Ավագ դպրոցների ընթացիկ ուսումնական տարվա սկզբից ներդրված փորձնական ծրագրով հանրապետությունում բացված 10 այդպիսի դպրոցներից չորսը Շիրակի մարզում են, այդ թվում երեքը Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Հայտնի է, որ եկող ուստարում դրանց թիվը ողջ հանրապետությունում զգալիորեն ավելանալու է, իսկ ավարտվելու է ավագ դպրոցների վերակազմակերպման գործընթացը 2012 թվականին: Անդրադառնալով այս հարցին, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը փորձնական ծրագրի ընթացքը մարզում գոհացնող համարեց: Այժմ, ինչպես տեղեկացրեց Ս. Մինասյանը, մարզի Արթիկ քաղաքի 7 հանրակրթական դպրոցներ եւս վերակազմավորման փուլում են. սեպտեմբերին դրանցից երկուսը կդառնան ավագ, իսկ մյուսները` հիմնական դպրոցներ:
Մարզի մի շարք գյուղական կրթօջախների առջեւ այսօր դեռ ծառացած է շենքային բավարար պայմաններ ունենալու խնդիրը: Այս տարի փոքր թվով շենքերի նորոգումներ կիրականացվեն այն գյուղերում, որտեղ դա խիստ անհրաժեշտ է: Սոցներդրումների հիմնադրամի ծրագրով կնորոգվեն, մասնավորապես, Շիրակավանի, Սիզավետի դպրոցական շենքերը:
Գ. Մ.