Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը տպագրել է գերմանական «Վելթը»
Թուրքիայի Հայաստանի հետ հաշտեցման թեման վերջին շրջանում ամենօրյա տեղ է զբաղեցնում գերմանական հատկապես տպագիր լրատվամիջոցներում: Թեմայի վերաբերյալ ապրիլի 28-ին «Վելթ օնլայնը» ամբիոն էր տրամադրել 1998-2008 թթ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
«ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցին նախորդող երկու շաբաթներին ընդհանուր լավատեսություն կար, թե Թուրքիան պիտի բացի Հայաստանի հետ սահմանը: Բայց Օբաման եկավ ու գնաց, սահմանը փակ մնաց, գրում է նախկին արտգործնախարարըՙ «Ժեստերը բավարար չեն» վերնագրյալ շարադրանքում:
Թուրք-հայկական հարաբերություններում դեռեւս ժեստերն ավելի կարեւոր են, քան էությունը: Այս հարաբերությունները լարված են 1993-ից, երբ ԼՂ շուրջը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտության ժամանակ Թուրքիան համերաշխություն հայտնեց Ադրբեջանին:
Աբդուլլահ Գյուլի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ, 2003-ին, երբ Թուրքիայի արտգործնախարարն էր, նա ասաց ՙ Թուրքիան ձգտում է նորմալ երկկողմանի հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ: Սա ականջիս երաժշտության նման հնչեց: Բայց ադրբեջանական ճնշումը չմեղմացավ, եւ թուրքական քաղաքականությունը չփոխվեց:
Այսօր աշխարհն այնքան է փոխվել, որ նույնիսկ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ էլ համերաշխություն կա, թե թուրք-հայկական սահմանը պիտի բացվի: Բայց Թուրքիան արդեն կորցրել է երկու հնարավորություն. ԽՍՀՄ փլուզումը եւ 2004-ին ԵՄ անդամակցության սկզբնական բանակցությունները հնարավորություն էին ընձեռում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու: Պատմությունն այժմ Թուրքիային երրորդ հնարավորությունն է տալիս: Երբ սահմանը փաստորեն կբացի կամ նվազագույնը ռեալ ժամկետ եւ դրա համար փաստացի եղանակավորում (մոդալիտետ) ցույց կտա, Թուրքիան կարող է համատեղ ապագայի ճանապարհ հարթել: Բայց Գյուլն ու Էրդողանը ազդարարում են, թե սահմանը բացելու են միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:
Թուրքիան ու Ադրբեջանը սխալվում են: Եթե Թուրքիան իր կշիռը կշեռքի միայն մի նժարին չի դնում, երկու կողմերն էլ պատրաստ պիտի լինեն զիջումների, հատկապես անվտանգության խնդիրները վկայակոչելով: ԼՂ հակամարտությունը անվտանգությանն է առնչվում: Հայաստանը սեղմված է երկու թշնամական պետությունների միջեւ, եւ ինչ վերաբերում է անվտանգությանը, փոխզիջման չի գնա: Սահմանը փակելը թշնամական գործողություն է: Եթե սահմանը բացվի, տարածաշրջանային նորմալ հարաբերության արտահայտություն կլինի:
Սիմվոլներն ու ժեստերը բավարար չեն: Եվ ԼՂ հակամարտության լուծմանը սպասելը նույնպես լուծում չէ: Սա էլ միմիայն հերթական բաց թողած հնարավորություն է», եզրափակում է «Սիվիլիտաս» հիմնադրամի ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա