«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

Եթե դպրոցները գոյություն չունենան, Սփյուռքի համայնքները կկանգնեն անհետացման վտանգի առաջ

ՄԻԱՑԵ՛Ք ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆՙ ՓՐԿԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայ լեզուն, մշակույթը եւ պատմությունը անհետացման անմիջական վտանգի կենթարկվեն, եթե միջոցներ չձեռնարկվեն ապահովելու Սփյուռքի հայ համայնքների վերապրումը եւ զարգացումը աշխարհի տարբեր տարածքներում:

Հայաստանի երիտասարդ Հանրապետությանը պետք է զորավոր Սփյուռք, առանց որի նա չի կարող գոյատեւել:

Ներկա եւ ապագա հայ սերունդների ազգային ինքնությունը պահելու միակ միջոցը դպրոցների գոյությունն է, որտեղ հայ աղջիկներն ու տղաները կգիտակցեն իրենց մարդկային իրավունքներն ու կդաստիարակվենՙ ապահովելու համար իրենց համայնքների գոյերթը եւ զարգացումը:

Այսպիսի կրթարան է Կիպրոսի Մելգոնյան հաստատությունը, որն անարդարացի կերպով փակվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կենտրոնական Վարչության կողմից: Եվ Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ աշխարհի զանազան վայրերից ներկա եւ ապագա հայ սերունդները զրկվեցին իրենց սեփական լեզվով իրենց ժառանգությունը ճանաչելու մարդկային արդար իրավունքից:

Միացեք համաշխարհային այս ստորագրահավաքինՙ դիմելու Կիպրոսի Հանրապետության կառավարությանը, որ համոզի ՀԲԸՄ.ի Կենտրոնական Վարչությանը, որպեսզի վերջինս համաձայնի վերաբացել պատմական Մելգոնյան կրթական հաստատությունը նոր տեսքովՙ գալիք սերունդների համար, իր ներկա վայրում` Նիկոսիայում:

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ
ԿԻՊՐՈՍ

Մենք` ստորագրահավաքի մասնակիցներս, առարկում ենք Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության փակմանը եւ փափագում ենք այն տեսնել վերաբացված իր ներկա տարածքի վրա, իբրեւ ուսման երկրորդական մակարդակի կրթարանՙ ծառայելու Եվրոպական Միության եւ շրջակա վայրերի բոլոր հայերին:

Մենք գիտակցում ենք այն կենսական դերը, որ ուներ հաստատությունը անցնող 80 տարիներինՙ պահպանելով ու զարգացնելով հայ լեզուն, մշակույթը եւ պատմությունը, ամենուրեք պաշտպանելով հայ ինքնությունը:

Իբրեւ միակ հաստատությունն իր տեսակի մեջ, որը հայ ուսանողներին ապահովում է իրենց ուրույն ժառանգության վրա խարսխված կրթությամբ եւ օրենքով պաշտպանված սեփական լեզվով, մենք խնդրում ենք, որ միջոցներ ձեռնարկվեն` ապահովելու նրա պահպանումը:

Խնդրում ենք, որ հաստատության հիմնադիր ու բարերար Կարապետ Մելգոնյանի ձգտումները հարգվեն: Խնդրում ենք նաեւ, որ այս տարածքը մնա պատմամշակութային ազգային ժառանգության վայրՙ ինչպես հայտարարված է Կիպրոսի Հանրապետության անձեռնմխելիության հրամանագրով:

Խնդրում ենք, որ պաշտպանեք աշխարհասփյուռ հայերի մշակույթն ու ինքնությունըՙ երաշխավորելով, որ վերաբացվի կրթության այս մեծ կենտրոնը եւ հնարավորություն տրվի, որ այն ծաղկի ու բարգավաճի եւ իրենով ամենուրեք բարգավաճեն հայորդիների ապագա սերունդները:

Մելգոնյան կրթական հաստատությունը հիմնվեց 1926 թվականին, հյուրընկալ Կիպրոսում` որպես որբանոց, ապաստան դառնալով Ցեղասպանության հարյուրավոր վերապրողների համար: Այս գիտակցությամբ պատմական շենքերը անձեռնմխելի են հայտարարվել Կիպրոսի Հանրապետության կողմիցՙ իբրեւ Կղզու ազգային ժառանգության մի մաս:

Որբերի կողմից տնկված ծառերը ներկայացնում են սփյուռքի բարգավաճող հայկական համայնքները: Այս պատճառով է, որ Հաստատությունը Կիպրոսի Հանրապետության կողմից պահպանվում է որպես «պաշտպանյալ» պատմական վայրՙ իբրեւ խորհրդանիշ վերապրումի եւ հույսի:

Հազարավոր հայեր, ովքեր ավարտեցին Մելգոնյանը, ուշագրավ դիրքեր գրավեցին իրենց համայնքներում` իրենց ասպարեզներում դառնալով առաջնորդներ եւ սատարելով հայ մշակույթին, կրթությանը, լեզվին ու ազգային ինքնության զարգացմանը:

Մելգոնյանի շրջանավարտներն իրենց դրոշմը ձգեցին ամենուրեքՙ լինելով առաջնորդող դեմքեր գրականության, արվեստի, գիտության եւ առեւտրի ասպարեզներում:

Մելգոնյան հաստատությունը ավարտել են հազարավոր ուսանողներ եւ ուսուցիչներ, ովքեր իբրեւ Բարի կամքի դեսպաններՙ պաշտպանում են Կիպրոսի ժողովրդի արդար պայքարը, որպեսզի իրավացի լուծում ստանա Կղզու հարցը:

ՄԻԱՑԵՔ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆՙ ՓՐԿԵԼՈՒ, ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ԿԱՅՔԷՋԸՙwww.midk.org


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4