«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ` ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ մարտի 1-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով էր եկել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Թեեւ նա նկատեց, թե չէր ուզենա վերապրել մարտի 1-ի մղձավանջը, որը չպետք է տեղի ունենար, բայց եւ ներկայացրեց մարտի 1-ին տեղի ունեցածի իր պատմությունը, որտեղ տարբեր պաշտոնական ատյաններից հնչածի համեմատ նոր բան քիչ կար: Ըստ նրա` քանի որ փետրվարի 29-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, թե թատերական հրապարակում պայթուցիկ, հրազեն է բաժանվելու` հրահրիչ գործողություններ կատարելու համար, ոստիկանությունում նույն օրը տեղի ունեցած խորհրդակցությունում որոշվել է գնալ տեղանքի զննության: Բայց տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել (դրա համար ոստիկան ձերբակալվեց եւ դատապարտվեց), ինչի պատճառով զննության ժամանակ ոչ այն քանակի զենք է հայտնաբերվել, ինչքան սպասում էին:

Տեղանքի զննությունը նշանակված է եղել առավոտյան ժամը 7-ին, զննություն կատարելու անհրաժեշտության մասին զեկուցվել է Ռոբերտ Քոչարյանին: Նախագահ Քոչարյանն էլ հանձնարարել է միայն զննության ընթացքում ժամանակավորապես դադարեցնել հանրահավաքը: Զննության է գնացել օպերատիվ աշխատակիցներից կազմված անզեն խումբ, բայց ռեզերվային խմբերը սպասել են մոտակայքում: Ավելի ուշ հարցերին պատասխանելով, որոնք հիշեցնում էին, թե գործողությունն ըստ տարբեր վկայությունների ավելի շուտ է սկսվել, Հ. Հարությունյանն ասում էր, որ 7-ին պետք է սկսվեր զննությունը, բայց խմբերը կարող էին մի փոքր էլ շուտ ժամանել, զննությունը սկսելու պահին էլ ոստիկանները երկու կողմից հայտարարել են այդ մասին (դրան համաձայն չէին հանձնաժողովի անդամները` նկատելով, թե ոչ մի տեսագրության մեջ այդ պահը չի ֆիքսված):

Ըստ նախկին ոստիկանապետի` զննություն կատարողնեը Թատերական հրապարակում հանդիպել են կատաղի դիմադրության, այստեղ արդեն 800-900 նստարանով բարիկադներ էին կառուցվել, զննություն կատարող աշխատակիցները մարմնի տարբեր մասերում վնասվածքներ են ստացել, ցուցարարները մետաղյա ձողեր, հրկիզող շշեր, «ոզնիներ» են ունեցել: Դրանից հետո են միայն ոստիկանության օժանդակ ուժերը մուտք գործել հրապարակ եւ այն ազատել ցուցարարներից: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ագրեսիվ տրամադրված զանգվածի մասին: Նկատի ունենալով այստեղ տեղադրված հատուկ նշանակության օբյեկտների, այդ թվում դեսպանատների առկայությունը, ոստիկանությունը բացատրական աշխատանքի միջոցով փորձել է այդտեղից ցուցարարներին այլ միտինգավայր ուղարկել: Մատենադարան գնալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, սակայն ցուցարարները չեն գնացել, իսկ, ոստիկանապետի խոսքերով, սադրիչ հայտարարություններից հետո ցուցարարները սկսել են ավտոմեքենաներ առգրավել, այդ թվում` ոստիկանական, եւ «նախապես ծրագրված զանգվածային անկարգություններ սկսվեցին»: Այստեղ նախկին ոստիկանապետը սենսացիոն հայտարարություն արեց. պարզվում է` մի խումբ երկրապահներ այցելած են եղել «Մետրոպոլ» հյուրանոց` պահանջելով այն ազատել հյուրերից, քանի որ այնտեղ տեղակայվելու էր իրենց շտաբը: Նախկին ոստիկանապետը որոշել է ձկան խանութի մոտ ոստիկանական ուժերի մի մասը տեղակայել, քանի որ ցուցարարների ագրեսիվ մասն այդ կողմից փորձում էր ճեղքել ոստիկանական շղթան, պայթուցիկներ, հրկիզող շշեր, նռնակներ են եղել ցուցարարների մոտ, հետո` կրակոցներ, խլված ավտոմեքենաներով ցուցարարները փորձել են «խոյահարել» տիտանական շարքը: Ահա այսքանից հետո Հ. Հարությունյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին:

Ո՞վ է տվել կրակ բացելու հրաման, ի՞նչ իրավական հիմքով, նախագահ Քոչարյանը տվե՞լ է զենք օգտագործելու հրաման, իրավաչա՞փ էին ոստիկանության գործողությունները. Արծվիկ Մինասյանի այս հարցերին ի պատասխան նախկին ոստիկանապետն ասաց, որ նման հրաման ոչ ոք չի տվել` ո՛չ նախագահը, ո՛չ ինքը. «Դա պատերազմի դաշտ չէր, որ հրաման տրվեր` կրակել եւ զորքը կրակեր»: Եղել է հաշվեցուցակային զենքով զինված 25 ոստիկանների մի խումբ, որպես ռեզերվ, ովքեր անգնդակ եւ լուսածիր փամփուշտներ են գործածել զուտ նախազգուշական նկատառումով: Երբ նախագահ Քոչարյանին նա (մյուս երկու փոխոստիկանապետներ Արմեն Երիցյանը եւ Հովհաննես Հունանյանը եւս զեկուցել են) զեկուցել է, որ ոստիկանության մեջ վիրավորներ կան, նախագահը հանձնարարել է մաքսիմալ զսպվածություն հանդես բերել: Իսկ ոստիկանության գործողություններն, այո, օրինաչափ էին. «Արդյոք կարելի՞ էր թույլ տալ, որ կրկնվեին այն տրադիցիաները, երբ ԱԺ նախագահին ծեծում են իր աշխատասենյակում կամ երկրի այլ ղեկավրների վրա ձեռք բարձրացնեն...», ասաց` դա անթույլատրելի համարելով, որի դեմն էլ առել է ոստիկանությունը` գուցե եւ տեխնիկական սխալներով նաեւ, որոնք սակայն ընթացքի եւ արդյունքի վրա էապես չեն ազդել: Իսկ ցուցարարների գործողությունները նա որակեց կազմակերպված` «գուցե մինչեւ ընտրություններն էին այյդ դավադիր սցենարը մտածել. դա զինված հարձակում էր ոստիկանական ուժերի վրա բռնությամբ իշխանափոխություն կատարելու նպատակով»:

Նիստին ներկա մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հետաքրքրվեց. «Որ լուր ունեիք զենքի մասին, կանխեիք, ինչո՞ւ թողեցիք, որ բարդանա»: Հ. Հարությունյանն արդարացավ` փետրվարի 29-ին են լուրն ունեցել, մինչեւ ստուգել են, հաստատվել է` գիշեր է եղել, սպասել են առավոտյան: Ա. Հարությունյանը հակադարձեց` ֆրանսիական դեսպանատան մոտ ինքը եղել է, այնտեղ ագրեսիվ մարդկանց չի տեսել. «Տրոլեյբուսները որ շրջել էին` տեսել ե՞ք», հարցրեց Հ. Հարությունյանը: «Կա մարդու ինքնապաշտպանության առողջ բնազդը...», իրենն առաջ տարավ ՄԻՊ-ը: «Չերյոմուխա-7»-ի ժամկետների եւ պահպանության վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի առաջին հարցից հետո «Այդ 3 զոհերն ինչի՞ց էին» երկրորդ հարցը ունեցավ այն պատասխանը, թե անգամ թարմ «Չերյոմուխայով» մոտ տարածությունից եթե կրակվեր, մարդու նուրբ օրգանները կվնասվեին, միգուցե ճիշտ անկյան տակ չի կրակվել, հրմշտոց է եղել, ավտոմեքենաները զինվորների վրա քշելը կասեցնելու համար է եղել...

Արամ Հարությունյանի հարցին, թե լավ, այս 10 զոհի արյան պատասխանատուն ո՞վ է, Հ. Հարությունյանը նկատեց` նրանք, ովքեր կազմակերպել էին այդ բոլորը:

Իսկ ահա Արամ Կարապետյանի հարցերին պատասխանելուց հետո նախկին ոստիկանապետը մի պահ բանավեճի մեջ մտավ նրա հետ. «Ես կարծում էի, որ Դուք ինձ հարցեր չեք տա, որովհետեւ դրա բարոյական իրավունքը, ես գտնում եմ, չունեք, որովհետեւ մեղավորներից մեկն էլ Դուք եք: Բայց քանի որ հանձնաժողովի անդամ եք` ես հարգեցի եւ պատասխանեցի Ձեզ, ես ինքս Ձեզ շատ հարցեր ունեմ»: Վերջինս էլ նկատեց, թե երեք ամիս բանտում եւ դրանից հետո 1 տարի 3 ամիս հարցերն ուղղել են իրեն, բայց պատրաստ է նախկին ոստիկանապետի հարցերին էլ պատասխանել: Նրանց երկխոսությունն ընդհատեց Ս. Նիկոյանը. «Որպես հանձնաժողովի նախագահ միգուցե չհամաձայնեմ պարոն Հարությունյանի հետ, բայց այստեղ բանավեճ չենք ստեղծում», ասաց` խորհուրդ տալով հանձնաժողովականներին մնացած հարցերը գրավոր տալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4