«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԹԱԼԵԱԹԻ «ՍԵՎ ԳՐՔՈՒՄ»

«Ազգը» մարտի 27-ի եւ ապրիլի 10-ի համարներում արդեն հաղորդել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշայի «Սեւ գրքի» վերահրատարակման լուրը: Դա, ըստ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանի, «ամենակարեւոր փաստագրությունն է» 1915-17 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք, ինչպես խոստացել էինք, մանրամասնություններ այդ եզակի հրատարակության մասինՙ քաղված «Արմինյն ռիփորթըր» թերթի մարտի 13-ի համարում տպագրված Սարաֆյանի հոդվածից:

Թուրքական արխիվներում հայերի տեղահանությունների վերաբերյալ արձանագրությունների բացակայությունը զարմանալի էր, քանի որ օսմանյան կանոնադրության համաձայնՙ օսմանցի պաշտոնյաները պարտավոր էին մանրամասն գրառումներ թողնել ոչ միայն տեղահանությունների, այլեւ նրանց վերջնակետի եւ թողած ունեցվածքի մասին: Թալեաթի «Սեւ գրքի» 77 էջերը բազմաթիվ հարցերի են պատասխանում: Եվ ամենակարեւորըՙ տալիս են ստույգ վիճակագրական տվյալներ կոտորածների ենթարկված 29 շրջանների (վիլայեթների եւ սանջաքների) վերաբերյալ:

Ըստ Թալեաթի ծանոթագրությունների, 1914 (1330) թվի մարդահամարի տվյալներով, 1,187,818 հայեր պատկանել են Գրիգորյան (առաքելական) եկեղեցուն, իսկ 63,967-ըՙ կաթոլիկ եկեղեցուն: Բողոքականների մասին խոսք չկա: Բայց այս թվերը անշուշտ թերի են առնվազն 30 տոկոսով: 1917-ին «անհետ կորածներ» պետք է համարել սպանվածներին եւ բռնագաղթի ճանապարհին զոհվածներին:

Թալեաթ փաշայի նշած մանրակրկիտ տվյալները դեմ են դուրս գալիս թուրքական պաշտոնական այն պնդումներին, թե տեղահանությունները կանոնավոր ձեւով էին ընթանում, մարդիկ անվնաս հասնում եւ տեղավորվում էին Դեր Զորում: Նաեւ ցույց են տալիս, որ Կոստանդնուպոլսից դուրս գտնվող հայերի 90 տոկոսը տեղահանվել է եւ նրանցից 90 տոկոսըՙ սպանվել: Եզրակացությունը մեկն է. բռնագաղթը հավասարազոր էր մահապատժի, ինչպես ճշգրտորեն բնութագրել են Մ. Նահանգների հյուպատոսարանի զեկույցները:

Ըստ այդ վիճակագրության, պատկերը հետեւյալն է. (ներկայացնում ենք ընդամենը 15 շրջանների տվյալները

ՎայրըՀայ բնակչության թիվը 1914 թ.Տեղահանվ.-ի թիվըՏեղահանվ.-ի տոկոսըՏեղահանվ.-ից անհետ կորածների տոկոսը 1917-ին
Անկարա44,66131,8957186
Իզմիր56,11552,2359382
Էսկիշեհիր8,6207,3628585
Աֆիոն-Քարահիսար7,4985,2647072
Քայսերի (Կեսարիա)47,97441,3248684
Ադանա51,72339,4607650
Մարաշ27,30621,1917891
Սվազ141,000132,9039497
Ուրֆա15,61614,4729397
Էրզրում125,657125,65710097
Բիթլիս114,704114,70410099
Վան67,79267,792100100
Դիարբեքիր56,16656,16610097
Տրապիզոն67,54937,54910099
Էլյազըղ70,06070,06010097

Ի դեպ, Թուրքիայում այդ թվերին Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերի («Բոսֆորի վերաբերյալ Մ. Նահանգների դիվանագիտությունը: Հ. Մորգենթաուի օրագրերը: 1913-16 թթ.», կազմեց եւ նախաբանը գրեցՙ Արա Սարաֆյանը: Կոմիտաս ինստիտուտ, 2004 թ.) 1915-ի օգոստոսի 8-ի գրառումներում կարդում ենք. «(Թալեաթ) նշեց, որ արդեն ձերբազատվել են նրանց (հայերի) երեք չորրորդից, եւ Բիթլիսում, Վանում, Էրզրումում նրանցից ոչ մեկը չի մնացել: Իսկ ատելությունը այնքան սաստիկ է, որ նրանք ավարտին կհասցնեն այն: Ես 3 անգամ շեշտեցի, որ նրանք լուրջ սխալ են թույլ տալիս եւ անպայման կզղջան դրա համար: Նա ասաց. «Մենք գիտենք, որ սխալներ ենք գործել, բայց մենք երբեք չենք զղջա դրանց համար»:

1917-ին նույնիսկ այն հայերը, որոնք Դեր Զորում նահանգային կառավարիչ Ալի Սուադ բեյի ջանքերի շնորհիվ փրկվել էին ու ողջ մնացել, ձերբակալվեցին ու կոտորվեցին, երբ նոր կառավարիչ նշանակվեց Թալեաթի կամակատարներից մեկը:

Ավելացնենք, որ Արա Սարաֆյանը պատմաբան է, մասնագիտացած հատկապես Օսմանյան կայսրության վերջին շրջանի եւ Հայաստանի արդի շրջանի պատմության մեջ:

Թարգմ. եւ հրատ. պատրաստեց

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


Նկար 2. Օսմանյան կայսրության 1917-ի այս քարտեզի վրա շրջանակները ցույց են տալիս հայ բնակչության քանակը վարչական զանազան վիլայեթներում կամ սանջաքներումՙ ըստ 1914-ի մարդահամարի: Բնակչության տեղահանված եւ 1917-ին անհետ կորած համարվածների տոկոսային համաչափությունը ներկայացված է մուգ սեւով: Չտեղահանվածներինըՙ մուգ մոխրագույնով, իսկ այլ վայրերում (օրինակՙ Սիրիայում) գտնվող մազապուրծներինըՙ բաց մոխրագույնով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4