ՀՅԴ-ն ընդունել է քաղաքական կոալիցիայի առաջարկը, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Ռուստամյանը եւ Արթուր Աղաբեկյանը կշարունակեն պաշտոնավարել: Այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն լինելով ընդդիմություն` «կողմ է եւ պայքարելու է, որ ընդդիմությունն ավելի ու ավելի հավասարակշռման եւ զսպման մեխանիզմներ ունենա` աշխատելով իշխանության հետ»: «Ուժեղ ընդդիմությունը ուժեղացնում է նաեւ պետականությունը: Այս մոտեցումից ելնելով եւ գտնելով, որ այս քայլը քաղաքական դաշտի առողջացմանն է միտված` ընդունում ենք կոալիցիայի առաջարկը», նշեց Վ. Հովհաննիսյանը: «Մենք պատրաստակամ ենք նոր մշակույթ ներդնելու Հայաստանի քաղաքական հարաբերություններում», ասաց խմբակցության ղեկավարը: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը եւ ԱԺ հանձնաժողովի նախագահները հրաժարականի դիմում էին ներկայացրել ապրիլի 27-ին, եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` երեք օրվա ընթացքում այն հետ չվերցնելու դեպքում հրաժարականը կհամարվի ընդունված: