«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ «ԱՆԻԾՅԱԼ ՏԱՐԻՆԵՐԸ» ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Լոնդոնում է գործում «Կոմիտաս» ինստիտուտը: Այն զբաղվում է նաեւ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի թարգմանություններով ու հրատարակությամբ: Ինստիտուտի իրականացրած հերթական հրատարակությունը հայ անվանի գրող-երգիծաբան Երվանդ Օտյանի (1869-1926 թթ.) «Անիծյալ տարիներ: Իմ տարագրությունը եւ վերադարձը Տեր Զորից, 1914-1919 թթ.» գրքի անգլերեն թարգմանությունն է: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Լոս Անջելեսի «Գլենդեյլ հանրային գրադարանում»ՙ Թեքեյան մշակութային միության եւ այդ գրադարանի հովանավորությամբ: «Accursed Years: My Exile and Return from Der Zor, 1914-19190» խորագրով գիրքը հայերեն բնագրից անգլերեն է թարգմանել Արա Ստեփանի Մելքոնյանը: Նախաբանը գրել է Գրիգոր Բելեդյանը: Գիրքը բաղկացած է 326 էջերից, եւ պարունակում է լուսանկարներ ու ծալովի մեկ քարտեզ: Գինը 25 ԱՄՆ դոլար կամ 17 ֆունտ ստեռլինգ է: Հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել «www.gomidas.org» կամ «www.garodbooks.com» կայքերը:

Երվանդ Օտյանը այն հազվագյուտ հայ մտավորականներից է եղել, որոնք փրկվել են կոտորածներից: Նրա անունը եղել է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում: 1896-ի օգոստոսին, երբ Կ. Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից, եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում եւ այլուր: 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո նա վերադարձել է Կ. Պոլիս: 1915 թվի ապրիլի 24-ին թաքնվելով խուսափել է աքսորից: Տարագրվել է սեպտեմբերին, նախ Քոնիա, ապա` Տեր Զոր: Ողջ է մնացել գումար ճարելու, գնացքով տեղափոխվելու նաեւ Շալվարճյանների եւ Մազլումյանների նման հոգատար հայերի միջամտությունների շնորհիվ: Մենակ լինելու (ընտանիքի ոչ մի անդամ չի եղել նրա հետ) եւ անունն ու փաստաթղթերը մի քանի անգամ փոխելու հանգամանքները նույնպես նպաստել են դրան: 1917-ին, երբ տարագրվել է Տեր Զոր, զանգվածային սպանություններն արդեն ավարտված են եղել: Նրան ուղարկել են Տեր Զորից այն կողմ գտնվող Էլ-Բուսերա ավանը, որտեղից չկարողանալով Բաղդադ փախչել, նա վերադարձել է Տեր Զոր, եւ աշխատել նախ զինվորական մի արհեստանոցում, ապա դարձել է գերմանացի սպայի թարգմանիչը: Այնուհետեւ մի խումբ հայերի հետ փախել է Հալեպ, որտեղ նրան ձերբակալել են ու ուղարկել Քոնիա, ապա Սուլթանիյե:

«Օտյանի հիշողությունները Հայոց ցեղասպանության աներեւակայելիորեն դասական հաշվետվություն կարելի է համարել», ասվում է հաղորդագրության մեջ:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4