«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2009-04-24 | #75, 2009-04-25 | #76, 2009-04-28


ԱՆԿԱՐԱՆ ԴԺԳՈՀ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ՈՒՂԵՐՁԻՑ

Ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափեց «Ցեղասպանություն» բառից, փոխարենն օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը: Դրա պատճառը, թերեւս, Հայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունն էր: Հայկական սփյուռքը, ամերիկահայերի գլխավորությամբ, հիասթափված է: Հատկանշական է, որ նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի առթիվ հիասթափված է նաեւ պաշտոնական Անկարան:

Անկարայի հիասթափության պատճառ են դարձել ուղերձում «Մեծ եղեռն» արտահայտության օգտագործումը, 1,5 մլն հայերի սպանության հիշատակումը եւ այն, որ առ այսօր արտասանված ուղերձներից ամենախիստն է եղել: Թուրքական կողմը, ըստ երեւույթին, արտգործնախարարների համատեղ հայտարարության հետ մեծ հույսեր էր կապում:

Համենայն դեպս, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, Անկարան բուռն հակազդեցությամբ է արձագանքել նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձին: Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Քյոքսալ Թոփթանը դրա առնչությամբ ասել է. «Պարզորոշ երեւում է, որ մեծարգո Օբաման ճիշտ տեղեկացված չէ 1915-ի իրադարձությունների մասին: Այս կարգի ձեռնարկումները լուրջ ազդեցություն կգործեն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման Թուրքիայի նախաձեռնած գործընթացի վրա»:

Թոփթանին հավելել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք գոհացուցիչ չենք համարում ուղերձը, դա դիտում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստման կատարում: Ուղերձում կան բացարձակապես անընդունելի արտահայտություններ: Կողմնակից ենք, որ յուրաքանչյուր արտահայտություն լինի արդարացի, այլ ոչ թե արտացոլի նախընտրական քարոզարշավի պարզունակ շահադիտական մոտեցումը: Թուրքիան այն երկիրը չէ, որ շոյեն կամ խաբեն նրան»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4