Երեկ` լուսադեմին, դաժան ծեծի է ենթարկվել ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, այդ մասին ոստիկանության կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել ժամը 05:30-ին «Էրեբունի» ԲԿ-ից: Հաղորդվել է, որ Ա. Կիվիրյանը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Տուժածի վիճակը ծանր է, այդ իսկ պատճառով հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին չի կարողացել հաղորդում տալ: «Ա. Կիվիրյանի կնոջից ընդունվել է հաղորդում, որ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի 9 շենքի շքամուտքում անհայտ անձինք հարձակվել են ամուսնու վրա, ծեծի ենթարկել եւ դիմել փախուստի», ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: