կիրակոսը շեշտեց, որ այս անգամ հատուկ եկել է մասնակցելու ապրիլի 24-ի ջահերով երթինՙ «ժողովրդի թիվը մեկ հատով ավելցնելու համար, որպեսզի մեր Հայ դատն ավելի առաջընթաց ունենա»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4