«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


ԹՄՄ-Ն ՊԱՏՎՈՒՄ Է 10 ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԻ

Հիմնադրման 60-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միությունը Մոնրեալի իր մասնաճյուղի միջոցով որոշել է պատվել միջազգային ճանաչման արժանացած 10 կանադահայերի, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 11-ի համարը: Պաշտոնական հավաքույթը տեղի կունենա մայիսի 2-ին «Մաունթ Սթիվն» ակումբում Քվեբեկի մշակույթի նախարարի հովանավորությամբ եւ կապի նախարարության ու կանանց «Քրիստին Սենպիեռ» կազմակերպության աջակցությամբ:

Տասը արժանիների թվում են գրող Հակոբ Հաչիկյանը, սոպրանո Ալին Գութանը, նկարիչ Արման Թաթոսյանը, քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, երաժշտագետ Մարիվոն Քենդերջին, դիրիժոր Փիթեր Ունճյանը, դիրիժոր եւ դաստիարակ Րաֆֆի Արմենյանը, կոմպոզիտոր եւ մեկնաբան Րաֆֆին: Նրանցից յուրաքանչյուրը կստանա Արտո Չաքմաքչյանի պատրաստած խորհրդանշական «Թեքեյան» մրցանակ-քանդակը: Էգոյանն ու Ունճյանը, ըստ հաղորդագրության, ներկա չեն գտնվելու հանդիսությանը զբաղվածության պատճառով, բայց իրենց ուղերձները փոխանցելու են տեսաժապավենների միջոցով:

Տեսաֆիլմերի ցուցադրումով ներկայացվելու են յուրաքանչյուր արվեստագետի ձեռքբերումները:

«Պատվի արժանացածները բոլորն էլ Կանադայի եւ Քվեբեկի Օրդենի շքանշանակիրներ են: Մեր նպատակն է գնահատել նրանց վաստակը որպես հայ մշակույթի դեսպանների եւ դրամահավաք կազմակերպել հիմնելու «Մշակույթի մի հիմնադրամ», որը կխրախուսի կանադահայ երիտասարդ արվեստագետների գործունեությունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4