«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Ավանդական բժշկության համալսարանի (ԱԲՀ) նախաձեռնած «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրացիա» թեմայով երկօրյա միջազգային կոնֆերանսը տեղի ունեցավ ապիլի 28-29-ին Երեւանում: Այն նպատակ ուներ պրակտիկ գործունեություն ծավալած եւ տեսական ուսումնասիրություններ իրականացնող մասնագետներին հնարավորություն ընձեռել ձեռքբերումների մասին անմիջական տեղեկացում ստանալու:

«Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրացիայի արդիականությունն ակնհայտ է եւ բացատրելիՙ ժամանակակից բժշկության տեխնոլոգիական ձեռքբերումները հնարավորություն են տալիս առավել կոնկրետ ախտորոշման, իսկ ավանդական բժշկությունն ունի ավելի էժան եւ առանց կողմնակի հետեւանքների բուժելու հնարավորություն: Եվ հայտնի է, որ ավանդական բժշկությունը շատ դեպքերում կարող է ուղղակիորեն փոխարինել ժամանակակից բժշկությանը, այդ պատճառով էլ հաճախ անվանվում է այլընտրանքային», տեղեկացրեց ԱԲՀ միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ալի Նամավարը:

Նրա կարծիքով, նշյալ ինտեգրացիային եւ ավանդական բժշկության տարածմանը ինչ-ինչ պատճառներով խոչընդոտում է հենց ժամանակակից բժշկությունը, բացի այդ, գլխավոր պատճառներից է ավանդական բժշկության մասին ճիշտ պատկերացումների բացակայությունը անգամ ժամանակակից բժշկության մասնագետների շրջանում: «Այդ խնդրի լուծումներից է հաճախական եւ մասնագետների լայն մասնակցությամբ հատկապես միջազգային ֆորումների կազմակերպումն ու դրա արդյունքները լրատվամիջոցներում հրապարակելը», կարծիք հայտնեց Ալի Նամավարը:

Նրա հավաստմամբ, 1991 թվականին Նորայր Սարիբեկյանի (ԱԲՀ ռեկտոր) ստեղծած «Արեւելյան բժշկության համալսարանը» (տարածաշրջանում առաջինը եւ դեռեւս միակը), որ աշխատանք է տանում Հայաստանում արեւելյան բժշկության զարգացման եւ տարածման ուղղությամբ, առաջինն է նախաձեռնել վերոնշյալ թեմայով կոնֆերանսների անցկացումը Երեւանում: Դրանցից առաջինը տեղի է ունեցել 2007, երկրորդըՙ 2008 թվականին: Երրորդ կոնֆերանսը Ռուսաստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել նախորդած երկու օրերին: Կոնֆերանսի թեմայի շրջանակներում զեկուցումներ են ներկայացրել հայաստանյան 5 մասնագետներՙ Էլեոնորա Մինասյան (ֆիզոթերապեւտ), Հասմիկ Դավթյան (ռեֆլեքսոթերապեւտ), Վահե Վարդանյան (ռեֆլեքսոթերապեւտ), Պետրոս Ղազարյան (կենսաբանական գիտությունների դոկտոր), Աշոտ Աշոտյան (վիրաբույժ, ֆիտոթերապեւտ): Կոնֆերանսին մասնակցել են նաեւ Տաջիկստանի Ավանդական բժշկության ասոցիացիայի նախագահ, ՌԴ տեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Թոխիրի Մուլոզախուրը, Վրաստանի ավանդական բժշկության ասոցիացիայի նախագահ Թոռնիկե Ալաշվիլին: Հատուկ ներկայանալիություն եւ մասնագիտական բարձրագույն որակներ է հաղորդել կոնֆերանսին Ֆլեբոտոմիայի ազգային ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Հեյրանդիշ Հոսեինի եւ յոգայի միջազգային ուսուցիչ, իրանյան «Յոգա» ամսագրի խմբագիր Քազեմիր Նադրի մասնակցությունը:

Գիտական հոդվածների տրամադրմամբ կոնֆերանսին մասնակցել են ավանդական բժշկության եւս 24 մասնագետներ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Խոսելով կոնֆերանսների արդյունքներիցՙ ԱԲՀ միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ալի Նամավարը նշեց. «Միջազգային համագործակցության շնորհիվ երկարատեւ գործնական հարաբերություններ հաստատվեցին Իրանի համարժեք հաստատության հետ, որի կազմակերպած այս տարի Թեհրանում կայանալիք ռեֆլեքսոթերապիային նվիրված սեմինարին ի լրացում սեփական իմացությունների կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները»:

Իրանի Իսլամական Հանրապետությունից Երեւանում տեղի ունեցած «Ավանդական եւ ժամանակակից բժկության ինտեգրացիա» թեմայով կոնֆերանսին զեկույցներով մասնակցել են հետեւյալ մասնագետներըՙ Մահդի Ասկարֆարաշար, Մոհամադ Յուսեֆի, Ալի Ջավադի, Համիդ Ռեզա, Խոշնեզադ Ազամ, Աբդուլահ Բահառլուի, Աբաս Մուսավի, Ռասուլ Դալեբի, Ռեզա Ռեզայիդառեգյանառ, Ալիգո Նասերի, Ռահման Էբրահիմի, Ղոլամռեզա Քարիմի, Աքրամ Ֆալահ, Շարարե Դուսթիռեզաի, Մամաք Հաշեմի Հաբիբաբադի, Հասան Սարբազհուսեինի, Մասուդ Բալաղաթնիա, Ալդաս Թահեբնեժադ, Ամոլբանին Թավակոլի, Մոհսեն Դեհլան, Ղոլամռեզա Սալսալի, Մասուդ Փուրմեհրաբի, Շոկռոլա Միրկաֆարի։

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4