«Հանուն արդարության եւ ժողովրդականության հաստատման եվրոպահայերի դաշնության» հրապարակած մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ իրենց հրավերով քարտեզագիր պրոֆ. Ռուբեն Ղալիչյանը Եվրոհանձնաժողովի անդամներին է ներկայացրել իր նոր գիրքը «Պատմության հորինումը» վերնագրով, որտեղ կոնկրետ փաստերովՙ գունավոր լուսանկարներով եւ մանրակրկիտ քարտեզներով նա ցույց է տվել քարտեզագրման ասպարեզում ադրբեջանցիների նենգափոխումները եւ փորձերըՙ ջնջելու ամեն հայկական ներկայություն Ադրբեջանի ներկա տարածքներում: Այս գործողություններից ամենանշանավորը 2004-ին Ջուղայի դարերի հնություն ունեցող ավելի քան 4000 խաչքարերի դիտավորյալ ոչնչացումն էր:
Եվրոհանձնաժողովի անդամները բացատրել են, որ տեղյակ են կատարվածին, եւ իրենց մտահոգությունն են հայտնել այդ տարածքներում ադրբեջանցի պաշտոնյաների պատրաստած սահմանափակումների վերաբերյալ, առաջարկելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԵՀ-ի պատասխանատուները ազատ շարժման իրավունք ունենան հետազոտելու այդ վայրերը:
«Եվրոպահայերի դաշնության» նախագահ Հիլդա Չոբոյանը գոհունակություն է հայտնել, որ Եվրոհանձնաժողովի անդամները ըմբռնումով են մոտենում իրենց մտահոգություններին, սակայն ընդգծել է, որ Բաքվին հաճոյանալու մտադրությամբ Արցախ չգնալով, նրանք ջուր էին լցնում ջրաղացին մի երկրի, տվյալ դեպքումՙ Ադրբեջանի, որը հրաժարվում էր կատարել ստանձնած պարտավորությունները: Նա նաեւ մատնանշել է այն կրթական ծրագրերը, որոնցով ադրբեջանական կողմը երիտասարդների շրջանում ատելություն է սերմանում հայերի դեմ:
Ներկաները առաջարկել են վստահություն ներշնչող միջոցներ գտնել երկու կողմերի թշնամանքին վերջ տալու նպատակով:
Մամուլի հաղորդագրությունը վերջում նշում է, որ 120 էջանոց գիրքը (Rouben Galichian: The Invantion of History: Armenia, Azerbaijan and the Showcasing of Imagination) համատեղ հրատարակվել է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի եւ Երեւանի «Արտինֆո» հրատարակչատների կողմից, եւ խորհուրդ է տալիս մանրամասնությունների համար այցելել info@garodbooks.com կայքը:
Հ. Ծ.