«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ԵՐԵՔՆ ԵՆ

Ադիբեկյանի անցկացրած սոցհարցման արդյունքները

Սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանին նախագահական ընտրություններից հետո մի շարք քաղաքական ուժեր մեղադրեցին ստախոսության մեջ: Ձեռնպահ չմնաց նաեւ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` վերջինիս անվանելով «Ահարոն Սուտիբեկյան»: Ադիբեկյանի ներկայացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների հավաստիությանը օրերս կասկածել են նաեւ մի շարք լրատվամիջոցներ` հարցնելով, թե «նախագահական ընտրություններում սխալ հաշվարկից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ, որ Ադիբեկյանը առաջիկա քաղաքապետի ընտրությունների ժամանակ սոցիոլոգիական ճշգրիտ պատկեր կներկայացնի»: Կարծես այս խոսակցությունները վրդովեցրել են Ադիբեկյանին: Սոցիոլոգը որոշել է այլեւս չներկայացնել վարկանիշներ, որպեսզի հետագայում «ստախոսի» անուն չվաստակի:

«Դե ֆակտո» մամուլի ակումբում իր վրդովմունքը ներկայացնելուց զատ Ադիբեկյանը նշեց, որ Երեւան քաղաքի ընտրությունների կապակցությամբ արդեն երկրորդ հարցումն են կատարել: Պատվիրատուները երկուսն են, սակայն սոցիոլոգը մատնանշեց միայն ՀՀԿ-ի անունը: Լրագրողների առաջարկությունը` ներկայացնել երկրորդ պատվիրատուին, անցավ ապարդյուն: Սոցիոլոգը նկատեց, թե այնքան էլ տեղին չի լինի հասարակությանը ներկայացնել պատվիրատուի անունը: Մինչ հարցում կատարելը պատվիրատուները պահանջել են գաղտնիություն պահել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրանք որեւէ արգելք չեն դրել սոցիոլոգի առջեւ արդյունքները հրապարակայնացնելու հարցում: Միայն պահանջել են չներկայացնել վարկանիշներ:

Հարցումն անցկացվել է ապրիլի 18-19-ին: Հարցմանը Երեւանի բոլոր համայնքներից մասնակցել է 1650 հոգի: Նրանցից 30 տոկոսը մերժել են ընտրություններն ու բացառել իրենց մասնակցությունը: Մնացած 70 տոկոսի միայն մի մասն է իրազեկ առաջիկա ընտրությունների ընթացքին:

Երեւան քաղաքում վերջին մի քանի տարվա ընթացքում կատարված փոփոխություններըՙ ճանապարհաշինության, աղբահանության, կանաչապատման, փողոցների լուսավորության եւ այլ ոլորտներում, դրական է գնահատել հարցման մասնակիցների 65-տոկոսը:

Մինչ ընտրությունները նախընտրական մթնոլորտի պարզումը նույնպես եղել է սոցիոլոգի օրակարգում: «ՀԱԿ-ը ընտրություններին հակված է տալու քաղաքական երանգ, ի տարբերություն ՀՀԿ-ի, որի տրամաբանությամբ քաղաքապետը պետք է լինի քաղաքի «լիֆտյորը, էլեկտրիկը, հավաքարարը» եւ այլն»:

Ադիբեկյանը նկատում է, որ տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցել է հասարակության կարծիքի վրա. քաղաքացիների որոշ հատվածը ցանկանում է քաղաքապետի պաշտոնում տեսնել այն թեկնածուին, որն իր ծրագրում կխոստանա մեղմել տնտեսական հարվածը: Սոցիոլոգը որպես հաջողված օրինակ ներկայացնում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի ծրագիրը, որտեղ մի շարք կետեր վերաբերում էին հենց տնտեսական հարվածի մեղմացմանը:

Եթե 2007-ին Երեւանի բնակչության մեծամասնությունը համոզմունք էր հայտնում, որ քաղաքապետն անպայման պետք է լինի քաղաքական դեմք, այժմ երեւանցիները կարծում են, որ քաղաքին անհրաժեշտ է լավ մենեջեր: Ադիբեկյանը նշում է, որ Գագիկ Բեգլարյանն ավելի լավ է ներկայանում որպես քաղաքապետի թեկնածու, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Եթե ՀԱԿ-ի առաջին ցուցակում Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ներկայացված լիներ Արարատ Զուրաբյանը կամ Վահագն Խաչատրյանը (Զուրաբյանը Կենտրոն համայնքի թաղապետն էր, Խաչատրյանը` Երեւանի քաղաքապետը- Հ.Հ.), ապա ընդդիմությունն ավելի շատ ձայներ կհավաքեր»:

Հրաժարվելով վարկանիշային աղյուսակ տրամադրել, սոցիոլոգն ընդամենը ասաց, որ երեւանցիների 26.5 տոկոսն է Գագիկ Բեգլարյանին արժանի համարել որպես քաղաքապետի: Լեւոն Տեր-Պետրոսյանն արժանացել է 7.6, իսկ Հարություն Քուշկյանը` 5.7 տոկոսի հավանությանը:

Ըստ Ադիբեկյանի, հաղթանակի իրական հավակնորդները երեքն են` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչները: Նրանց կարող է մոտենալ ընտրության մասնակից քաղաքական ուժերից եւս մեկը` կախված քարոզարշավի արդյունքներից: Այդ ուժը կարող է լինել կա՛մ ՀՅԴ-ն, կա՛մ ՕԵԿ-ը:

Ադիբեկյանը նկատեց, որ Դաշնակցության ընդդիմություն դառնալը խառնել է իրենց խաղաքարտերը: Հետեւաբար այս պահին խոսել, թե ընդդիմադիր կեցվածքը Արծվիկ Մինասյանին ձեռնտու է, թե ոչ` անիմաստ է: Մինչ ընտրությունները Ադիբեկյանը մտադիր է անցկացնել եւս երկու նմանատիպ հարցումներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4