Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին, միության նախագահ Վարդգես Քնաջյանին (Շվեյցարիա), Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին եւ արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության բնագավառներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների սեփականատերեր Պիեռ Աքելյանին (Կանադա), Նազարեթ Սապունջյանին (Լիբանան), Գագիկ Գեւորգյանին (ՌԴ), Հակոբ Մինասյանին (ԱՄՆ) եւ Շահե Արսլանյանին (Բելգիա): Այդ մասին տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման մասնակիցները վարչապետին առաջարկել են Հայաստանում ստեղծել հիմնադրամ` ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման, հայկական ոսկերչության երեքհազարամյա պատմությունն ստեղծելու եւ աշխարհին ներկայացնելու նպատակով: Արտերկրում ոլորտի խոշորագույն հայկական ընկերությունների ղեկավարները նշել են, որ նախանշվող ծրագրերի իրականացումը հնարավորություն կստեղծի Հայաստանը դարձնելու ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության միջազգային կենտրոն, ապահովելու հազարավոր աշխատատեղեր:
Վարչապետը նշել է, որ քննարկված հարցերն ու արված առաջարկությունները կուսումնասիրվեն, դրանց մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները, որոշ խնդիրներով, անհրաժեշտության դեպքում, կլինեն նոր քննարկումներ:
Ա. Մ.