«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2009-04-29 | #78, 2009-04-30 | #79, 2009-05-01


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Լեփ-լեցուն դահլիճ եւ հոտնկայս հանդիսատեսի երկարատեւ ծափահարություններ: Երեք օր շարունակ սա իրականություն էր «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումից առաջ ու հետո:

Ի վերջո առաջնախաղն էր մի ներկայացման, որը անդրադառնում էր համահայկական կարեւորություն ունեցողՙ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մերօրյա ընկալմանը, այն էլ համահայկական ճանաչում ունեցող արտիստիՙ Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ: Այս երկու հանգամանքն, իրավամբ, ծնել էին հայաստանաբնակների մեծ հետաքրքրությունը:

Սակայն ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագիծը, որի արդյունքը ներկայացումն էր, հաջողված կոչել դժվար էՙ անգամ երկու դիտումից հետո:

Բովանդակային թուլությունը թերեւս բացատրվում էր բելգիահայ դերասանուհի, դրամատուրգ Կարոլին Սաֆարյանի «Հայաստանի փաստաթղթեր կամ առանց վերադարձի իրավունքի» պիեսով կամ գուցե դրա ոչ ամբողջական օգտագործմամբ: Որեւէ այլ տեսանկյունից էլ ներկայացման կայացածության մասին խոսելն ավելորդ կլիներՙ հաշված փորձերը դերասանախմբի հետ հավանաբար չէին կարող տալ առավելագույն արդյունք: Չէ՞ որ պրեմիերան նշանակված էր, իսկ դերասանները դեռ Երեւանում չէին:

Եթե ապրիլի 25-ին բեմում հնչող կատակները հազիվ ժպիտ էին առաջացնում (հազիվ թե ՀՀ նախագահի ներկայությունը պարտադրեր հանդիսատեսին արձակուրդ ուղարկել հումորի զգացումը), ապա ապրիլի 26-ին ծիծաղ էլ հնչեցՙ խաղն էր տարբեր: Մի դեպքում ռուս ուղեկցորդ Ջիգարխանյանը Հայոց ցեղասպանության թողած կսկիծը տեսած եւ կարեկցություն հայտնող էր, մյուս դեպքումՙ միմիայն տեղեկացնող: Գնացքում հանդիպած երիտասարդ դերասաններից հայըՙ Ազատը-Ստեփան Գանթալյան (Գերմանիա) ժամանակի զգացողությունը կորցրած ու իր տոհմակիցների, ազգակիցների կորստի ցավի տակ կքած եւ դրանով պարփակված մեկն էր, իսկ թուրքըՙ Լեւանը-Սամվել Մուժիկյան (Ռուսաստան) ժամանակակից աշխարհի մարդ, որն իր ու իր ազգի անցյալի հետ խնդիր չունի:

Անավարտության զգացողություն առաջացնող ներկայացումը, թեմայի շնորհիվ, բեմ չելնելու որոշում կայացրած Արմեն Ջիգարխանյանին ստիպել էր բեմ ելնել ու վստահեցնել. «Այս ներկայացման մեջ զբաղված յուրաքանչյուր դերասան ասելիքի խորագույն գիտակցմամբ է այստեղ: Իսկ հարցի լուծման համար բարությամբ առաջնորդվել է պետք»:

«Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը նախապես արդեն վստահեցրել էր. «Ներկայացումը դուրս չէ Հայաստանի իշխանությունների Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ վարած քաղաքականության շրջանակներից»:

Եվ իրոք դուրս չէՙ պատահաբար օտարերկրացուց Հայոց ցեղասպանության մասին լսող թուրքը ի վերջո այդ իրողության շուրջ խորհելու եւ իր անելիքը ճշտելու միտում է ցուցաբերում, հայն իր կսկիծն է շարունակում արտահայտել, իսկ դատողի դերում օտարն է:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նկար 1. Արմեն Ջիգարխանյան (ուղեկցորդ) եւ Սամվել Մուժիկյան (Լեւան)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4