«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Գյումրիում եւ մեր հանրապետությունում ընդհանրապես մանկական հաշմանդամության հիմնախնդիրներից ոչ մեկը հիմնավոր լուծում չի ստանում: Այս եզրակացությանն են հանգեցնում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հանրային իրազեկման ծրագրով վերջերս իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին «Արեւամանուկ» հիմնադրամի դահլիճում կազմակերպված շնորհանդես-քննարկման ժամանակ: Հետազոտության նպատակն է եղել պարզել Գյումրիում ապրող հաշմանդամ երեխաների եւ նրանց ընտանիքների ամենահրատապ խնդիրները` կազմակերպության կողմից դրանց լուծմանն աջակցության աշխատանքը հետագայում առավել արդյունավետ կառուցելու համար: Քաղաքում հետազոտված հաշմանդամ երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող ախտորոշումները, ըստ ուսումնասիրության տվյալների, կապված են հոգեսոմատիկ զարգացման խանգարումների, զգացողական օրգանների հիվանդությունների, ցնցումային ախտանիշների, ներզատական (էնդոկրին), ժառանգական խանգարումների հետ: Բավական մեծ թիվ են կազմում հենաշարժողական ապարատի խանգարման հետեւանքով առաջացած հիվանդությունների դեպքերը:

Ելնելով այն մոտեցումից, որ մանկուց հաշմանդամ երեխայի դաստիարակման, սոցիալականացման, տարբեր պահանջմունքների բավարարման գլխավոր օղակը նրա ընտանիքն է, հետազոտության մեջ մեծ տեղ է տրվել այդպիսի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի ուսումնասիրությանը: Ըստ կատարված հարցման արդյունքների` քաղաքում յուրաքանչյուր 3-4 հաշմանդամ երեխաներից մեկը հայր չունի, իսկ 1,6 տոկոս դեպքերում նրանք ծնողազուրկ են, գտնվում են մեծահասակ տատի կամ պապի խնամքի տակ: Նշված անհայր ընտանիքների մայրերի ընդհանուր կրթական մակարդակը եւս բավական ցածր է, նրանց մեծամասնությունը չունի մասնագիտական որեւէ կրթություն, ինչը խիստ նվազեցնում է այդպիսի մայրերի աշխատանքային զբաղվածության հնարավորությունը: Հաշմանդամ երեխաներից միայն 23 տոկոսի հայրերը եւ 19,7 տոկոսի մայրերն են աշխատում, եւ այդպիսի երեխաներով ընտանիքների ճնշող մեծամասնությունը ծայրահեղ աղքատության, ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Այդ ընտանիքների` հարցման արդյունքներով հաշվարկված միջին ամսական եկամուտը կազմել է մոտ 33,3 հազար դրամ կամ օրական մեկ անձին` 252 դրամ... մինչդեռ մեկ հաշմանդամ երեխայի բուժման, վերականգնման, խնամքի եւ մի շարք այլ կարիքների համար ամսական միջին ծախսը հաշվարկվել է 10,8 հազար դրամ: Սրան ավելանում են նյութական, կենցաղային, բնակարանային, այս կարգի երեխաների կրթության, նրանց գերակշռող մասի ոչ բավարար սնվելու եւ այլ խնդիրներ:

Հետազոտության հեղինակ, սոցիոլոգ Զարուհի Աղայանի գնահատմամբ` հաշմանդամ երեխայի խնամքի բեռը կրող ընտանիքները բավարար չափով չեն ստանում հասարակության եւ պետության աջակցությունն ու հոգատարությունը, անկատար է սոցիալական խնամքի եւ սոցիալական աջակցության պրակտիկան: Հարցման մասնակիցները կարեւոր են համարել պետության կողմից հաշմանդամ երեխաների համար բուժօգնության, հատուկ միջոցառումների, վիրահատությունների, վերականգնողական գործընթացի հստակ եւ գործուն համակարգի ստեղծումը, երեխաների եւ նրանց ընտանիքների հետ աշխատող բժշկասոցիալական կառույցների, նրանց հետ կապված կազմակերպությունների գործողությունների համակարգումը, համապատասխան իրավունքներին, արտոնություններին հասարակության իրազեկության, երեխաների, նրանց ընտանիքների սոցիալական ներգրավվածության մակարդակի բարձրացումը եւ այլն:

Մանկական հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նշվում է ներկայացված զեկույցում, նախ եւ առաջ առնչվում են վերականգնողական գործընթացին: Ըստ հարցման գրանցված արդյունքների` ներկայումս վերականգնողական գործընթաց է անցնում Գյումրիում բնակվող յուրաքանչյուր վեցերորդ հաշմանդամ երեխան, իսկ այդպիսի ամեն 3-4 երեխայից մեկը այդ գործընթացին երբեք չի մասնակցել: Հետազոտության մի կարեւոր եզրահանգումն այն է, որ հաշմանդամ երեխաների բժշկասոցիալական վերականգնումը պետք է լինի վաղ, փուլային, տեւական, համալիր եւ ներառի ոչ միայն առողջապահական, այլեւ հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-կենցաղային, իրավական եւ այլ ծրագրեր, վերջիններիս ընտրությունը համապատասխանեցնելով յուրաքանչյուր հաշմանդամ երեխայի առանձնահատկություններին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4