Բաքվումՙ Նավթի պետական ակադեմիայում երեկ տեղի ունեցած հրաձգությունից 17 մարդ է սպանվել, 10 ուրիշներ վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է ANS-PRESS գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովին:
Վերջինիս տվյալներով, ուսանողների վրա կրակ է բացել ադրբեջանցի Նադիր Շիրխան օղլուն, որը Վրաստանի քաղաքացի է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե կրակ բացողը եղել է աֆրո-արաբական ծագումով օտարերկրացի: Հաղորդվել էր նաեւ, թե կրակել են երկու զինյալներ, որոնցից մեկը հետո ինքն իրեն գնդակահարել է:
Ճշտված տեղեկությունների համաձայն, հրաձգությունն սկսվել է ապրիլի 30-ի առավոտյան, ակադեմիայի բակում: Մի խումբ ուսանողների միջեւ թեժ վիճաբանություն է ծավալվել: Նրանցից մեկը հանել է ատրճանակը եւ կրակ է բացել, ապա հրաձգությունը շարունակել է բուհի շենքում: Նրա հետագա ճակատագրի մասին տարբեր ձեւերով է հաղորդվում. իբր նրան վնասազերծել են կամ սպանել, կամ էլ նա անձնասպան է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, թե եղել են երկու զինյալներ: Սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: