«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Իվետա Իվանյան. կարծում եմ, Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը կզարգանա աշխատողների իրավունքների պաշտպանվածության ուժեղացման ուղղությամբ

Հեռավոր Տավուշի Բերդ քաղաքի երրորդ դասարանի աշակերտուհի Իվետա Իվանյանի մտքով անգամ չէր անցնի, որ ինքը ուսումը կշարունակի Մոսկվայի դպրոցներից մեկում, կարմիր դիպլոմով կավարտի մայրաքաղաքի պետական իրավաբանական ակադեմիան եւ աշխատանքի կհրավիրվի Մոսկվայում գործող միջազգային խորհրդատվական խոշոր ընկերություն: Հայի բա՞խտ: Երեւի:

Իվետան, իհարկե, իրեն սփյուռքահայ չի համարում, հաճախ է լինում Հայաստանում եւ նրա հերթական արձակուրդի ժամանակ էլ Երեւանում տեղի ունեցավ մեր զրույցը:


- Իվետա, դու աշխատում ես միջազգային խորհրդատվական ընկերությունում: Ինչքան ինձ է հայտնի, այդպիսիք քիչ չեն Մոսկվայում: Ինչքանո՞վ է դրանց գործունեությունը հարիր երկրի օրենսդրությանը:

- Ներկայիս Մոսկվան աշխարհի խոշորագույն գործարար կենտրոններից է, ուր կենտրոնացված են ինչպես ռուսաստանյան, այնպես էլ բազմաթիվ անդրազգային ընկերությունների գրասենյակները: Այդ կապակցությամբ խորհրդատվության անհրաժեշտություն է առաջանում իրավաբանական, հարկային, աուդիտորական, հաշվապահական, կառավարչական եւ այլ հարցերի վերաբերյալ: Ահա եւ միջազգային խորհրդատվական ընկերությունները զարգացող կապիտալիզմի պայմաններում իրենց մասնաճյուղերն են բացում համապատասխան մակարդակով ծառայությունների համար: Նման ընկերություններում խորհրդատվությունն իրագործվում է Ռուսաստանի օրենսդրության նորմերով, սակայն աշխատանքային լեզուն, որպես կանոն, անգլերենն է, իսկ աշխատանքում գերակշռում են արեւմտյան չափանիշները: Աշխատանքի ընթացքում էլ աշխատողները պարտավոր են իրենց որակավորումը մշտապես բարձրացնել գործուղումների միջոցով, մասնակցելով զանազան համապատասխան միջազգային միջոցառումների եւ այլն: Նման մոտեցումը մասնագիտական որակների զարգացումից բացի կատարելագործում է նաեւ աշխատողի անհատական հատկությունները` գործնական բանակցությունների վարման, գործընկերների եւ հաճախորդների հետ շփման կուլտուրան եւ այլն:

- Քո կարծիքով, որպես աշխատանքային իրավունքի մասնագետ, ի՞նչ միտումներ են նկատվում Ռուսաստանի համապատասխան օրենսդրության զարգացման մեջ:

- Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսդրության մեջ իրենց արտացոլումն են գտել միջազգային-իրավական շատ նորմեր: Եվ դա պատահական չէ, քանի որ ՌԴ սահմանադրության համաձայն, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը կազմում են ՌԴ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Ընդ որում, միջազգային նորմերը գերակայություն ունեն ՌԴ ներպետական օրենսդրության նկատմամբ:

Նկատվում է աշխատողների իրավական պաշտպանության ուժեղացում, ինչը կապված է այն բանի հետ, որ պետությունը կենտրոնացված կարգով աշխատողների համար սահմանում է երաշխիքների այնպիսի մակարդակ, որից ցածր աշխատանքային պայմանագիր կողմերը չեն կարող սահմանել: Կարեւոր է նաեւ, որ պետությունը նման երաշխիքների ավելացման ոչ մի սահմանափակում չի ստեղծում:

Այնուհետեւ, ընդլայնվում է աշխատանքային օրենսդրության տարբերացումը, ինչն արտահայտվում է հատուկ նորմերի սահմանմամբ աշխատողների առանձին կատեգորիաների նկատմամբ` անչափահասների, կանանց, ընտանեկան պարտականություններով անձանց, համատեղության կարգով աշխատող անձանց եւ այլն:

Եվ, վերջապես, տեղի է ունենում աշխատանքային օրենսդրության դեմոկրատացում, որի շնորհիվ մեծանում է աշխատանքի պայմանների պայմանագրային կարգավորման դերը, ավելանում է հիմնական եւ լրացուցիչ արձակուրդների տեւողությունը:

- Իվետա, երբեւէ հետաքրքրվե՞լ ես Հայաստանի աշխատանքային օրենսդրությամբ, տարբերություններ կա՞ն երկու երկրների օրենսդրությունների միջեւ:

- Հայաստանի աշխատանքային օրենսդրությունն ուսումնասիրել եմ անձնական շահագրգռությամբ` որպես հայ. աշխատանքում դրա անհրաժեշտությունը չի եղել: Ընդհանուր առմամբ կառուցվածքով դրանք շատ նման են: Ռուսաստանի օրենսդրության տարբերիչ առանձնահատկությունն այն մասի առկայությունն է, որում ամրագրված են քաղաքացիների առանձին կատեգորիաների աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները (անչափահասների, կանանց, ընտանեկան պարտականություններով, համատեղության կարգով աշխատող, տնաշխատ անձանց, մանկավարժների աշխատանքը եւ այլն): Նշված դրույթներն այս կամ այն չափով կան նաեւ Հայաստանի օրենսդրությունում, սակայն դրանք առանձնացված չեն եւ գտնվում են տարբեր բաժիններում:

Ես ուշադրություն դարձրի, որ Հայաստանում գործատուն կարող է աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծարել նրա կենսաթոշակային տարիքն առաջանալու դեպքում: Ռուսաստանի օրենսդրությունը նման հիմք չի սահմանում: Որոշ պաշտոններ զբաղեցնելու համար սոսկ նախատեսված է առավելագույն տարիք (օրինակ` պետական ծառայողների համար):

- Կարծում ես` կենսաթոշակային տարիքը չի՞ կարող ինքնին հիմք ծառայել պայմանագրի լուծարման համար:

- Դա ինչ-որ տեղ խտրականություն է աշխատողի նկատմամբ, այսինքն, դրանով սահմանափակվում են մարդու հնարավորությունները տարիքային նկատառումով: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատորեն տնօրինելու իր աշխատանքային ընդունակությունները, ընտրելու գործունեության տեսակն ու մասնագիտությունը:

Տարբերությունների առումով կուզենայի նշել նաեւ հետեւյալը. որպես անհատական աշխատանքային վեճ քննարկող եւ լուծող մարմին Հայաստանի օրենսդրությունը ճանաչում է միայն դատարանը, Ռուսաստանինը` նաեւ աշխատանքային վեճերի հանձնաժողովը: Վերջինս հիշյալ վեճերի քննության մինչդատական մարմին է, որը ձեւավորվում է ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների հավասարաքանակ ներկայացուցիչներից:

- Ո՞րն է դրա առավելությունը:

- Վեճը քննության է առնվում աշխատողի դիմումը տալու օրվանից օրացուցային 10 օրվա ընթացքում` դատական 1-2 ամսվա փոխարեն: Ի դեպ, բնավ էլ պարտադիր չէ, որ աշխատողը նախապես դիմի հանձնաժողովին, նա կարող է նաեւ շրջանցել:

- Քո կարծիքով, ի՞նչ ուղղությամբ կզարգանա Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը:

- Ես կարող եմ միայն ենթադրել: Հայտնի է, որ աշխատանքային հարաբերությունների թույլ օղակը աշխատողն է: Կարծում եմ` Հայաստանի օրենսդրությունը կզարգանա հենց աշխատողների իրավունքների առավել պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ինչը կարող է արտահայտվել օրենքի ուժով աշխատողներին տրամադրվող երաշխիքների նվազագույն մակարդակի բարձրացմամբ:

- Ե՞րբ ես պաշտպանելու թեկնածուական դիսերտացիա:

- Արդեն պատրաստ է: Զուգահեռաբար դասավանդում եմ Մոսկվայի ինստիտուտներից մեկում: Հետագայում կուզենայի դասախոսություններ կարդալ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում:

Հարցազրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆԸ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4