Արտգործնախարարությունից պահանջում է «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբը
Ապրիլի 25-ին Քյոլնում կազմակերպվել էր բողոքի մեծ քայլարշավՙ ի պաշտպանություն Թուրքիայի հարավարեւելքում գտնվող արամեական Մոր (սուրբ) Գաբրիել վանական համալիրի օտարման: Գերմանիա ներգաղթած Թուրքիայի քրիստոնյա համայնքների ակտիվ անդամների կազմակերպած բողոքի ցույցին 1000 հոգու ներկայությունն անշուշտ զիջում էր Բեռլինում ավելի վաղ նույնաբնույթ ակցիայի մասնակիցների թվին, բայց Մայր տաճարի հրապարակում հնչած ասորի, հույն, ալեւի, հայ համայնքային, գերմանացի քաղաքական գործիչների ելույթները, այնուհետեւ լավ կազմակերպված մամուլի ասուլիսն անարձագանք չմնացին:
Գերմանական լրատվամիջոցներն օրեր շարունակ Հայոց հարցին զուգահեռ խնդրի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցույց տալիսՙ մասնավորապես ներկայացնելով թուրքականՙ քրիստոնեական մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը: 397-ին կառուցված վանքը շատ քրիստոնյաների համար երկրորդ Երուսաղեմ է, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը», մատնանշելով Մոր Գաբրիելի հասցեին հնչող թուրքական «մեղադրանքները»ՙ իբր շրջակա գյուղերի սահմանը խախտվում է, մերձակա անտառը զավթվել է եւ նրա տարածքն ավելին է, քան աղոթքի եկած հավատացյալները դրա կարիքն ունեն: Թուրքերի համար եւս մի անընդունելի հանգամանքՙ Մոր Գաբրիելն իբր կառուցված է մահմեդականների շիրիմների վրաՙ ոչնչացնելով նաեւ նախապես նույն վայրում կառուցված մզկիթը. այս դեպքում մոռանալով նույնիսկ, որ արամեական վանքը Մուհամմեդ մարգարեի հանդես գալուց մոտավորապես 200 տարի առաջ է կառուցվել: Բացի դրանից, թուրքերին վրդովվեցրել է նաեւ այն հանգամանքը, որ վանքում ասորի երեխաները արամեերեն բարբառն են սովորել:
2008-ից Մոր Գաբրիելի դեմ բազմաթիվ դատավարություններ են գրանցվել Թուրքիայում: Նորից նույնՙ քրիստոնյաների ներկայության մնացորդներն իսպառ ջնջելու նպատակին միտված քաղաքականությունն է, շեշտում էին Քյոլնում ելույթ ունեցողներըՙ հիշեցնելով, թե հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության գաղափարախոսությունը չի փոխվել:
Թուրքիայում ընդունված է գործ հարուցել այն դեպքում, երբ դե յուրե որպես հիմնադրամներ գործող քրիստոնեական համայնքներին պատկան կալվածքների գրանցամատյանում իբր թե հստակ չի ներկայացվում սեփականատիրոջ անունը: Մոր Գաբրիելի դեմ հայցի առկայության դեպքում վանական համալիրին սպառնում է օտարման վտանգը:
Այնպես որ քրիստոնեական հինավուրց վանքի ապագան մշուշոտ է:
Գերմանական լրատվամիջոցներին անտարբեր չի թողել նաեւ սկանդալային հենքով մի պատմություն, որ հրապարակեց բողոքի ակցիայի կազմակերպիչՙ «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբը մամուլի ասուլիսի ժամանակ:
2009-ի փետրվարի 22-ին արվեստագետներից մեկի առանձնատանը հանդիպում է տեղի ունենում Դյուսսելդորֆում պաշտոնավարող Թուրքիայի հյուպատոս Հաքան Կիվանչի եւ 6 անձանց միջեւ, որոնցից մեկը Գերմանիայի քաղաքներից մեկում ցույց է տվել Մոր Գաբրիելի եւ Թուրքիայում փոքրամասնությունների վիճակի մասին իր նկարահանած վավերագրական ֆիլմը: Հեղինակը ցանկություն է ունեցել այն ցուցադրելու նաեւ Քյոլնում, ինչը փաստորեն կանխել է թուրք հյուպատոսըՙ խնդրելով նախ հանդիպել: 3 ժամ տեւած հանդիպմանը հյուպատոսն անմասն չի մնացել գերմանացիների հասցեին ռասիստական արտահայտություններ անելուց: Մասնավորապես ասել է, թե գերմանացիների համար միեւնույն էՙ Թուրքիայից եկածներին չեն տարբերակում, թե որ փոքրամասնությանն են պատկանում, երբ հարմար նկատեն` Թուրքիայից եկողների մաշկին Թ տառը կդաջեն, ինչպես ժամանակին նացիները հրեաներին են արել: Մոր Գաբրիելի հարցում էլ գերմանացիներն անկեղծ չեն. իրենց նպատակների համար միջոց է սա, ասել է հյուպատոսըՙ զգուշացնելով Գերմանիայի քաղաքականության համար գործիք չդառնալ: Եվս մի ցնցող արտահայտությունՙ եթե գերմանացիների երակները կտրես, շագանակագույն արյունը դուրս կցայտի: Թուրք դիվանագետը Թուրքիայում ծնվածներին խորհուրդ է տվել հիշել, որ միայն Թուրքիան է նրանց անշահախնդիր պաշտպանը լինելու:
Նախաձեռնող խումբը Գերմանիայի արտգործնախարարության ուշադրությունն է հրավիրել թուրք դիվանագետի վարքագծին, ինչպես նաեւ պահանջել է երկրից արտաքսել նրան: ԳԴՀ արտգործնախարարության հարցմանն ի պատասխան հյուպատոսը երեքշաբթի օրըՙ ապրիլի 28-ին ժխտել է ներկայացվածի իրական լինելը:
Գերմանացի լրագրողները դեռ հետամուտ են հարցը լայնորեն լուսաբանելուն: Ու քանի «Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբն էլ բավարար կամք ու եռանդ ունի, անիմաստ է ենթադրելը, թե ժխտումով ինքնարդարացումը բավարար է վերջակետի համար: