Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին Սիդնեյի (Ավստրալիա) հայկական համայնքը երեք գլխավոր կուսակցությունների (ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴ Հնչակյան) կազմակերպությամբ եւ միասնական ոգու դրսեւորումով նշել է Հայոց մեծ եղեռնի 94-ամյակը, որն այս տարի համընկնում է նաեւ Ադանայի 1909-ի ջարդերի 100-ամյակի հետ: Ներկա են գտնվել Ավստրալիայի վարչապետ Քեյվին Ռադը, դաշնային ընդդիմության առաջնորդ Մալկոլմ Թըռնբուլը, Նոր Հարավային Ուելսի ընդդիմության առաջնորդ Բարրի Օ՚Ֆարելը, Կանաչների կուսակցության ներկայացուցիչը, ինչպես նաեւ հայ համայնքի կրոնական, բարեգործական, մշակութային, կրթական եւ սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Որպես գլխավոր բանախոս հրավիրված է եղել Մելբուռնից պրոֆ. Պոլ Բարթրոփը, որը զորակցություն հայտնելով հայ համայնքին ասել է, որ չարագործություն անելու վճռականությունը միշտ էլ ավելի ուժեղ է եղել, քան բարեգործություն անելու մտադրությունը, եւ ավելացրել, որ պատշաճ գնահատական չտալը կատարվածին նպաստել է, որ հետագայում կրկնվեն նման ոճրագործություններ աշխարհի տարբեր անկյուններում: Նա կոչ է արել կառավարությանըՙ հետեւելով Նոր Հարավային Ուելսի օրինակին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Վերջում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Բալիոզյանըՙ ողջունելով Հարավային Ավստրալիայի խորհրդարանի օրենսդիր մարմնի որոշումը Ցեղասպանության ճանաչման առնչությամբ, իր մտահոգությունն է հայտնել որոշ գիտնականների հայտարարությունների կապակցությամբ, որոնք հարցականի տակ են դնում պատմական ճշմարտությունը: Նա մասնավորապես անդրադարձել է սենատոր Ալան Ֆերգյուսոնի ելույթներին եւ կտրականապես մերժել ներողամտություն հայցելու նրա հետագա փորձերը, արժանանալով ներկաների ծափահարություններին:
Տեղի Հայկական իրավունքների (Հայ դատի) խորհուրդըՙ աջակցելով արքեպիսկոպոսին, կոչ է արել հետամուտ լինել արդարության հաստատմանը, որպեսզի այլեւս երբեք չկրկնվեն պատմության սեւ էջերը:
Հ. Ծ.