«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


«ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԸՆԵ ԱՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ, ՈՐ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԸՐԻՆ...»

Իմ այսօրվա զրուցակիցըՙ Վենետիկից ճարտարապետ Ռոբեր Պզտիկյանը, հրավիրված էր մասնակցելու ճարտարապետների համահայկական առաջին համաժողովին: Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված ցուցահանդեսին սփյուռքահայ ճարտարապետների իտալական ստենդը ներկայացնում էր նրա աշխատանքները:

Ռոբեր Պզտիկյանը 1974-ին եղել է Վենետիկի ճարտարապետական համալսարանի դափնեկիրը: 1976-ին սերտ համագործակցություն է սկսում Իտալիայում առաջին մասնագիտացված տուրիստական «Էդիլտուր» ընկերության հետ, 1978-80-ին` աշխարհահռչակ ճարտարապետ Մարչելլո դը Օլիվոյի հետ ծրագրում Սիստիանայի ծովափնյա 5000 հոգանոց տուրիստական կենտրոնի կառուցումը: Իր նախագծերով բազմաթիվ կառույցներ են իրականացվել Սիրիայում, Եմենում եւ այլ երկրներում: 1985-ից նա գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում Վենետիկում: Ներկայումս աշխատում է Հյուսիսային Իտալիայի եւ Խորվաթիայի տուրիստական բազաների ստեղծման ծրագրերի վրա:


- Ձեր տպավորությունները համաժողովից:

- Անշուշտ, առաջին անգամը ըլլալով, որոշ կազմակերպչական սխալներ եղած էին: Հստակորեն, որոշ կետերու մեջ եթե անփութություններ չըլլային, դյուրին կըլլար ամենուս համար` ավելի պատրաստ ներկայանալու համագումարին: Բայց գաղափարը շատ լավ է:

- Ինչի՞ն կծառայի այդ գաղափարը:

- Նախեւառաջ ճարտարապետներու, ճարտարագետներու, շինարարներու միություն մը ստեղծելու, անշուշտ զիրար ճանչնալու, որպեսզի որոշ մասնագետներ կարենան իրենց օժանդակությունը բերել Հայաստանին, այլապես իմաստ մը չունի, եթե կողմերը որեւիցե օգտակարություն պիտի չբերեն երկրին: Ես կկարծեմ, այդ է նպատակը:

- Ինչպիսի՞ն կարող է լինել այդ օգտակարությունը` գաղափարներո՞վ, համատեղ ծրագրերո՞վ, խորհրդատվությա՞մբ:

- Անշուշտ, միջոցները տարբեր կըլլան: Առաջին գաղափարը, որ կրնամ տալ` Հայաստանը չընե այն սխալները, որ ուրիշ, նույնիսկ արեւմտյան ամենեն զարգացած երկիրները գործած են ճարտարապետական գետնի վրա` փչացնելով բնությունը, անցյալին ճարտարապետությունըՙ երկրին հիմնական գեղեցկությունը: Այդ սխալները եթե ընե, մեծ վնաս կբերե մեր ազգին, ժողովուրդին, ապագային, մեր զավակներուն:

- Նկատեցի՞ք այդպիսիք արդյոք:

- Քանի մը հատ տեսա արդեն Երեւանի մեջ: Անշուշտ, որոշ տնտեսական ուժերու հանդեպ պետք է հսկողություն ընե պետությունը, որպեսզի չարաշահումներ չըլլան: Իհարկե, ավելի շահաբեր է 50 հարկանոց շենք մը շինել, քան յոթը, բայց եթե այդ շենքը պիտի փչացնե Երեւանը, արժե՞ արդյոք:

- Դուք մասնագիտացած եք տուրիզմի ճարտարապետության ոլորտում: Ի՞նչ բնորոշ գծեր ունի, կարելի՞ է այն զարգացնել նաեւ Հայաստանում, կա՞ն արդյոք մեզ մոտ բնական, մարդկային տվյալներ:

- Գլխավորաբար այս ճարտարապետությունը կփորձե տեղվույն մեջ ստեղծելու այնպիսի պայմաններ, ուր կարելի ըլլա 10-15 օր հանգստանալ` ունենալով բոլոր ծառայությունները, անշուշտ, հարգելով տեղանքին բնությունը, պատմությունը: Հիմնական բան մը կա սակայն: Չի բավեր պանդոկ կամ հանգստավայր ստեղծել միայն, անհրաժեշտ է ենթակառույցներու վրա մտածել, ամբողջ միջավայրը պատրաստված պիտի ըլլա հյուր ընդունելու` մաքուր ճամփաները, ցուցատախտակները, հանգստի կետերը, ասոր կըսեն երկրորդական տուրիզմ: Հայաստանի մեջ պատմական շատ վայրեր կան, որոնք պիտի ընդունելի ըլլան: Երեւակայեցեք, ի՜նչ կարելիություններ կան Հայաստանի մեջ եւ ինչպես այդ պատմական հնությունները, բնածին գեղեցկությունները` Ջերմուկը, մյուսները կարելի է օգտագործել տուրիստիկ գետնի վրա: Ասոնք պիտի նորոգվին, օժանդակ ծառայություններ պիտի ստեղծվեն: Պիտի ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ներդրողներ գան, եւ պետությունը պետք է զբաղի այս հարցերով եւ ոչ թե անհատները:

- Ճարտարապետական բազմաթիվ հետաքրքրական նախագծեր եք հեղինակել Իտալիայում եւ այլ երկրներում, արդյունքում` հարմարավետ ու գեղեցիկ կառույցներ: Ունե՞ք Հայաստանի հետ կապված ծրագրեր, մտահղացումներ:

- Ինձ կզարմացնե, որ Հայաստանը տիպար հայկական գյուղ մը չունի: Մինչ կտեսնենք հին նկարներու մեջ հայ գյուղին ամբողջական հմայքը` տափակ երդիկներով, աղբյուրներով եւ հատկապես գյուղամեջի գաղափարը չկա ներկայիս. տուները շարված են գլխավոր ճամփու մը երկայնքին, առանց հրապարակի մը, մշակույթի տան մը, սրճարանի մը, աղոթատեղիի մը: Կկարծեմ` պետք է վերականգնել հայկական բոլոր գյուղերը, հատկապես անոնք, որ պատմական անցյալ մը ունին: Կը պատկերացնեմ իտալական գյուղերուն պես, արդիական միջոցներով վերականգնած, կեդրոնը` հրապարակը, եկեղեցին, դպրոցը, անշուշտ, պահպանելով հայկական անցյալի ճարտարապետական ոճը: Ինձի կթվա, որ այս ծրագիրը կարելի է սկսիլ համալսարանական երիտասարդներու ուժերով: Կմաղթեմ, որ երիտասարդներուն տրվի այս ուղղությամբ ուսումնասիրություններ ընելու հնարավորություններ եւ գաղափարներ: Օրինակ, կղմինդրե տանիքները եւ թիթեղները կպատկանի՞ն արդյոք հայկական ճարտարապետությանը, արդյոք ամեն նահանգ նույն ճարտարապետությո՞ւնը ուներ եւ այլն:

- Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից ճարտարապետության, ճարտարապետության ավանդական մոտեցումների եւ գերարդիական ձեւերի մասին, դրանց նպատակահարմարությունը ինչպե՞ս եք տեսնում:

- Ինձի համար անիմաստ ճարտարապետություն է Ծոցի երկիրներու մեջ կառուցած շենքերը, որոնք ոչ մեկ կապ ունին իրենց երկրի մշակութային անցյալի հետ: Իսկական ճարտարապետությունը պարտավոր է տեղվույն բնությունը, պատմությունը, մշակույթը հարգե: Այս երեքն են հիմնական պայմանները: Ճարտարապետությունը պիտի ըլլա նախեւառաջ մարդու համար, ոչ թե դրամի, ոչ ալ փառքի համար: Եվ ճարտարապետը պետք չէ փորձե ամեն գնով իր ճարտարապետական շնորհքը, «քաջությունը» ցույց տա:

Ես կկարծեմ` այդ գերարդիական ճարտարապետությունը շուտով կհոգնեցնե: Առհասարակ, այն կպատկանե առաջադիմական երկիրներուն, որոնց պայմաններու մեջ ալ ստեղծվեցավ եւ պայման չէ, որ մենք ալ այդ ձեւերը կրկնենք: Մենք ունինք մեր պատմությունը, մեր մշակույթը: Կրնանք հպարտ ըլլալ Թամանյանով եւ ուրիշ ճարտարապետներով, որ մեր պատմությունը վերամշակած են շատ հաջող կերպով:

- Երեւանի նախկին նկարագիրը եւ արդիական մասը, ի՞նչ եք կարծում, ներդաշնակվա՞ծ են:

- Երեւանի մեջ կան այնպիսի նոր կառույցներ, որոնք շատ լավ հարմարած են եւ կան, որ իսկապես աչքի մեջ բռունցք մըն են, ավելի լավ, որ չըլլային:

Երեւանը ապրելու համար շատ հաճելի քաղաք է, մանավանդ հարմարավետ է կեդրոնը, որ պատմական կեդրոն է, որովհետեւ մարդկային չափանիշներով կառուցված է եւ իսկապես կրնա համեմատվիլ եվրոպական քաղաքներու հետ: Ես օրինակ կբերեմ Փարիզը, Վիեննան, կնմանեցնեմ նաեւ Զագրեբի կեդրոնի հետ: Որովհետեւ այդ շրջանին շատ կարեւորություն տրված էր բնապահպանության, կանաչության, կարգ ու կանոնի, օրենքներու, ձեւերու համաչափության: Շատերուն կթվի, թե այդ շենքերը հինցած են, բայց կբավե քիչ մը մաքրել, նորոգել, լուսավորել. ասոնք ամեն մեկը գլուխգործոցներ են: Ես կառաջարկեի Երեւանի շենքերը սկսած 1900-1950 թվականները լուսավորել, ինչպես լուսավորված է Հանրապետության հրապարակը: Մենք բախտը չենք ունեցած պատմական պատճառներովՙ պահելու մեր միջնադարյան գյուղերը, քաղաքները, ինչ որ Իտալիան ունի, բայց բախտավոր ենք, որ վերածնունդ եղած է 1920-30-ական թվականներուն Թամանյանի շնորհիվ: Թամանյանը մեծ մարդ է, մեծ ճարտարապետ:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4