«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


«6,1 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄԸ «ՀԵՏ ԲԵՐԵԼԸ» ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ»

Ներսես Երիցյանը նշեց նաեւ, որ ֆինանսավորման մեծ ներհոսքը սպասվում է հուլիսին

Այս տարվա հուլիսի 7-8-ը Հայաստանում տեղի կունենա «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողով, որը նախաձեռնել է Վաշինգտոնում գործող հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը: Համաժողովի թեմաների մասին երեկ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկություններ հաղորդեցին այդ խմբի ներկայացուցիչներ Հեղինե Մանասյանը եւ Արման Գաբրիելյանը, իսկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց ճգնաժամի ներկա դրսեւորումների եւ սպասվող զարգացումների վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նախարարը թվարկեց կառավարության ձեռնարկած քայլերը ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ: Դեռ անցյալ տարվա վերջին փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկային միջոցներ հատկացվեցին: Շինարարության աշխուժացման համար ընտրվեց ոչ ավանդական տարբերակըՙ պետական երաշխիքների տրամադրումը: Ներսես Երիցյանը նշեց, որ զբաղվածության ցուցանիշները գոնե 2007-ի համեմատ ավելի լավն են, քանի որ կառավարությունից աջակցություն ստացած բիզնեսը ստեղծում է նոր աշխատատեղեր: Նախարարը եւս մեկ անգամ խոսեց ճգնաժամի գլոբալ բնույթի մասին, ասելով, որ համաշխարհային տնտեսության անկումը, համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, կշարունակվի եւ իր ամենամեծ խորությանը կհասնի այս տարվա վերջին: Նա հիշատակեց, որ տնտեսական զգալի անկման ցուցանիշներ են արձանագրել ԱՄՆ-նՙ 6-7 տոկոս, Ճապոնիանՙ 12 տոկոս, Արեւելյան Եվրոպայի երկրներըՙ միջինը 10 տոկոս:

«Ազգի» հարցին, թե առաջին եռամսյակում արձանագրված 6,1 տոկոս տնտեսական անկումը կհաջողվի՞ մինչեւ տարեվերջ վերականգնելՙ հասցնելով գոնե զրոյական վիճակի, Ներսես Երիցյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, առաջին եռամսյակի 6,1 տոկոս անկումը «հետ բերելը» տարվա մնացած ժամանակահատվածում դժվար է լինելու: Նա միաժամանակ ընդգծեց, որ սպասվող ֆինանսավորման մեծ ալիքը Հայաստան է ներհոսելու հուլիս ամսից սկսած, ինչին գումարվելու է ամռանը բնորոշ աշխուժացումը: Որքան էլ անկում լինի, ըստ էկոնոմիկայի նախարարի, տնտեսական ակտիվությունը 2007-ից ցածր չի լինի:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման տնտեսական ազդեցություններին, Ներսես Երիցյանն այն կարծիքը հայտնեց, որ շուկաների բաց լինելը շահավետ է երկու երկրների համար էլ, քանզի սահմանի փակ լինելը հովանավորչության ամենավատ տեսակն է: Մեր բիզնեսի համար սահմանի բացման դեպքում լրջորեն կնվազեն տրանսպորտային ծախսերը, ինչը մեծ խնայողությունների կբերի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4