Խմբագրությունը դժգոհանքի բազմաթիվ արձագանքներ է ստացել ամերիկահայերից: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
USAPAC Մ. Նահանգներ-Հայաստան հասարակական գործերի կոմիտեն Վաշինգտոնից գրում է, որ Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը երկրորդ հնարավորությունն է, որ նա բաց է թողնում կատարելու իր խոստումը:
«Առաջին առիթը Թուրքիայում էր, որտեղ թեեւ նա նշեց, որ իր տեսակետները չեն փոխվել այդ առնչությամբ, այդուհանդերձ խուսափեց «Ցեղասպանություն» բառը օգտագործելուց: Երկրորդը ապրիլի 24-ի այս հանդիսավոր հիշատակի օրվա առիթն էր, որի ընթացքում նա չկատարեց իր նախընտրական խոստումը եւ մարդկության դեմ կատարված այս ոճրագործությունը չկոչեց իր իսկական «Ցեղասպանություն» անունով:
Նախագահ Օբաման քաջ գիտակցում է, որ ժխտողականության հանդուրժումը առաջ է բերում նորանոր ցեղասպանությունների իրականացում»:
Տեխասից քաղաքագետ Արմեն Բաբաջանյանն իր հուսախաբությունն արտահայտելով նշում է. «Այժմ պարզ դարձավ, որ Ձեր նախընտրական խոստումը պարզապես ամերիկահայերի քվեները ապահովելու նպատակն էր հետապնդում: Հիշատակի այս հանդիսավոր օրվա առթիվ մեր տրտմությունն ու ցասումն էլ ավելի են բորբոքվել խոստումից հետ կանգնելու Ձեր որոշմամբ: Մենք չենք մոռանա Ձեր այս արարքը եւ անպայման կհիշեցնենք Ձեզ 2012-ին»:
Կալիֆոռնիայից սրտաբան Մասիս Բաբաջանյանը, դոկտ. Իշխան Բաբաջանյանն ու ուսուցչուհի Անահիտ Բաբաջանյանը, որոնք ակտիվորեն աջակցել են նախագահ Օբամայի նախընտրական արշավին, քննադատել են Օբամայինՙ գրելով. «Մենք կորցրել ենք հավատը (եւ սերը) Ձեր նկատմամբ: Կարծում էինքՙ Դուք խոսքի տեր մարդ եք: Սխալվեցինք: Մենք աջակցել ենք Ձեզ բարոյապես եւ նյութապես: Դուք ոչ մի արդարացում չեք կարող ունենալ Ձեր անտեսման համար»:
Իսկ Վաշինգտոնից խմբագիր Էմիլ Սանամյանը պատասխանելով Արմեն Հարեյանի պնդումներին, որ Օբաման 2 անգամ «Մեծ եղեռն» բառակապակցությունն է օգտագործել, ճշտել է, որ «Ջենոսայդ» բառի հայերեն համարժեքը «Ցեղասպանություն» է եւ ոչ թե «Մեծ եղեռնը», որն, ի դեպ, նախապես օգտագործել են նախորդ նախագահները: Օբաման պարզապես խուսափեց այդ բառեզրը օգտագործելուց, որպեսզի չնեղացնի Թուրքիային, որը Վաշինգտոնում միլիոններ է ծախսում իր տեսակետներն առաջ տանելու համար»:
Եվ վերջապես հայկական հինգ եկեղեցիների մասնակցությամբ անցկացված հուշ-երեկոյին եւ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի մոտ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՀՀ-ում նախկին դեսպան Ջոն Էվանսը, որն էլ ելույթ ունենալով ասել է, որ չնայած փոխզիջումային հանգամանքին, Օբամայի խոսքերն այդուհանդերձ ավելի հուսադրող են, քան նախորդ նախագահներինը: Ըստ նրա, տեքստը կազմել է մի հանձնախումբ, որն օգտագործել է միայն հայերին ծանոթ այդ բառակապակցությունը, որն օտարներին ուղղված մի պաշտոնական հայտարարության մեջ անտեղի կարելի է համարել:
Հուսադրող կողմն այն է, եզրակացրել է նա, որ Օբաման, ինչպես Թուրքիայում, շեշտել է, որ «չի փոխել իր տեսակետը» եւ խոսել է «դեպի ճանաչում գնալու» եւ ոչ թե «քննարկումներ անցկացնելու» մասին:
«Կապրենք, կտեսնենք» բառերով է ավարտվում այս մասին տեղեկացնող հաղորդագրությունը:
Հ. Ծ.