«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ստորեւ թարգմանաբար հատվածներ ենք ներկայացնում Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի անդամ, ռասիզմի եւ խտրականության դեմ մղվող պայքարի թուրքական կոմիտեի հիմնադիր անդամներից Աիշե Գյունայսուի ուղերձից, որը նա ուղարկել է Ստոկհոլմում վերջերս կայացած «Օսմանյան կայսրությունում իրագործված 1915-ի Ցեղասպանության ժառանգությունը» վերնագրով կոնֆերանսին: Ուղերձը տպագրվել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 11-ի համարում:


«Բոլոր ճնշված ճշմարտությունները դառնում են թունավոր», գրել է Ֆրիդրիխ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքում:

Ճնշված ճշմարտությունը թունավորում է ճնշողին եւ բոլոր նրանց, որոնք զրկված են այդ ճշմարտությանը իրազեկ լինելուց: Ավելին, այն թունավորում է նաեւ ամբողջ մթնոլորտը, որի մեջ կողք կողքի ապրում են ճնշողն ու ճնշվողը: Մի խոսքովՙ ճնշված ճշմարտությունը թունավորում է ամեն ինչ:

Հայերի, ասորիների եւ Փոքր Ասիայի մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունից մոտ մեկ դար անց Թուրքիան դեռեւս շարունակվում է թունավորված մնալ ճնշված ճշմարտության հետեւանքով: Եվ քանի որ այդ ճնշված ճշմարտությունը վերաբերում է մի ոճրագործության, եւ ճնշողները իշխանության ղեկին գտնվողներն են, իսկ ճշմարտությունից զրկվածն էլ ամբողջ ժողովուրդն է, ապա այդ ազգի ապագան է ընդհանուր առմամբ թունավորված:

Եթե դու ճշմարտությունը ճնշող ղեկավար ես, ուրեմն դու պետք է ճնշես նաեւ ճշմարտությունը որոնողներին: Թույնը սնուցում է քեզ ինքնափառաբանմամբ, որպեսզի կարողանաս խույս տալ սեփական մեղքից: Նաեւ ատելությամբՙ որպեսզի արդարացնես քո ստախոսությունը, ինչպես եւ դաժանությամբՙ որպեսզի կարողանաս ամեն գնով պահպանել այդ ստախոսությունը:

Ճշմարտության որոշ հատիկներ կարող են հայտնի լինել որոշակի թվով մարդկանց, որոնց դու կա՛մ պետք է ընդգրկես քո ինքնախաբեության շարքերումՙ ներկայացնելով պատճառաբանություններ քո գործած ոճրագործությունը արդարացնելու համար, կա՛մ էլ դավաճան անվանելով շարունակես անվերջ պատերազմ մղել նրանց դեմ:

Բայց մարդիկ սովորաբար հակված են համոզվելու: Թուրքիայում մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը հավատում է, որ եթե խոսքը «հայրենիքի» (չակերտները հեղինակինն են:- Հ. Ծ.) լինել-չլինելուն է վերաբերում, ուրեմն պետական ապարատը իրավունք ունի անօրեն միջոցների դիմելու, այլ խոսքերովՙ այսպես կոչված «ազգային շահերը» արդարացնում են ամեն մի գործողություն: Ահա թե ինչպես են ճնշված ճշմարտությունն ու այդ ճնշումի մեթոդները թունավորում մարդկանց ուղեղները սերնդեսերունդ:

Զարմանալի չէ, ուրեմն, որ մոտ մեկ դար շարունակ Թուրքիան ժողովրդավարության ականատես չի լինում եւ խաղաղությունը չի ապրում: Բռնությունը մեր կյանքի անբաժան մասն է եղել միշտ: Զինվորական հեղաշրջումները մեկը մյուսին են փոխարինել, իսկ իրական զինվորական իշխանության բացակայության դեպքում, երբեմն բացահայտ, երբեմն քողարկված եղել են դրա սպառնալիքները: Հանրապետության հիմնադրումից սկսած քրդական ապստամբություններն ու նրանց կատաղի ճնշումները շարունակվել են անընդհատ: Վերջին 30 տարիներին, այս հողատարածքը, որ մի ժամանակ հայերի եւ ասորիների հայրենիքն էր, տառապում է իշխանությունների որակած «ահաբեկչության դեմ պայքարի» գործողություններից: Տարածաշրջանին բնորոշ են դարձել տարհանված գյուղերը, բռնի տեղահանությունները, ձերբակալված մարդկանց անհետանալն ու չլուծված սպանությունները: Արյունահեղությունը չի դադարել 1915-ից ի վեր:

Եվ խոսքը միայն բռնության մասին չէ: Թույլ տվեք մեջբերել այստեղ ցեղասպանության 91-րդ տարելիցի առթիվ իմ գրած հոդվածից մի հատված, որը Խաչիկ Մուրադյանը Znetում (ինտերնետ,- Հ. Ծ.) զետեղել էր 2006-ի ապրիլի 23-ին:

«(1915-ին) այս երկրի վրա անեծք թափվեց: Այն բնակավայրերը, որտեղ մի ժամանակ արհեստավորները, արդյունաբերողներն ու վաճառականները արտադրում էին ապրանքներ եւ առեւտրով զբաղվում, որտեղ թատրոններն ու դպրոցները գիտելիք եւ էսթետիկական բավարարվածություն էին սերմանում, որտեղ եկեղեցիներն ու վանքերը ազնվացնում էին հոգիները եւ որտեղ գեղեցիկ ճարտարապետությունը մարմնավորում էր մի մեծ, հին մշակույթ, մի խոսքովՙ որտեղ քաղաքակիրթ եռուն կյանք էր իշխում, վերածվեցին հսկայական լուռ ու անբնակ ու անբերրի տարածքների առանց ինքնության ու առանց պատմության»:

Ներկայիս Շիլոպիում (Շըռնակում) գտնվող Թուրքիայի ազգային «Բոթա» խողովակաշարի կորպորացիայի տարածքներում պեղումներ են կատարվում հետազոտելու համար այն պնդումները, որ 1990-ականներին անվտանգության ուժերի ձերբակալած եւ անհետ կորած մարդիկ այնտեղ են թաղված եղել:

Առայժմ ոսկորներ, մազափնջեր եւ հագուստների կտորներ են հայտնաբերվել եւ ուղարկվել համապատասխան լաբորատորիաներ: Սա այն վայրերից մեկն է, որն ամենից շատ է տառապել օրենքի բացակայությունիցՙ հանուն «Թուրքիայի միասնության»: Նաեւ այն վայրը, որտեղ 96 տարի առաջ ասորիներ, հայեր եւ այլք, համեմատաբար փոքր թվաքանակներով, կոտորվեցին կամ բռնի քշվեցին լեռները, որտեղ մահն անխուսափելի էր սովի, եղանակի խստության եւ անօթեւանության պայմաններում: Սա այն է, ինչ պատահեց հայերին ամբողջ Փոքր Ասիայի տարածքում սարսափի այդ տարիներին:

Այո, «Բոլոր ճնշված ճշմարտությունները դառնում են թունավոր», ասել է Նիցշեն տարիներ առաջ: Բայց նա շարունակել է. «Թող ամեն ինչ խորտակվի (այն, ինչ խորտակվելու ենթակա է) ճշմարտությունների մեր արտաբերումով: Շատ տներ դեռ կարելի է կառուցել»:

Սա է միակ ճանապարհը, որ մեր կյանքին արդարություն կբերի: Սա ասելով նկատի ունեմ կատարված վնասի ընդունումը եւ բարեփոխումներ կատարելը»:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4