Արաբ ականատես վկաներ
Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս են տեսել բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, քաղաքագետների եւ հասարակական գործիչների ասույթներ, գեղարվեստական տարբեր ժանրերի ստեղծագործություններ, սակայն հրատարակված այդ հսկայական գրականության մեջ բացակայել է ժողովրդի ձայնըՙ պատմական հիշյալ իրադարձություններից անմիջական տպավորություններ ստացած ականատես-վկա վերապրողների պատմած հուշերն ու հաղորդած ժողովրդական երգերը, որոնք եւս պատմաճանաչողական, փաստավավերական եւ սկզբնաղբյուրային կարեւոր արժեք են: Քանի որ հայ ժողովուրդն ի՛նքն է կրել այդ բոլոր անասելի տառապանքները, հետեւաբար, ժողովուրդն ի՛նքն է այդ զանգվածային քաղաքական ոճրագործության առարկան: Եվ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես եւ այս պարագայում պետք է հենվել նաեւ ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայ դատի արդարացի լուծման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Տակավին 1955 թվականից, երբ Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսել չէր կարելի, երբ մազապուրծ վերապրած ականատես-վկա տարագիր հայրենադարձները հանիրավի զրպարտվելու եւ աքսորվելու ահուդողի մեջ էին ապրում, եսՙ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողս, արհամարհելով ամեն կարգի դժվարություն եւ գիտակցելով ժողովրդական բանավոր ավանդության այդ կարգի նյութերի պատմագիտական եւ փաստավավերագրական արժեքը, սկզբում արեւմտահայի արյան կանչով եւ անձնական նախաձեռնությամբ, իսկ 1960 թվականիցՙ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի, 1995 թվականից` նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանու ներքո, գիտական այլ աշխատանքներին զուգահեռ, ամառվա կիզիչ արեւին, ձմեռվա ցուրտ սառնամանիքին, թաղից թաղ, գյուղից գյուղ ոտքով շրջելով, Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վկաներին որոնել-գտնելով, նրանց հոգեբանորեն մոտենալով, առանց կողմնակի հարցերով շեղելու նրանց ուշադրությունը, թողնելով ազատ արտահայտել իրենց անմիջական տպավորությունները, գրի եմ առել (նաեւ` ձայնագրել ու տեսագրել) նրանց պատմած սահմռկեցուցիչ հուշերը, տպավորիչ զրույցներն ու պատմական տարաբնույթ երգերը: Հայոց ցեղասպանության ականատես վերապրողներից գրի առածս սկզբնաղբյուրային այդ վկայությունները` ծավալուն պատմաբանագիտական ուսումնասիրություններով, ՀՀ ԳԱԱ հրատարակչության կողմից տպագրվել են ինչպես հայերեն, նույնպես եւ օտար լեզուներով իմ մի շարք աշխատություններում [Սվազլյան Վերժինե, Մուսա լեռ, Երեւան, 1984: Կիլիկիա. Արեւմտահայոց բանավոր ավանդությունը, Երեւան, 1994: Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում, Երեւան, 1997, 1999, 2005 (հայ., ռուս., անգլ., իսկ թուրք.` Ստամբուլում): Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երեւան, 2000: Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը, Երեւան, 2003-2005 (հայ., անգլ., ֆրանս., գերմ., ռուս., իսկ թուրք.` Ստամբուլում)]:
Ժողովրդական այդ նյութերը հաղորդած ականատես-վկաները գերազանցապես ավագ սերնդի ներկայացուցիչներն են (ավագագույն վերապրողը ծնվել է 19-րդ դարում` Մարիցա Փափազյան (ծնվ. 1874-ին, Սամսուն)ՙ իրենց պատմական բնօրրանից բռնի կերպով արտաքսված հայերը, որոնք 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում տարագրվել են Արեւմտահայաստանից, Կիլիկիայից (1921 թ.) եւ Անատոլիայի հայաբնակ գավառներից (1922-ի Իզմիրի աղետ):
Պատմական այդ իրադարձությունների ընթացքում արեւմտահայության զգալի մասը (ավելի քան 1,5 միլիոն) անխնա բնաջնջվել է, իսկ աքսորի ճամփաներին կողոպտված, ունեզրկված եւ ուժասպառ, հրաշքով փրկվածները, գաղթի զրկանքները ճաշակելով եւ ճամփին բազմաթիվ զոհեր տալով, հասել են Արեւելյան Հայաստան կամՙ սփռվել աշխարհի տարբեր երկրներ: Հետագայում այդ մնացորդաց որոշ մասը Թուրքիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Եգիպտոսից, Բալկանյան երկրներից եւ ԱՄՆ-ից պարբերաբար ներգաղթել են Արեւելյան Հայաստան եւ բնակություն հաստատել իրենց երբեմնի բնօրրանների հիշատակները խորհրդանշող Երեւանի մերձակա նորակառույց թաղամասերում (Այգեստան, Սարի թաղ, Շենգավիթ, Նոր Բութանիա, Նոր Արեշ, Նոր Կիլիկիա, Նոր Արաբկիր, Նոր Զեյթուն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Մարաշ), ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում (Նոր Խարբերդ, Նոր Կեսարիա, Նոր Հաճըն, Նոր Այնթապ, Նոր Մուսա լեռ, Նոր Եդեսիա (Ուրֆա), Էջմիածնում (այժմ` Վաղարշապատ), Հոկտեմբերյանում (այժմ` Արմավիր), Արարատում, Թալինում, Հրազդանում, Լենինականում (այժմ` Գյումրի), Կիրովականում (այժմ` Վանաձոր) եւ այլուր):
Ավելի քան 50 տարիների ընթացքում իմ հետեւողական պրպտումներով, ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, նույնպես եւ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ եւ Թուրքիա կատարած իմ անձնական կամ գիտաժողովային կարճատեւ ուղեւորությունների ընթացքում մշտապես որոնել, հայտնաբերել եմ Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսների ավագ, միջին եւ կրտսեր սերունդների ներկայացուցիչներին, մոտիկից ծանոթացել նրանց հետ, թափանցել նրանց հոգու խորխորատները:
Տեղի տալով իմ թախանձագին հորդորներինՙ նրանք, պոռթկացող հուզումով կրկին վերապրելով իրենց տխուր անցյալը, արցունքախառն հեկեկոցներով սկսել են պատմել իրենց հիշողության մեջ անթեղած սրտամորմոք հուշերը, թե ինչպես երիտթուրքական ոստիկանները բռնի տեղահանել են իրենց պապենական շեն բնօրրանից եւ իրենց աչքերի առաջ հոշոտել իրենց ծնողներին ու հարազատներին, պատվազրկել իրենց մայրերին ու քույրերին, քարերով ճխլել նորածին մանուկներին...
Ականատես-վկաների պատմած հուշերն ընդգրկում են տարբեր թեմաներ: Դրանցում արտացոլված են հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրանց նահապետական առօրյա կենցաղն ու սովորույթները, նրանց ապրած ժամանակաշրջանըՙ հասարակական-քաղաքական կյանքի պայմանները, նշանակալից պատմական իրադարձությունները, երիտթուրքական կառավարության պարագլուխների (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Նազիմ, Բեհաետտին Շաքիր) գործադրած դաժանությունները (հարկահավաք, զորահավաք, զինահավաք, ողջակեզ, բռնագաղթ, ջարդ, կոտորած), նրանց կազմակերպած բռնի տեղահանությունները դեպի ամայի անապատներ (Դեր էլ Զոր, Ռաս ուլ Այն, Ռաքքա, Հոմս, Համա, Մեսքենե, Սուրուճ...), հայերի կրած անասելի տառապանքները (քայլք ուժասպառվելու աստիճան, ծարավ, քաղց, համաճարակ, մահվան սարսափ...), ինչպես նաեւ արեւմտահայ տարբեր հատվածների մղած արդար ու ազնիվ ոգորումներն ընդդեմ բռնությանՙ պաշտպանելու համար իրենց ապրելու տարրական իրավունքը (1915 թ. Վանի հերոսամարտ, Շատախի, Շապին-Գարահիսարի, Սասունի գոյամարտեր, Մուսա լեռան եւ Եդեսիայի (Ուրֆա), ավելի ուշՙ 1920-1921 թթ. Այնթապի, Հաճընի հերոսամարտեր), այդ ինքնապաշտպանական մարտերի ազգային հերոսներ (շապինգարահիսարցի Անդրանիկ Օզանյան, վանեցի Արմենակ Եկարյան, Մեծն Մուրադ [Համբարձում Բոյաջյան], մուսալեռցի Եսայի Յաղուբյան, ուրֆացի Մկրտիչ Յոթնեղբայրյան, այնթապցի Ադուր Լեւոնյան, զեյթունցի Արամ Չոլաքյան, ազգային վրիժառու Սողոմոն Թեհլերյան) եւ բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ հայորդիներ, որոնք ժողովրդական զանգվածների հետ միաձուլված պայքարել են, նահատակվել, նաեւ` դիմակայել ու վերապրել:
Իմ գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական նյութերն ընդգրկում են Արեւմտահայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի հայաշատ ավելի քան 100 բնակավայրերից բռնագաղթած, ապա Երեւանի արվարձաններում եւ Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Սփյուռքում բնակեցված վերապրողների հաղորդած վկայությունները, որպեսզի առավել ամբողջական պատկերացում տրվի աշխարհով մեկ սփռված արեւմտահայության անցյալի եւ նրա պատմական հավաքական հիշողության մասին:
Նմուշի համար ընդգրկել եմ նաեւ որոշ արաբ ականատեսների վկայություններ, որոնք իրենց հեթին նույնպես հաստատում եւ հիմնավորում են Հայոց ցեղասպանության ստույգ փաստերը: 1999-ին պատմական գիտությունների թեկնածու, դամասկոսաբնակ Նորա Արիսյանը հարցազրույց է ունեցել Սիրիայի արաբ բեդվին անապատականների հետ: Նա տեսաերիզը հանձնել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվին: Այս եւ հետագա չորս վկայությունները ես վերծանել եւ թարգմանաբար ներկայացնում եմ ստորեւ:
Այսպես, արաբ անապատական, Հայոց ցեղասպանության ականատես վկա Ալ Գըհըմը (ծնվ. 1880-ին, Ռաքքա) վկայել է. «Ես արդեն 119 տարեկան եմ: Ծնվել եմ Ռաքքայում: Ես լավ եմ հիշում խեղճ աքսորական հայերի տառապանքները: Նրանք բռնի վտարված էին իրենց հայրենական տներից եւ քայլելով, անոթի, ծարավ, հասել էին մինչեւ մեր սիրիական անապատներըՙ Եփրատ գետի ափը: Թուրք մսագործները խաբել էին այդ հայերին, թե նրանք շուտով պիտի վերադառնան իրենց տները, բայց նրանց տարան Ռաքքայի պարիսպի հետեւը եւ սպանեցին: Նրանցից միայն յոթ հայ ընտանիք փրկվեց, որոնց մեր արաբները օգնել էին փախչել եւ ապաստան տվել իրենց վրաններում» [Svazlian, Verjine. The Armenian Genocide. Testimonies of the Eyewitness Survivors (տպագրությունըՙ ընթացքի մեջ): Վկայություն 302]:
Վերհիշելով հայ աքսորականների ողբերգական վիճակը` արաբ կին անապատական Բաթրան (ծնվ. 1906-ին, Դեր էլ Զոր) միաժամանակ բնութագրել է հայ տառապյալ կանանց. «Ես 93 տարեկան արաբ անապատական մըն եմ: 1915 թ. ինը տարեկան էի եւ լավ կհիշեմ, թե ինչպես հայ աքսորականներու կարավաններն իրար հետեւից ուժասպառ հասնում էին Դեր Զոր: Նրանք տանջված էին, սոված, ծարավ, ցնցոտիներու մեջ ու ոտաբոբիկ: Նրանք եկան եւ հավաքվեցին Դեր Զորի կամուրջի մոտ: Մենք տեսնում էինք, թե ինչպես թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում էին: Ողջ մնացած կանայք ստիպված ամուսնացան մեր արաբ անապատական շեյխերի եւ գյուղապետների հետ: Նրանք դարձան ընտանիքի լավ մայրեր: Նրանց մեծ մասը հավատափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ: Մենք հիացած էինք հայ կանանց գեղեցկությամբ: Նրանք սքանչելի աչքեր ունեին: Բացի այդ, նրանք հավասարակշռված էին, հնազանդ ու պատվավոր: Նրանք երբեք չմուրացին: Թուրքերը հայերին ցրեցին սիրիական անապատները, իսկ արաբները, մեղքանալով նրանց, հավաքեցին» [Վկ. 306]:
Իսկ Հաբ Ալին (ծնվ. 1905-ին, Ռաս ուլ Այն) իր վկայության մեջ նշել է, թե ինչպես ինքը փրկել է մի քանի հայերի, նաեւ հիշատակել է մի շարք արաբ ցեղախմբերի, որոնք եւս մարդկայնորեն օգնել են հայ տառապյալ աքսորյալներին. «Ես 1915-ին մոտ տասը տարեկան էի եւ լավ եմ հիշում տառապած աքսորական հայերին: Նրանք հոգնած, ուժասպառ, կիսամերկ ու արյունլվա եկան հասան Ռաս ուլ Այն: Ես նրանց մի քանիսին տարա, թաքցրեցի մի մեծ փոսի մեջ, եւ նրանք փրկվեցին իրենց հետապնդող թուրք ոստիկաններից: Սիրիական մի շարք աշիրաթներ եւս օգնեցին այդ հայերին: Այդ բարի արաբներից էին Շանմարը, Բակկարան, Ուբադան, Աջուբեն, Հարփը, Ալ Մուհամեդը, Ալ Հասանը, Ալ Ուդուան, Ժաբրան, Զուբեյդը, որոնք նույնպես շատ հայ կիների եւ մանուկների թաքցրեցին իրենց ընտանիքներում եւ փրկեցին մահից: Հեծյալ թուրք ժանդարմներն ու զինվորները, հայ աքսորականների հետեւից գալով, նրանց ստիպում էին առանց դադարի քայլել: Չեչենները, քրդերը եւ նույնիսկ թուրք զինվորները հարձակվում էին նրանց վրա, դանակներով, կացիններով հարվածում էին, իսկ արաբները երբեք հայերին մատո՜վ անգամ չեն դիպած» [Վկ. 304]:
Հուսահատ հայ կանայք ստիպված ամուսնացել են շեյխերի կամ արաբ գյուղապետների հետ: Այդ մասին է վկայել արաբ անապատական Աբդուլ Ղաֆուրը (ծնվ. 1915-ին, Ռաս-ուլ-այն). «Իրենց պատմական հայրենիքից բռնի կերպով տեղահանված հայերը, ծայր աստիճան ուժասպառ հասնելով Ռաս ուլ Այն, կամա, թե` ակամա իրենց կյանքը փրկելու համար ծառայեցին արաբների տներում: Նրանց կանայք գեղեցիկ աչքեր ունեին եւ շատ աշխատասեր էին: Այդ կանայք ստիպված ամուսնացան մեր անապատական շեյխերի կամ գյուղապետների հետ: Անոնց մեծ մասը կրոնափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ: Բացասական հետեւանքները հայտնվեցին ժամանակի ընթացքում` կամաց-կամաց նրանց հոգեբանության մեջ ստեղծելով տխուր ապրումներ եւ հոգեկան տանջանք: Հետագայում նրանք փորձեցին փնտրել եւ գտնել իրենց ողջ մնացած հարազատներին, կապ պահպանել նրանց հետ, միաժամանակ, որպես պարկեշտ կանայք` ընդունելով իրենց նոր կյանքը, ընտանիքը եւ զավակները: Մի հայ աղջիկ, որի հորն ու մորը սպանել էին թուրքերը, աքսորի ճամփաները քայլել էր իր երկու փոքր եղբայրների հետ: Հոգնած ու սպառված, եղբայրները ճամփին մահացել էին, իսկ ինքը միայնակ հասել էր Ռաս ուլ Այն եւ հուսահատ ամուսնացել Շամմա աշիրաթի շեյխի հետ: Նա ծնել է ինձ` դառնալով իմ ու իմ քույր, եղբայրների հոգատար եւ սիրելի մայրը» [Վկ. 305]:
Հետեւաբար, ինչպես սիրիական անապատում, նույնպես եւ Թուրքիայի տարածքում, իրենց լեզուն կորցրած, իրենց անունները փոխած, նույնիսկ հավատափոխ եղած բազմաթիվ հայերի սերունդներ մինչեւ օրս գոյատեւում են` հիշելով իրենց նախնիների ազգային ինքնությունը:
Այնպես որ, պատմական ցավալի իրողությունն անժխտելի փաստ է եւ ենթակա չէ որեւէ կասկածի:
Ուստի ժամանակն է, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետության կառավարությունը եւս քաջությունն ունենա ոչ միայն ճանաչելու ինչպես գրավոր, նույնպես եւ բանավոր փաստերով հիմնավորված, ապացուցման կարիք չունեցող, պատմական այդ բացահայտ ճշմարտությունը, այլեւ դատապարտի կատարվածը եւ հատուցի հայ ժողովրդի բարոյական, նյութական եւ տարածքային կորուստները` պատմական այն իրողության, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն:
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Նկար 1. Վ. Սվազլյանըՙ Հայոց ցեղասպանությունից վերապրած Մարիամ Բաղդիշյանի (ծնվ. 1909 թ.) հուշերն ու երգերը գրի առնելիս:
Նկար 2. Բաշիր Էլ Սաադի (1901 թ., Ռաքքա)