«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2009-04-24 | #75, 2009-04-25 | #76, 2009-04-28


ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ, ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Եռակողմ hանրապետական կոլեկտիվ պայմանագիր երեկ կնքեցին Հայաստանի կառավարությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան: Այն ստորագրեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:

Կոլեկտիվ պայմանագիրը կոչված է նպաստելու սոցիալ-աշխատանքային հարաբերությունների զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության եւ համերաշխության կայացմանը: Այն կգործի մինչեւ 2012-ի հունիսի 30-ը: Պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կձեւավորվի հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ պայմանագիրը բխում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների սկզբունքներից եւ նպատակ ունի ապահովելու համերաշխություն կողմերի գործողությունների մեջ: «Այս խնդիրը խիստ արդիական է դառնում, մանավանդ համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների ներքո, երբ ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրը դառնում է գործազրկության սպառնալիքը: Տնտեսական անկման պարագայում, բնականաբար, սոցիալական լարվածությունն ավելի է խորանում եւ այս պայմաններում պայմանագիրը դառնում է կարեւոր», նշեց Տիգրան Սարգսյանը:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ 7 տարուց ավելի է, ինչ արհմիությունների հետ բանակցում են այս խնդրի շուրջ: ՀԱԳՄ նախագահի համոզմամբ, միայն որակյալ սոցիալապես ապահով աշխատուժով կարող ենք մրցունակ տնտեսություն ունենալ, ինչի մասին վկայում է զարգացած երկրների փորձը: Գործատուների անունից խոսելով, Արսեն Ղազարյանը հատկապես կարեւորեց մշտական աշխատանքային հանձնաժողովի ձեւավորումը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ պայմանագիրը ստորագրվում է աշխատանքի տոնիՙ մայիսի 1-ի նախօրյակին: Նա հույս հայտնեց, որ այն կնպաստի սոցիալական համերաշխության ձեւավորմանը եւ երկրի կայուն զարգացմանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4