Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում առայժմ առանց միավորի կորստի է ընթանում երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 5-րդ տուրում փյունիկցիները շարունակեցին հաղթարշավը` Կապանում 4 անպատասխան գնդակ խփելով «Գանձասարի» դարպասը, որին առայժմ չի հաջողվում գեթ մեկ միավոր վաստակել: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջնությունում գրանցված անդրանիկ հեթ-տրիկի հեղինակը, որի շնորհիվ 5 գնդակով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: Մեկ գոլ էլ իր օգտին գրանցեց Գեւորգ Ղազարյանը:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Բանանցի» եւ «Արարատի» մրցավեճը, որոնք մրցաշարային աղյուսակի հակադիր ծայրերում են գտնվում: Վերջին շրջանում «Արարատին» սկսել է մարզել Արկադի Անդրեասյանը, թեեւ պաշտոնապես նա դեռեւս չի ձեւակերպել իր կարգավիճակն ակումբում: Նա անցկացրեց նախախաղային նախավարժանքը, իսկ ողջ հանդիպման ժամանակ իր թիմի ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր խաղադաշտի ցանկապատի հետեւից: Պետք է խոստովանել, որ անվանի մարզչի աշխատանքն արդեն սկսել է իր առաջին արդյունքները տալ, թեեւ դեռեւս մեծ ծավալի աշխատանք կա առջեւում թիմի խաղը կարգավորելու, մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ կազմավորելու հարցում: Բայց ամեն դեպքում «Բանանցի» հետ խաղում, հատկապես առաջին խաղակեսում «Արարատի» խաղը հաճելի տպավորություն թողեց: Ֆուտբոլիստները գործում էին կազմակերպված, մեկ հպումով փոխանցումներով, աշխատում էին կոմբինացիոն խաղ ցուցադրել: Մրցակցի ֆուտբոլիստներին էլ արարատցիները խիստ հսկողության տակ էին առել, մամլիչ գործողություններ էին կիրառում նրանց նկատմամբ` զրկելով ազատ գործելու հնարավորությունից:
Խաղասկզբում «Արարատը» բավական ակտիվ էր գործում նաեւ առջեւի գծում` հարմար առիթի դեպքում դիմելով հեռավոր հարվածների: 2 անգամ դարպասին վտանգավոր հարված կատարեց Սարգիս Մովսիսյանը: Առաջին դեպքում դարպասապահը դժվարությամբ գնդակը հանեց անկյունային, իսկ երկրորդ դեպքում «Բանանցին» օգնության եկավ հորիզոնական ձողը:
«Բանանցին» ոչ մի կերպ չէր հաջողվում սպառնալ «Արարատի» դարպասին: Միակ վտանգավոր պահն առաջին խաղակեսում ստեղծվեց 19-րդ րոպեին, որն էլ գոլային ավարտ ունեցավ: Սամվել Մելքոնյանը ձախ թեւով սրընթաց մտավ տուգանային հրապարակ, որտեղ Կարեն Նավոյանը նրան վայր գցեց: 11 մ հարվածն անվրեպ իրացրեց Արտակ Դաշյանը: Մինչեւ առաջին խաղակեսի ավարտը «Արարատը» եւս երկու անգամ վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել դարպասը: Արտակ Գրիգորյանի հեռահար հարվածը դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց, իսկ Գեւորգ Նռանյանը մենմենակ հայտնվելով դարպասի դիմաց, չկարողացավ գոլ խփել:
Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացավ, իսկ «Արարատի» խաղն այլեւս այն հստակությունը չուներ, ինչ որ առաջին խաղակեսում էր: «Բանանցը» մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն նոր գոլ չգրանցվեց: «Արարատին» էլ չհաջողվեց փրկել խաղն ու 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
Խաղից հետո մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Արմեն Գյուլբուդաղյանց («Բանանց»)-Փորձում էինք կոմբինացիոն խաղ ցուցադրել, սակայն թաց խաղադաշտի պատճառով փոխանցումների խոտանը մեծ էր: Գոլային մի քանի լավ պահեր ունեցանք, սակայն չօգտագործեցինք: Ամեն դեպքում այս հաղթանակը կարեւոր էր, մանավանդ որ վերջին շրջանում հարկ է լինում 3-4 օրը մեկ խաղալ: Ուրախ եմ, որ տղաները մինչեւ վերջ պայքարեցին, կամք դրսեւորեցին ու հաղթեցին: Այսօր թիմի կազմը որոշ փոփոխության էր ենթարկվել: Դարպասապահ Օստապենկոն վերջին երկու խաղերում անհաջող էր հանդես եկել, ուստի փոխարինել էինք Ստեփան Ղազարյանով, որն անթերի խաղաց: Արսեն Բալաբեկյանը վնասվածք ուներ, իսկ Յարեմա Կավացիվն ու Էդուարդ Կակոսյանը որակազրկված էին:
Տիգրան Գսպեյան («Արարատ»)-Համառ մրցակցություն էր: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների գործողություններից, միայն ափսոս որ չեն կարողանում գոլային պահերն իրացնել: Գոլ չխփելը հոգեբանորեն ազդում է նրանց վրա, որոնք կորցրել են իրենց վստահությունը: Առջեւում մեծ ծավալի աշխատանք է սպասվում իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերում է 11 մ հարվածին, ապա կարծում եմ, որ խախտում չկար: «Բանանցը» լավ պատրաստված թիմ է, գրագետ էր գործում, շնորհավորում եմ հաղթանակի առթիվ:
Գյումրիում «Շիրակը» 3-1 հաշվով հաղթեց «Կիլիկիային»: Արդեն խաղասկզբում Գեւորգ Հովհաննիսյանն ու Գառնիկ Սարգսյանը 2 անգամ գրավեցին «Կիլիկիայի» դարպասը: Ընդմիջումից քիչ անց Գրիգոր Մովսիսյանը կրճատեց հաշիվը, սակայն ավելացված ժամանակում Մկրտիչ Նալբանդյանը 3-րդ գոլը խփեց:
Առաջնությունում առաջին ոչ-ոքի արդյունքը գրանցվեց: «Միկայի» եւ «Ուլիսի» մրցավեճում դարպասները մնացին անառիկ: «Միկան» այս խաղում կազմի հետ կապված որոշ խնդիրներ ուներ: Թիմից ազատվել էր դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը, որի փոխարեն դարպասը պաշտպանում էր Սոսո Գրիշիկաշվիլին: Որակազրկված էր Արամ Ոսկանյանը, իսկ մյուս հարձակվողը` Արա Հակոբյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ չմտավ:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 5 | 5 | 0 | 0 | 11-0 | 15 |
2. Բանանց | 5 | 4 | 0 | 1 | 7-4 | 12 |
3. Միկա | 5 | 3 | 1 | 1 | 9-5 | 10 |
4. Ուլիս | 5 | 3 | 1 | 1 | 6-4 | 10 |
5. Շիրակ | 5 | 2 | 0 | 3 | 7-9 | 6 |
6. Կիլիկիա | 5 | 2 | 0 | 3 | 5-6 | 6 |
7. Արարատ | 5 | 0 | 0 | 5 | 0-8 | 0 |
8. Գանձասար | 5 | 0 | 0 | 5 | 2-11 | 0 |
Ռմբարկուները
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 5 |
Բոտի Դեմել | «Միկա» | 4 |
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 4 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 3 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ