«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դժվարանում է գնահատել Դաշնակցությանը որպես ընդդիմության: Մարտիրոսյանի դիտարկմամբՙ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժի կարգավիճակում նոր է, հետեւաբար վաղ է կատարել վերլուծություններ: «Այս պահի դրությամբ համարում ենք, որ նրանք ընդդիմադիր են: Կարծում եմՙ ընդդիմության դաշտում գտնվելը երկու հանձնաժողովի նախագահի պաշտոնով պայմանավորելը չպետք է տեղի ունենա», «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նաեւ նկատեց, որ ունենալով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցությունը կփորձի ազդել քաղաքականության վրա, որին համաձայն չէ:
ՀՀԿ կուսակցությունից Արման Սահակյանն էլ (Գալուստ Սահակյանի որդին), անդրադառնալով կոալիցիայից Դաշնակցության դուրս գալուն, նկատեց, որ այդ կերպ քաղաքական կյանքում տեղի կունենան բազմաթիվ փոփոխություններ: «Դրական է, որ պետության մեջ կլինեն ե՛ւ կառուցողական իշխանություն, ե՛ւ իրականում սկզբունքային, դասական ընդդիմություն: Այս փոփոխության հետ կապված տեսնում եմ գաղափար: Ընդդիմությունը ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմնում լուրջ քայլեր կձեռնարկի: Կլինեն նաեւ նորմալ բանավեճեր Ազգային ժողովում»:
Թե ինչու «Ժառանգությունը» չընդունեց իշխանության առաջարկըՙ գլխավորել որեւէ հանձնաժողով, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Երեք նոր հանձնաժողովները պայմանավորված էին մարտյան իրադարձություններով, նաեւ առկա էր «Օրինաց երկրի» կոալիցիայի մեջ մտնելու հարցը, իսկ «Ժառանգությունը» չէր կարող մարտի 1-ի արյան առեւտրի մեջ մտնել: Խնդրում եմ, որ սա բոլորը հասկանան: Ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու քայլ է եղել, այլՙ առեւտրից հրաժարվելու քայլ», հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Յուրահատուկ էր Արման Սահակյանի հակադարձումը Մարտիրոսյանի խոսքերին: Նա հիշեց երեւի մանկության իր սիրելի բանաստեղծություններից մեկն ու հատուկ լրագրողների համար արտասանեց: «Նապաստակ, նապաստակ, ի՞նչ ես նստել ծառի տակ»:
Անդրադառնալով ԱԺ-ի միջանցքներում պտտվող խոսակցություններին, թե ՀՅԴ-ի գործադիր մարմնում հրաժարականներից հետո Արման Սահակյանը կարող է զբաղեցնել կրթության եւ գիտության կամ սոցիալական ապահովության հարցերի նախարարի պաշտոնը, բանախոսը նախ նկատեց, որ դա ընդամենը մամուլի երեւակայությունն է, սակայն խոսքերից պարզ դարձավ, որ ՀՀԿ ներքին օղակներում այդպիսի հարց քննարկվել է: «Ինձ համար պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել: Համենայն դեպս, եթե լինի ՀՀԿ որոշումը, պատրաստ կլինեմ պաշտոն զբաղեցնել: Ո՛չ ասում եմ, որ այդպիսի բան կա, ո՛չ էլ բացառում եմ», ասաց Սահակյանը:
Հ. Հ.