«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԻՎՈ ՇՈՒՇԱԿԻՆ

«Միկայում» մարզչական փոփոխությունները հաճախակի են

Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում դեռ նոր է մեկնարկել, սակայն արդեն բարձրագույն խմբի 3 թիմերում մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել: «Գանձասարից» ու «Արարատից» հետո «իշխանափոխություն» տեղի ունեցավ նաեւ «Միկայում»: Խորվաթ մարզիչ Իվո Շուշակը պաշտոնանկ է արվել, որին փոխարինել է Սամվել Դարբինյանը: Վերջինիս մարզչական աշխատանքում կօգնեն Շուշակի օգնական Գորդան Ցիպրիչը, ինչպես նաեւ Բաբկեն Մելիքյանն ու Վահան Նիկոլյանը:

Անկեղծ ասած, Իվո Շուշակի պաշտոնանկությունը սպասելի էրՙ հաշվի առնելով «Միկայի» վերջին հանդիպումների արդյունքները եւ վերջին տարիներին թիմում հաճախակի տեղի ունեցող մարզչական փոփոխությունները: Անհաջողությունները «Միկայի» հովանավոր Միքայել Բաղդասարովը չի ներում: Միայն թե հաճախակի մարզչական փոփոխություններն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս:

Թիմ հրավիրելով Իվո Շուշակին եւ մի խումբ լեգեոնականների, ակումբի ղեկավարությունը հույս ուներ մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ կազմավորել եւ գավաթի մրցաշարում հաջող մրցելույթների շնորհիվ եվրոլիգայի (նախկին ՈւԵՖԱ-ի գավաթ) ուղեգիր ձեռք բերել: Մեկնարկը վատ չէր եւ հույսեր կային, թե «Միկան» այս տարի լուրջ մարտահրավեր կնետի «Փյունիկին» չեմպիոնության համար մղվող պայքարում: Սակայն հետագա հանդիպումներում «Միկան» աստիճանաբար զիջեց դիրքերը: Վճռորոշ եղան «Բանանցից» առաջնությունում եւ գավաթի կիսաեզրափակիչում կրած երկու պարտությունները: Իսկ երբ առաջնության 5-րդ տուրում «Միկան» չկարողացավ հաղթել «Ուլիսին», ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվեց եւ Իվո Շուշակի ճակատագիրը վճռվեց:

Իվո Շուշակը օտարերկրացի 2-րդ մարզիչն էր, որին բախտ վիճակվեց թեկուզ կարճ ժամանակով գլխավորել «Միկան»: 2002-ին «Միկայի» ղեկավարությունը թիմը մարզելու էր հրավիրել ռուսաստանցի Վալերի Գլադիլինին, որն իր հետ բերել էր մի խումբ լեգեոնականներիՙ 40-ամյա Սերգեյ Գոռլուկովիչի գլխավորությամբ: Գլադիլինը «Միկայում» աշխատեց մինչեւ մայիսի կեսերը: Նրա գլխավորությամբ «Միկան» առաջնության 2 հանդիպումներում մեկական հաղթանակ ու պարտություն էր գրանցել: Մայիսի 9-ին թիմը Սուպերգավաթի մրցախաղում 1-2 հաշվով զիջեց «Փյունիկին», իսկ մի քանի օր անց փյունիկցիների հետ գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում պարտվեց: Այդ խաղից հետո Գլադիլինը պաշտոնանկ արվեց: Թիմի ղեկը ստանձնեց Էդուարդ Մարգարովը, որին 5-րդ տուրում փոխարինեց Արամայիս Տոնոյանը: Սակայն դա էլ մարզչական փոփոխության վերջը չէր: 16-17-րդ տուրերում «Միկայի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Վաղարշակ Ասլանյանը, իսկ առաջնության վերջին 5 խաղերում գլխավոր մարզիչը Լիբանանից վերադարձած Սուրեն Բարսեղյանն էր:

Անցած մրցաշրջանում էլ «Միկայում» մարզչական հերթափոխը շարունակվեց: Թիմը մրցաշրջանը սկսեց Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ: Վերջինս 2007-ի 7-րդ տուրից հետո փոխարինել էր Արմեն Ադամյանին: Անդրեասյանին հաջողվել էր բավական լավ թիմ ձեւավորելՙ տեղ տալով նաեւ երիտասարդներին: Սակայն 12-րդ տուրում «Բանանցին» 1-3 հաշվով զիջելուց հետո Անդրեասյանն իր տեղը զիջեց Իշտվան Սեկեչին, որը մինչ այդ ակումբի նախագահն էր: Նրա գլխավորությամբ «Միկան» առաջնությունում ընդամենը 7 խաղ անցկացրեց, որից հետո թիմի ղեկը կրկին ստանձնեց Սուրեն Բարսեղյանը: Սակայն նա էլ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից:

«Միկայի» ղեկը վստահվել է հանրապետության վաստակավոր մարզիչ, բանիմաց ու փորձառու մասնագետ Սամվել Դարբինյանին: Վերջինս մինչ այդ «Միկայի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն էր: Իր բազմամյա մարզչական կենսագրության ընթացքում Սամվել Դարբինյանն առաջին անգամ է ստանձնում «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը: 1992-94-ին նա գլխավորել է Երեւանի ՀՄՄ-ՖԻՄԱ-ն, որը հասել է իր լավագույն արդյունքին (4-րդ տեղ): Մրցաշրջան-95-ը նա դիմավորեց «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնումՙ փոխարինելով ՀՖՖ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Սամվել Դարբինյանի գլխավորությամբ «Արարատն» այդ տարի նվաճեց հանրապետության գավաթը, ինչպես նաեւ մեր թիմերից առաջինը հաղթահարեց եվրոգավաթների խաղարկության առաջին փուլի արգելքը:

1996-98-ին Դարբինյանը բեղմնավոր մարզչական գործունեություն ծավալեց նորաստեղծ «Երեւանում»: Թիմը նրա գլխավորությամբ նախ արժանացավ բրոնզե մեդալների, ապա 1997-ին դարձավ հանրապետության չեմպիոն: Այնուհետեւ Դարբինյանը գլխավորեց «Կիլիկիան», իսկ 2001-ին, երբ երկամյա ընդմիջումից հետո կրկին վերակազմավորվեց «Փյունիկը», փորձառու մարզիչը թիմին չեմպիոնական բարձունքի հասցրեց: Սամվել Դարբինյանն աշխատել է նաեւ արտերկրում: Ավելորդ չէ հիշեցնել, որ 1995-96-ին նա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր:

Հուսանք, որ Սամվել Դարբինյանին կհաջողվի կարգավորել «Միկայի» խաղն ու վերջինս արժանիորեն հանդես կգա Հայաստանի առաջնությունում: Մնում է հաջողություն մաղթել նրան դժվարին աշխատանքում, իսկ «Միկայի» ղեկավարությանըՙ մի փոքր համբերություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4