«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ՀԱՐԿԱՅԻՆ ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵՂՄԱՑՈՒՄ

Հարկային փոփոխությունների նոր փաթեթը երեկ կառավարության հավանությանն արժանացավ: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը : Փոփոխություններ կատարվեցին ակցիզային հարկի, ավելացված հարկի, շահութահարկի, հարկային վարչարարության ոլորտներում: Դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ նիստի ժամանակ մեկնաբանություններ կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : Ակցիզային հարկի օրենքում առաջարկվող փոփոխության մասին, ըստ որի սահմանվում է ակցիզային հարկ 1 լիտր սպիրտի համար 3500 դրամ, վարչապետը նշեց, որ որոշումը նպատակ ունի ավելացնելու հարկային մուտքերը եւ ժամանակավոր միջոցառում է:

Փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ փաստաթղթային հիմնավորում չունենալու համար տուգանքի կասեցումը 2 տարով եւ 10 տոկոս հարկի վճարումը որպես ծախս համարելը Տիգրան Սարգսյանը համարեց մեծ մեղմացում: Փոխարենը խոշոր բիզնեսի այն ընկերություններում, որոնք ռիսկային են եւ չեն տրամադրում ապրանքի բացթողնման ժամանակ փաստաթղթեր, ներմուծվում է հարկային ներկայացուցիչների ինստիտուտը: Հարկային ներկայացուցիչները միայն հետեւելու են այդ ընկերություններից ապրանքների բացթողնմանը եւ փաստաթղթերի տրամադրմանը: Վարչապետի հավաստիացմամբ, խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք թափանցիկ են աշխատում, նման ռեժիմին կողմ են, ինչը, սակայն, դուր չի գա ստվերային բիզնես ծավալողներին:

Եվ վերջապես, ավելացված հարկ վճարողների համար սահմանվում են հատուկ հարկային հաշիվներ, որը նրանց հնարավորություն կտա հարկային հաշվետվություն տալուց նվազեցնելու թղթաբանությունը: Այս մասին խոսելիս Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ հարկային վարչարարության բարելավմանն ուղղված այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2010-ից պետությունը պարտավորություն է ստանձնելու ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ուշացումներ չունենալ: Հակառակ դեպքում պետությունը պետք է տուգանքներ վճարի մասնավորին: Բանն այն է, որ հաճախ ընկերությունները ներկայացնում են ակնհայտ կեղծ փաստաթղթեր ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման համար, իսկ հատուկ հարկային հաշիվների ներդրումը նվազեցնելու է այս ռիսկերը:

Կատարված փոփոխությունները լրագրողներին մանրամասնեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը : Նա հայտնեց, որ ակցիզային հարկում կատարված փոփոխությունները եւ ակցիզային պահեստների ստեղծումը ենթադրում է, որ այդ ապրանքները ներմուծողներն ու արտադրողները ապրանքների քանակը, գները, առաքումը, բացթողումը պետք է իրականացնեն հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ: Իսկ ալկոհոլային խմիչքների նկատմամբ ակցիզային հարկի սահմանման հետեւանքով Հայաստանում օղու արտադրությունը եւ ներմուծումը չպետք է էժան արժենան որոշակի արժեքից: Մասնավորապես ներմուծվողի համար այդ արժեքը կլինի 1 շշի համար 1200 դրամը, արտադրողի համարՙ 800-900 դրամը:

Փոքր եւ միջին բիզնեսի համար արված օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ փոքր բիզնեսը դժգոհում է խոշոր բիզնեսից, որ նա փաստաթուղթ չի տրամադրում: Վերջինիս փոխարեն տուգանք են վճարում փոքր եւ միջին ձեռնարկությունները: Սակայն փոքր բիզնեսն էլ, ըստ Արմեն Ալավերդյանի, թեեւ օրենսդրությամբ հնարավորություն ուներ հայտնելու իրեն փաստաթուղթ չտրամադրող խոշորի անվանումը, բայց չօգտվեց դրանից: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը նշեց, որ այս փոփոխությունները հօգուտ փոքր բիզնեսի են արվում եւ հակաճգնաժամային քայլեր են, իսկ խստացումներն ուղղված են նրան, որ խոշոր բիզնեսը սկսի փաստաթղթեր տալ ապրանքների մատակարարման ժամանակ, ինչը պետք է նաեւ հանրության մեջ վստահություն ստեղծի խոշոր բիզնեսի կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ: Ըստ Արմեն Ալավերդյանի, հարկային ներկայացուցիչների առկայությունը կլինի առավել ռիսկային մի քանի տասնյակ խոշոր ընկերություններում: «Ի՞նչ արդյունք կտա դա եւ որքա՞ն ստվերը կնվազի» մեր հարցին պատասխանելով, Արմեն Ալավերդյանն ասաց, որ խոշորների մոտ ստվերը կնվազի, բայց թե որքան, չի կարող ասել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4