Երեկ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիպեց լրագրողների հետ ու ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում թանգարանին նվիրաբերած մի քանի հարյուր նոր բացառիկ նյութեր, որոնցից շատերը տեղ են գտել թանգարանի հիմնական ցուցադրության շարքում: Բացի այդ, թանգարանը նվիրատվության կարգով ստացել է երեք խոշոր հավաքածուներ, որոնք ներառում են հարյուրավոր եզակի նյութերՙ արեւմտահայերի կենցաղի, ընտանեկան կյանքի, կենսագործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ Մեծ եղեռնին առնչվող ու դրա հետեւանքները լուսաբանող վավերագրեր ու եզակի հրատարակություններ: Դրանց շարքում առանձնահատուկ կարեւորություն ունեն նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյոռնի ձեռագիր հուշագրությունները եւ նամականին, որոնք ներկայացնում են Մուշի հայ բնակչության դեմ թուրքական բանակի իրականացրած զանգվածային կոտորածներն ու Սիրիայում նրա որբախնամ գործունեությունը:
Թանգարանի ջանքերով, վերջերս հայտնաբերվել եւ թվայնացվել են շուրջ 250 բացառիկ լուսանկարների բացառիկ ապակե կրիչներ, որոնք ներկայացնում են Սիրիայումՙ Եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերող դրվագներ ու փաստեր: Ձեռք բերված նյութերից թանգարանի տնօրենը առանձնացրեց շատ կարեւոր ու հազվագյուտ մի գիրք, որը գրել է 1919 թ. Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանը: Վերջինս ծնունդով Խարբերդի նահանգի Չմշկածագ գյուղաքաղաքից է եղել ու հրաշքով փրկվել է կոտորածից: Մեկ տարի անց ԱՄՆ-ում նկարահանել է գեղարվեստական ֆիլմՙ 85 րոպեանոց, գրքի նյութերի հիման վրա: Ցավոք այժմ այդ ֆիլմից միայն 20 րոպեն է հնարավոր եղել ԱՄՆ-ի արխիվներից ձեռք բերել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ