«Ապրիլի 24-ին մեծ թվով հայ իրավաբաններ, լրագրողներ, բժիշկներ, բանաստեղծներ եւ երաժիշտներ ձերբակալվեցին եւ տարագրվեցին: Նրանց մեծ մասը ճանապարհին սպանվեց: Այդ մտավորականների մահը կորուստ էր ոչ միայն հայ ժողովրդի, մշակույթի ու գիտության համար, այլեւ այդ ժամանակվա օսմանյան հասարակության եւ մեր օրերի համայն աշխարհի համար: Եթե հավատացել ենք այն ամենին, ինչ մեզ պատմել են ու սովորեցրել, եւ լուռ ենք մնացել, ուրեմն մենք բոլորս ենք մեղավոր այդ ամենի համար», ասել է թուրք իրավաբան Էրեն Քեսքինըՙ խոսելով ապրիլի 24-ին Ստամբուլի «Ծխախոտի դեպոյում» կազմակերպված «220 հայ մտավորականների տարագրման» հիշատակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում:
Երեկոն կազմակերպել է Մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի կոմիտեն, որի վարչական անդամներից Ռիզա Դալքլիսը նույնպես նշել է, որ մտավորականների ձերբակալումով սկսվեց ամբողջ հայ հասարակության ֆիզիկական եւ հոգեկան բնաջնջման գործընթացը: «Մեր պարտքն է հիշել եւ հարգել նրանց», ասել է նա: Տեղի է ունեցել նաեւ ցուցահանդես 1919-ին Թեոտիկի գրած «Հիշողություններ ապրիլի 11-ից» գրքի նկարների, որոնք առնչվում են ձերբակալություններին եւ կոտորածներին: «Բողազիչիի (Բոսֆորի) կատարողական արվեստի» խումբը եւ հայտնի հրատարակիչ Զարաքոլուն հատվածներ են կարդացել Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի բանաստեղծություններից, ներկայացրել Գրիգոր Զոհրապի եւ Կոմիտասի կյանքն ու գործունեությունը: «Քարդաշ թյուրքյուլեր» երգչախումբը կատարել է երգեր հայերեն, արաբերեն եւ թուրքերեն լեզուներով:
Միջոցառմանը ներկա են եղել մոտ 100 հոգի, որոնց թվումՙ եղեռնաբար սպանված լրագրող Հրանտ Դինքի այրինՙ Ռաքել Դինքը, եղբայրըՙ Օրհան Դինքը, լրագրող Սարգիս Սերոբյանը եւ կազմակերպիչ կոմիտեի մասնաճյուղի իրավաբան ղեկավարը: Լրատվությունը քաղված է թուրքական «BIA Մագազին» ապրիլի 25-ի ինտերնետային համարից:
Հ. Ծ.