Նման համոզմունք հայտնեց Տիգրան Սարգսյանը
Հայաստանի քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություն «Նաիրիտը», 4-5 ամսվա դադարից հետո, ընթացիկ ամսվա ընթացքում վերսկսեց իր գործունեությունը եւ մի քանի օր առաջ արտադրանք թողարկեց: Այդ կապակցությամբ, ինչպես նաեւ ձեռնարկության գործունեությանը ծանոթանալու եւ զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով երեկ «Նաիրիտ գործարան» ընկերություն այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ վարչապետի ժամանելը «Նաիրիտի» գործունեությանն առնչվող լրագրողների հարցերին պատասխանեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը: Նա հայտնեց, որ մայիսի 5-10 գործարանը կսկսի աշխատել իր ամբողջ հզորությամբ, թողարկելով օրական միջինը 700 տոննա քլորոպրենային կաուչուկ: Ներկայումս 1000-ից ավելի աշխատողներ վերադարձել են աշխատանքի: Ձեռնարկության աշխատանքի ժամանակավոր դադարը գլխավոր տնօրենը բացատրեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով եւ կաուչուկի գների կտրուկՙ 2,5 անգամ անկմամբ: Այժմ, ըստ Վահան Մելքոնյանի, կաուչուկի պահանջարկն աճել է: «Նաիրիտի» արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է Եվրոպա, մնացածը աշխարհի տարբեր երկրներ: Նշվեց, որ աշխարհում կաուչուկի պահանջարկը տարեկան կազմում է 400 հազար տոննա: «Նաիրիտն» արտադրում է տարեկան 8 հազար տոննա: Այդ ծավալը կհասցվի 30 հազար տոննայի, երբ անցում կատարվի կաուչուկի ստացման ացետիլենային եղանակից բութադիենայինի: Նախատեսվում է մինչ տարեվերջ անցնել այդ տեխնոլոգիային, ինչն էապես կնվազեցնի թողարկվող արտադրանքի ինքնարժեքը: Խոսելով ընկերության պարտավորությունների մասին, Վահան Մելքոնյանը նշեց, որ բոլոր պարտքերը մարված են, այդ թվում` աշխատավարձերի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Ժամանելով ձեռնարկություն, Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարներն ու ոլորտի մյուս պատասխանատուները շրջեցին արտադրամասերով, ծանոթացան աշխատանքային պայմաններին, ճաշեցին բանվորական ճաշարանում: Այնուհետեւ վարչապետը զրուցեց աշխատակիցների հետ: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նրանց հուզող ամենակարեւորՙ աշխատավարձերի հարցին: Նա կարեւորեց բարձրորակ մասնագիտական աշխատուժի անհրաժեշտությունն այս գործարանում եւ ընդգծեց, որ առանց բարձր աշխատավարձի հնարավոր չէ ապահովել դա: Վարչապետը հայտնեց, որ, ըստ վերակառուցման եւ զարգացման ծրագրի, այս տարի ձեռնարկությունում աշխատավարձերի 20 տոկոսով բարձրացում է նախատեսված:
Լրագրողներին Տիգրան Սարգսյանն ասաց, որ «Նաիրիտի» համար կարեւոր խնդիրը անցումն է կաուչուկի արտադրության բութադիենային տեխնոլոգիային, որը տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Դա նշանակում է, որ հզորությունները կավելանան: Ըստ վարչապետի, ձեռնարկության զարգացման ծրագրով նախատեսվում է, բացի կաուչուկների արտադրությունից, «Նաիրիտում» զարգացնել քիմիական այլ արտադրություններ եւս: Այդ դեպքում աշխատատեղերի քանակը կարող է հասնել մինչեւ 6 հազարի: Տիգրան Սարգսյանն այն կարծիքը հայտնեց, որ «Նաիրիտը», լինելով կառուցվածքաստեղծ գործարան, կարեւոր նշանակություն ունի արդյունաբերության, գիտության զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման առումով: «Քիմիան ընդհանրապես հեռանկարային ճյուղ է եւ առանց «Նաիրիտի» այն չենք կարող զարգացնել: Մենք աշխարհի հզորագույն քիմիական արդյունաբերական պետություն կլինենք, միայն եթե «Նաիրիտը» աշխատի», եզրափակեց վարչապետը:
Ի դեպ, աշխատավարձերի մասին: Ձեռնարկության բանվորական անձնակազմի աշխատակիցների հետ մեր զրույցների ժամանակ տեղեկացանք, որ աշխատավարձի միջին չափն այստեղ 90-100 հազար դրամ է: Ինչն իսկապես ցածր է թունավոր արտադրությունում աշխատողների համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ