Գյումրիում ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիրի կառուցումը, որով կմիավորվեն քաղաքում այժմ գործող մի քանի բուժհաստատություններ, կսկսվի ընթացիկ տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Շիրակի մարզպետարանում կազմակերպված մամուլի ասուլիսում այս մասին տեղեկացրեց առողջապահության մարզային վարչության պետ Սամվել Ղազարյանը, նշելով, որ համալիրի նախագծման աշխատանքները մոտ են ավարտին: Վարչության պետի հաղորդմամբ` առողջապահության նախարարությունը շուտով կպատվիրի նաեւ բուժսարքավորումները, որպեսզի մինչեւ շինարարության ավարտը դրանք եւս պատրաստ լինեն:
Հիվանդանոցային նոր համալիրը կկառուցվի «Ավստրիական» մանկական հիվանդանոցի տարածքում, Համաշխարհային բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով: Սրանով ըստ էության ավարտի պետք է հասցվի քաղաքի առողջապահության ոլորտի օպտիմալացման, այն է` տարբեր բուժհաստատությունների միավորման արդեն քանիցս իրականացված գործընթացը, ինչը նաեւ անխուսափելի կդարձնի կադրային նոր կրճատումները: Այս մասին պրն Ղազարյանը մասնավորապես նշեց, թե խոսքը հիմնականում բուժքույրերի մասին է, եւ աշխատանքից ազատումներն էլ կաշխատեն անել աստիճանաբար, հիմնականում ինքնակամ հեռացողների եւ թոշակի անցնողների հաշվին: Իսկ ինչ մնում է բժիշկներին, ապա այստեղ, ընդհակառակը, որոշ մասնագետների պակաս կա: Հայտ է ներկայացվել նախարարությանը, որպեսզի տարվա ընթացքում մայրաքաղաքից մասնագետներ գան եւ աշխատեն մարզում:
Գ. Մ.