«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դա հավանական է դարձնում, որ ապրիլի 24-ին նախագահ Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ապրիլի 22-ի ուշ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ տարածել է համատեղ հայտարարություն, որտեղ նշված է. «Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, երկկողմ հարաբերությունները նորմալացնելու, դրանք բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի շրջանակում զարգացնելու նպատակով բուռն ջանքեր են գործադրում: Այս գործընթացում կողմերն արձանագրել են որոշակի առաջընթաց եւ հասել փոխըմբռնման: Հարաբերությունների երկու կողմերին էլ գոհացնող նորմալացման համար համապարփակ շրջանակի շուրջը համաձայնություն է ձեռք բերվել: Այս համատեքստում սահմանվել է ուղեգիծ: Համաձայնեցված այս հենքը դրական հեռանկար է ապահովում շարունակվող բանակցային գործնթացի համար»:

Թուրքիայի արտգործնախարարության կայքէջում զետեղված այս հայտարարությունը նույն ժամին տարածել է նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը: Դրան երեկ գրավոր հաղորդագրությամբ արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Վուդըՙ մասնավորապես ասելով. «Միացյալ Նահանգները գոհունակությամբ է ընդունում երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը: ԱՄՆ-ն, ի սկզբանե, կողմնակից է եղել, որ նորմալացումն իրականանա առանց նախապայմանի եւ տեսանելի ժամանակահատվածում: Կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային առաջանալ այն ուղեգծով, որի շուրջը կողմերը եկել են համաձայնության»:

Խոսնակին է միացել պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ նա կարծիք է հայտնել, որ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանները բացելու Թուրքիայի ու Հայաստանի քայլերն ավելի նպաստավոր միջավայր կստեղծեն ողբերգական ընդհանուր պատմությանը դիմակայելու համար, ավելացնելով. «Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունները ուզում էին, որ Միացյալ Նահանգները հաշտեցման ջանքեր գործադրելու ուղղությամբ աջակցի եւ քաջալերի իրենց: Այդ խնդրանքից հետո ե՛ւ նախագահը, ե՛ւ ես նրանց լիակատար աջակցում ենք»:

Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը որպես թեժ լուր հրատապ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում: «Զամանի» վկայությամբ, նախքան համատեղ հայտարարության հրապարակումը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Ալի Բաբաջանը երեքժամյա հանդիպում են ունեցել: Հատկանշական է, որ հայտարարության մեջ սահմանի բացումը առհասարակ չի հիշատակվում, պարզապես նշվում է ուղեգծի մասին, որի բովանդակությունը սակայն հայտնի չէ:

Սա մտահոգիչ հանգամանք է: Ոչ պակաս մտահոգիչ պետք է համարել այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման այս համատեղ հայտարարությունը արվել է ապրիլի 24-ի նախօրյակին: Թերեւս դրանով Անկարան անուղղակիորեն հերթական անգամ նախազգուշացրել է Վաշինգտոնին. «Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն ընթանում է դրական հունով, թող երրորդ երկրները չվնասեն նորմալացման գործընթացին»:

Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարարությունը նույն կերպ էր վարվել ապրիլի 5-ի ուշ երեկոյան, երբ Օբաման ոտք էր դրել Անկարա, հաղորդելով հետեւյալ ազդանշանը. «Երկկողմ հարաբերությունների նորմալացման համար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալվող բանակցություններում առաջընթաց է արձանագրվում»:

Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունը ինչպե՞ս կանդրադառնա նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի վրա, ցույց կտա ժամանակը: Սակայն եթե համատեղ հայտարարությունը արվել է պաշտոնական Վաշինգտոնի ներազդեցությամբ, որի համար հիմք են հանդիսանում ԱՄՆ պետքարտուղարի եւ խոսնակի ոգեւորությունը, ապա միանգամայն հավանական է, որ Օբաման ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը, թերեւս դրանով էլ փոխհատուցի Թուրքիայի Հայաստանի հետ հաշտեցման պատրաստակամությունը: Անկախ փոխհատուցման հանգամանքից, Թուրքիան համատեղ այդ հայտարարությամբ, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Ադրբեջանի հակազդեցությունը որեւէ կերպ չի ազդել Հայաստանի հետ ծավալվող բանակցությունների վրա եւ ինքը հետամուտ է դրանց ծավալմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4