Երեկ թեեւ Ազգային ժողովում կարեւոր օրինագծեր էին քննարկվում, լրագրողների ուշքն ու միտքը դեպի նորաթուխ ընդդիմադիր ՀՅԴ-ի ու նրա կոալիցիոն նախկին գործընկերների հարաբերություններն էին, որոնք, ի դեպ, առանձնապես փոխված լինելու նշաններ ցույց չէին տալիս գոնե կենցաղային մակարդակով` ՀՀԿ-ականներն ու դաշնակցականները շարունակում էին քաղցր-քաղցր շփվել, միասին ճաշարան գնալ եւ այլն: Ու եթե չլինեին Վահան Հովհաննիսյանի կոռեկտության կոչն ու Արծվիկ Մինասյանի ելույթը հայտարարությունների ժամին` երկրի արտաքին քաղաքական ուղեգծից շեղվելու մասին, դա եւս մեղմ, քանի որ Ա. Մինասյանը իշխանություններին հայրենասիրության պակասի մեջ չէր կասկածում, ապա մի պահ կարելի էր չհիշել, որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից: Բայց ոչ, մի խիստ աշխույժ շարժընթաց ԱԺ կուլիսներում մատնում էր ՀՅԴ-ի ազատած աթոռների համար սկսված խուլ պայքարի մասին: Մամուլում հայտնված անուններին երեկ գումարվեցին նորերը, ընդ որում նույն պաշտոնների համար մի երեք-չորս տարբերակով պաշտոնների հավակնորդների համակազմի մասին լուրեր էին պտտվում, եւ, ինչպես հասկանում եք, այդ համակազմի անուններից շատերը հենց նրանց տերերն են դնում երբեմն շրջանառության մեջ` դրա ազդեցությունը փորձարկելով:
Համենայն դեպս` երեկ երեկոյան պետք է տեղի ունենար ՀՀԿ գործադիր մարմնի նիստՙ նախագահ Սարգսյանի մասնակցությամբ, որը քննարկելու էր պաշտոնների խնդիրը, եւ այսօր գուցե այդ հարցում մի փոքր հստակություն մտցվի: Սակայն երեկ ՀՀԿ-ականների հետ զրույցներում առավել գերիշխող էր այն տեսակետը, որ ԱԺ երկրորդ փոխնախագահի պաշտոնն էլ պետք է ՀՀԿ-ինը լինի, եւ անգամ այդ պաշտոնի համար տալիս էին Էդվարդ Շարմազանովի անունը (նրան լրագրողները ԿԳ նախարար էլ նշանակեցին մի պահ): Բայց, հավանաբար, ԿԳ նախարարի աթոռն ամենացանկալիներից է, քանի որ դրա համար, ըստ լուրերի, ե՛ւ ՕԵԿ-ն է պայքարում, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՀԿ-ն, ու նայած, թե ո՞վ կհաղթի ազդեցությունների պայքարում, ըստ այդմ` գյուղնախարարի պաշտոնը բաժին կհասնի կամ ԲՀԿ-ին, կամ ՕԵԿ-ին, աշխատանքի եւ սոցապ նախարարությունն էլ` ՀՀԿ-ին: Անունների պակաս էլ չկար, բայց մենք գոնե մինչեւ վաղը այդ անունները չենք տա:
ԱԺ փոխխոսնակի տեղին հավակնում են նաեւ ՕԵԿ-ականները, իսկ ԱԺ երկու հանձնաժողովների դաշնակցական նախագահները, ըստ լուրերի, գուցեեւ պահպանեն պաշտոնները: Համենայն դեպս` եթե դա նրանց առաջարկեն, նրանք չեն մերժի, այդ էր հասկացվում ՀՅԴ-ական պատգամավորների հետ զրույցներից:
Երեւի այդ տրամադրությունների արձագանք էր Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությունը, որ եթե պատգամավորներից նախաձեռնող լինի ու առաջարկի, որ ԱԺ 2 հանձնաժողովների դաշնակցական նախագահներ Արթուր Աղաբեկյանն ու Արմեն Ռուստամյանը որպես պրոֆեսիոնալներ պահպանեն իրենց պաշտոնները, նա կողմ կլինի դրան: ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովն էլ «Ազգի» հետ զրույցում նկատեց, թե պառլամենտական եւ պաշտոնական դիվանագիտությունը մի քիչ տարբեր բաներ են, եւ կան պառլամենտներ, որտեղ ոչ իշխանական ուժերը պաշտոններ ունեն` տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:
ԺՀ-ն ավարտո՞ւմ է աշխատանքը
Հինգշաբթի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստ կգումարվի, որին կմասնակցի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
Երեկ հանձնաժողովում աշխատանքային խորհրդակցություն էին հրավիրվել Գ. Լուսավորիչ եւ Մաշտոցի պողոտաների շրջակայքում վիրավորված երկու քաղաքացի, ովքեր պատմեցին իրենց հետ պատահածը անցած տարվա մարտի 1-ին:
Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազգին» հայտնեց, որ առաջին անգամ էր, որ որեւէ ցուցարար, ականատես եկել էր հանձնաժողով եւ հոժարակամ տեղեկատվություն էր տրամադրում հանձնաժողովին. «Ես դա շատ կարեւորում եմ, քանի որ առանց ականատեսների վկայությունների անհնար է որեւէ բան հայտնաբերել եղած փաստաթղթերով»: Խոսքը վերաբերել է հրազենի եւ «Չերյոմուխայի» օգտագործմանը, եւ ականատեսի վկայությունները ժամանակավոր հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի մեջ անպայման իրենց կնիքը կթողնեն:
Ըստ Ս. Նիկոյանի` հանձնաժողովի աշխատանքներն ըստ էության ավարտվել են, մահվան հանգամանքներն ուսումնասիրված են, բայց բաց է մնացել, թե ում կողմից է մահ պատճառվել, բայց դա նախաքննական մարմնի գործն է, իսկ կոնկրետ հանձնաժողովն ունի բավարար փաստաթղթեր իր զեկույցը կառուցելու համար: Փաստահավաք խումբն էլ արդեն համագործակցում է հանձնաժողովի հետ եւ բավական նյութ է ուղարկել, որոնք վերաբերում են ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին. մասնավորապես` նախաքննական մարմնի եւ փորձագետների կատարած աշխատանքին է հիմնականում անդրադարձ արված, ընթացակարգային եւ իրավական հարթության մեջ նախաքննական եւ փորձաքննական գործողություններ կատարելու խախտումներին: Փաստահավաք խումբն այս խնդրում բավական մանրամասն աշխատել է, բայց Ս. Նիկոյանը փաստահավաք խմբի ավելի ակտիվ աշխատանքն է ակնկալում: Փաստորեն, ժամանակավոր հանձնաժողովին մնացել է որոշ դետալներ ճշտել, լսել նախկին ոստիկանապետին եւ մի քանի ականատեսի:
Ավելին ասում են ավանակին
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձ անելով Օբամայի օգտագործած հայերեն «Մեծ եղեռն» բնորոշմանը, ասաց, թե ՀՀ արտգործնախարարությունը պետք է պաշտոնապես հանդես գա «Մեծ եղեռն» հասկացության քաղաքական եւ լեզվաբանական իմաստի հստակ մեկնաբանությամբ, որը տեղ չթողնի ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձում առկա «Մեծ եղեռն» հասկացության թուրքական նենգափոխման համար: Քանի որ Մեծ եղեռնը, այսինքնՙ ոճիրը, չարագործությունը, կոտորածը Գյուլն իր ժողովրդի համար մեկնաբանել է, թե Օբաման գենոցիդի փոխարեն մեծ ողբերգություն բառն է օգտագործել` որպես հայերի, թուրքերի, մահմեդականների «Մեծ ողբերգություն», «Մեծ եղեռն» հասկացությունը կեղծելով եւ դրա համար պատասխանատվությունը հայերի, թուրքերի ու մահմեդականների միջեւ կիսելու ճանապարհով գնալով եւ քողարկելով Թուրքիայի կողմից ցեղասպանությունը պետականորեն կազմակերպած լինելու իրողությունը. «Հայաստանը պարտավոր է տեր կանգնել Հայոց ցեղասպանությանը տված Օբամայի հետեւյալ գնահատականին. «Մեծ եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ այնպես, ինչպես ապրում է հայերի սրտերում»: Այստեղ Վիկտոր Դալլաքյանն անսպասելի զայրացավ. «Ավելին ասում են ավանակին», ասաց` չգիտես ում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնասենյակում հանդիպեց եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տվեց ԱԺ խմբակցությունների ղեկավարներին: