«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2009-04-24 | #75, 2009-04-25 | #76, 2009-04-28


ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հայ-թուրքական վերջին հայտարարությունը, որին «Ազգը» անդրադարձել էր, մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում: Կարող ենք շեշտել, որ այստեղ գերիշխում է հուզականը եւ առայժմ չկա չեզոք ու անկողմնակալ վերլուծություն: Փորձելով այս բացը ինչ-որ չափով լրացնել, «Ազգը» տպագրում է, այսպես կոչված, «Կարսի» պայմանագիրը, որն, ըստ թուրքական մամուլի, այն նախապայմաններից մեկն է, որն առաջ է քաշել պաշտոնական Անկարան հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման համար: Եվ այս պայմաններում հիմնական հարցը հետեւյալն է. ի՞նչ է Կարսի պայմանագիրը եւ ի՞նչ խնդիր է շոշափում:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ դեռ պարզ չէ, արդյոք Կարսը նախապայմա՞ն է, թե՞ ոչ, սակայն նշենք, որ այն ստորագրվել է 1921-ի հոկտեմբերի 13-ին, մի կողմից Թուրքիայի եւ մյուս կողմիցՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ: Բազմակողմ այս պայմանագիրը ստորագրվել է Խորհրդային Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչների ներկայությամբ եւ փաստորեն 1921-ի մարտին Մոսկվայում ռուս-թուրքական պայմանագրի արտացոլումն էր: Պայմանագիրը Խորհրդային Հայաստանի կողմից կնքել են արտգործնախարար Ասքանազ Մռավյանը եւ ներքին գործերի նախարար Պողոս Մակինցյանը: Պայմանագրի կնքումից մեկ տարի անց այն վավերացրել են անդրկովկասյան երեք հանրապետությունները, եւ վավերացման փաստաթղթերը Երեւանում հանձնվել են թուրքական կողմին: Այս պայմանագրով փաստորեն նախանշվել է հայ-թուրքական ներկայումս գործող սահմանը: Այն երկու երկրների հարաբերությունները կարգավորող միակ պայմանագիրն է, հետագայում այս պայմանագրի հիման վրա կնքվել է հայ-թուրքական սահմանին խմելու եւ ոռոգման ջրի օգտագործման հուշագիր եւ այլն: Նրանք, ովքեր դեմ են այս պայմանագրի վերահաստատմանը, նշում են, որ այն դեմ է մեր պահանջատիրությանը եւ դրանով փաստորեն ճանաչվում է ժամանակակից Թուրքիայի ամբողջականությունը: 1991-ին, երբ Հայաստանն իրեն անկախ հռչակեց, հայտարարվեց, որ նորանկախ հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Սա նշանակում է, որ ինքնըստինքյան երրորդ հանրապետությունը ճանաչում է ՀԽՍՀ-ի կնքած բոլոր պայմանագրերը: Բացի դրանից, 1991-ի մարտին դառնալով ՄԱԿ-ի անդամ, Հայաստանի իշխանությունները փաստորեն ճանաչեցին այդ կազմակերպության բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը: Այսինքն, Հայաստանը դե յուրե արդեն մի քանի անգամ ճանաչել է հարեւան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հետեւաբար հայաստանյան քաղաքական կուսակցությունների աղմուկն այս առումով զուտ PR-ոլորտից է եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ուշացած: Սակայն Կարսի պայմանագիրն ունի նաեւ իր թերի կողմերը, մասնավորապես պայմանագրում հատուկ շեշտվում է, որ «Թուրքիա հասկացության տակ այստեղ նկատի են առնվում այն տարածքները, որոնք ներառված են 1920-ի հունվարի 28-ի Կ. Պոլսում օսմանյան խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտում»»: Այսինքնՙ Հայաստանը թեկուզ այս հոդվածից ելնելով կարող է հրաժարվել այս պայմանագրից, որովհետեւ, ըստ այսպես կոչված «Ազգային ուխտի», Թուրքիայի սահմանների մեջ էին ներառված տարածքներ, որոնք ներկայիս Թուրքիայի մասը չեն, մասնավորապես այդ տարածքներն այժմ պատկանում են Իրանին եւ Իրաքին, բացի դրանից, այդ սահմաններից դուրս էր նաեւ Կարսի նահանգը եւ այլն: Այսինքնՙ պայմանագիրը կարիք ունի մանրազնին եւ անկողմնակալ քննարկման եւ վերլուծության, հասկանալու համարՙ արդյոք մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, կարծում եմ, Հայաստանը պետք է համարձակ քայլ կատարի եւ գնա Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության, ինչը կլուծի ոչ միայն սահմանի հարցը, այլեւ նոր քաղաքական իրավիճակ կստեղծի ողջ Հարավային Կովկասում եւ կամրապնդի Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: «Ազգը» հետագայում ավելի մանրամասն կանդրադառնա այս պայմանագրինՙ ցույց տալով դրա ուժեղ եւ թերի կողմերը:

Ինչեւէ, ներկայացված «Կարսի» պայմանագրի հայերեն տարբերակը ամբողջական չէ եւ ոչ էլ պաշտոնական թարգմանություն: Մենք հիմնականում ներկայացրել ենք այն հոդվածները, որոնք, կարծում ենք, առավել հետաքրքրություն կներկայացնեն: Պայմանագիրն ամբողջական է միայն ռուսերեն տեքստում, որը տեղադրված է www.archive.azg.am կայքէջի ռուսերեն տարբերակում:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի մի կողմից եւ մյուս կողմիցՙ Թուրքիայի միջեւ, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիրը

13 հոկտեմբերի, 1921թ., Թարգմանություն ռուսերենից

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մեկ կողմից եւ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարությունը մյուս կողմից, ընդունելով ազգերի եղբայրության սկզբունքները եւ ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, առաջնորդվելով նրանց միջեւ մշտական ջերմ փոխհարաբերություններ եւ փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ, անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբՙ որոշեցին սկսել բանակցություններ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մասնակցությամբ...

Հոդված 1.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը եւ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունների կառավարություններն անվավեր եւ ուժը կորցրած են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տարածքի մեջ մտնող տարածքում առաջներում իրենց սուվերեն իրավունքները իրականացրած պետությունների միջեւ, եւ որոնք վերաբերում են վերոհիշյալ տարածքներին, անվավեր եւ ուժը կորցրած են համարվում նաեւ երրորդ տերությունների կողմից կնքված եւ Անդրկովկասի հանրապետություններին վերաբերող պայմանագրերը:

Համարվում է որոշված, որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված Ռուս-թուրքական պայմանագրին:

Հոդված 2.

Պայմանավորվող կողմերը համաձայնում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել:

Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՍՍՀ-ների կառավարությունները համաձայնում են չճանաչել որեւէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային եւ ճանաչված չէ Թուրքիայի ազգային կառավարության կողմից, որը ներկայումս ներկայացված է նրա Ազգային Մեծ Ժողովով:

(Սույն Պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թ. (1336թ.) հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել եւ հռչակել է Դեպուտատների օսմանյան պալատը եւ հաղորդել մամուլին ու բոլոր պետություններին):

Իր կողմից Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարությունը համաձայնում է չճանաչել որեւէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին եւ ճանաչված չէ այդ հանրապետությունների համապատասխան կառավարությունների կողմից, որոնք ներկայումս ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սովետական կառավարություններով:

Հոդված 3.

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որեւէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաեւ նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին որեւէ ձեւով առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը եւ համարվում են վերացված:

Հոդված 4.

Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանը (ըստ ռուսական գլխավոր շտաբի 1/210000 մասշտաբով քարտեզի, 1 դյույմը 5 վերստ է) որոշվում է գծով, որն սկսվում է Սեւ ծովի ափին գտնվող Սարպ գյուղի մոտ, անցնում Խեդիս-մթա սարով, Կաննի-դաղ լեռան ջրբաժանով, ապա Արդահանի եւ Կարսի սանջակների նախկին հյուսիսային վարչական սահմաններով, Արփա-չայ, Արաքս գետերի ջրհոսի հունովՙ մինչեւ Ստորին Կարա-սու: (Սահմանների մանրամասն նկարագրությունը եւ դրան առնչվող հարցերը սահմանված են 1-ին եւ 2-րդ հավելվածներում եւ պայմանավորվող երկու կողմերի ստորագրած կից քարտեզում: Պայմանագրի տեքստի եւ քարտեզի տարբերության դեպքում վճռական նշանակությունը տրվում է տեքստին):

Բնության մեջ պետական սահմանի մանրամասն որոշումը եւ անցկացումը, ինչպես նաեւ սահմանային նշանների տեղադրումը իրականացնում է սահմանային խառը հանձնաժողովըՙ Պայմանավորվող կողմերի հավասար թվով անդամներով եւ ՌՍՖՍՀ-ի ներկայացուցչի մասնակցությամբ:

Հոդված 5.

Թուրքիայի կառավարությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի Սովետական կառավարությունները համաձայնում են, որ Նախիջեւանի մարզը սույն պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններով ձեւավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո:

Հոդված 10.

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի ստեղծում կամ ներկայություն, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, հավասարապես նաեւ այնպիսի խմբերի ներկայություն, որոնց նպատակն է պայքարել պայմանավորվող մյուս կողմի դեմ:

Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Ազգային Մեծ Ժողովի կառավարության զինվորական եւ քաղաքացիական անմիջական կառավարման ներքո:

Հոդված 11.

Պայմանավորվող երկու կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տարածքում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքներից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականությունների, որոնցից նրանք կազատվեն:

Պայմանավորվող կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին եւ իրավունակությանը վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշվեն հատուկ համաձայնագրով:

Հոդված 12.

Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կկիրառեն առավելագույն բարենպաստման ռեժիմը:

Հոդված 13.

Մինչեւ 1918 թվականը Ռուսաստանի մի մասը կազմած եւ այժմ Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տարածքների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատորեն հեռանալու եւ սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքը իր հետ վերցնելու իրավունք:

Հոդված 15.

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցագործությունների եւ հանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:

Հոդված 17.

Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջեւ հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները այն նպատակով, որպեսզի պահպանվեն եւ հնարավորինս արագ զարգանան երկաթուղային, հեռագրական եւ հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաեւ այն նպատակով, որպեսզի առանց որեւէ կասեցման ապահովվեն մարդկանց եւ ապրանքների ազատ փոխադրումները:

Սակայն համարվում է, որ ճանապարհորդների եւ ապրանքների փոխադրման, մուտքի եւ ճանապարհման վերաբերմամբ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:

Հոդված 18.

Առեւտրական հարաբերություններ հաստատելու եւ բոլոր տնտեսական, ֆինանսական ու պայմանավորվող երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

Հոդված 19.

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի ստորագրման օրից հաշված 3 ամսվա ընթացքում կնքել հյուպատոսական կոնվենցիաներ:

Հոդված 20.

Սույն Պայմանագիրը, որ կնքված է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ, ենթակա է վավերացման:

Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երեւանում հնարավոր մոտ ապագայում:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6,14,15,16,18 եւ19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո:

Ի վավերացումն շարադրյալիՙ հիշատակված լիազոր անձինք ստորագրեցին սույն Պայմանագիրը եւ հաստատեցին իրենց կնիքներով:

Սույն Պայմանագիրը կազմված է հինգ օրինակից, Կարսում 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին:

Ա. ՄՌԱՎՅԱՆ
Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆ
Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ
Շ. ԷԼԻԱՎԱ
Ա. ՍՎԱՆԻՁԵ
ԳԱՆԵՑԿԻ

ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ
ՎԵԼԻ ՄՈԻԽԹԱՐ
ՄԵՄԴՈՒՀ ՇԵՎՔԵԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4