«Իսկապե՞ս, չենք նկատել, որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից: Եթե նկատենք` կասենք: Իրական ընդդիմության իրավունքը պետք է բացառել»: Այսպիսի արտահայտությամբ երեկ սկսվեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսը «Փաստարկ» ակումբում: Զուրաբյանը հանդիպման ժամանակ մի քանի անգամ նշեց, թե չեն հավատում, որ Դաշնակցությունը դարձել է ընդդիմություն: Հետեւաբար որեւէ կարծիք այդ առնչությամբ չեն կարող հայտնել: Թե ինչպիսի չափանիշներ պետք է ունենա արդեն ընդդիմադիր Դաշնակցությունը, որ կարողանա համոզել ՀԱԿ-ին` Զուրաբյանը չներկայացրեց, միայն ասաց. «Դուք չգիտեք, թե ինչ կանի: Բայց եթե անի` միանգամից կհասկանաք, որ նրանք ընդդիմություն են»: Խոսքերը պարզաբանելու լրագրողների առաջարկներն ապարդյուն անցան:
Այնուհետեւ ընդդիմադիր գործիչը անդրադարձավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ Շվեյցարիայում կնքած համաձայնագրին: Բանախոսը նկատում է, որ բանակցային գործընթացի ժամանակ պետք է պահպանվի գաղտնապահությունը: «Սակայն համաձայնագիրը ստորագրելուց հետո գաղտնի պահել փաստերը` անօրինականություն է»:
Զուրաբյանը, հղում կատարելով հուսալի մարդկանց, ասաց, թե լուրջ ինֆորմացիա ունեն, որ համաձայնագրում առնված է նաեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը, ինչին ՀԱԿ-ը կտրականապես դեմ է: «Այդ կերպ Թուրքիան կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը»: ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակը հրաժարվեց իրենց տեղեկատուի անունը հրապարակելուց: Միայն հավելեց, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք ներկա պահին չի կարող բացահայտել ու ներկայացնել հանրությանը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները երկու անգամ հանդիպել են Մեթյու Բրայզայի հետ: Զուրաբյանի դիտարկմամբՙ քննարկվել են հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման հարցեր: ՀԱԿ-ում կողջունեն հայ-թուրքական հարաբերությունները միայն այն ժամանակ, երբ իշխանությունները ներկայացնեն կնքված համաձայնագրի մանրամասները:
«Սերժ Սարգսյանը օգտագործում է Ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները` ընդդիմությանը ջարդելու նպատակով: Ներկայացնում է միջազգային հանրությանը, թե մեծ գործեր է անում, որպեսզի նրանք աչք փակեն, թե երկրի ներսում ինչ անօրինականություններ է կատարում: Իշխանությունները պետք է փորձեին ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծել: Սակայն հակառակն են անում: Ռեպրեսիվ քաղաքականություն են վարում ժողովրդի դեմ», ասում է Զուրաբյանը:
Որպեսզի ընդդիմադիրները համոզվեին, որ Հայաստանում դեմոկրատիան վերջնականապես չի ջախջախվել` Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեին քաղբանտարկյալներին:
Զուրաբյանի դիտարկմամբ, եթե մայիսի 31-ին քաղաքապետի օրինական ընտրություններում հաղթանակ չգրանցեն, ապա կհրաժարվեն հետագա պայքարից: «Սակայն իշխանությունները պատրաստ չեն օրինական պայքարի: Դպրոցում ապօրինի հանձնարարականներ են տրվում, 100 տոկոսանոց ցուցակներ են կազմում, կան կեղծիքներ, որոնց արձագանք չկա», ասում է Լեւոն Զուրաբյանը:
Վերջինս նկատում է, որ ընդդիմության հաղթանակը Երեւանում կփոխի քաղաքական մթնոլորտը: «Ընդդիմությանը հնարավորություն կտրվի գործով ներկայացնելու դիրքորոշումները: Ժողովուրդը կկարողանա համեմատել քաղաքական երկու ուժերի կատարածը: Լուրջ հակակշիռներ կստեղծվեն, Երեւանի կոռուպցիոն սխեման կքանդվի: Բացի այդ կստեղծվի նոր տրամադրություն: Շատերը, որ այսօր իրենց ապագան կապում են վարչախմբի հետ` կհասկանան, որ սխալ ընտրություն են կատարել: Դա կբերի հենարանի թուլացման: Նրանք կհասկանան, որ պետք է գնան ընդդիմության հետ երկխոսության», ասում է Զուրաբյանը:
Ընդդիմության առաջիկա անելիքներից Զուրաբյանը առանձնացրեց մայիսի 1-ին կայանալիք հանրահավաքը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շարք վերլուծություններ կկատարի:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ