«Անահիտ» մշակութային հիմնադրամի (նախագահ Նունե Շամախյան) նախաձեռնությամբ եւ կազմակերպությամբ մայիսի 2-ին Մոսկվայի մշակույթի տանը տեղի կունենա «Հայ դասական երաժշտությունը եւ արդի տեխնոլոգիաները» թեմայով բանախոսություն, որի ընթացքում կներկայացվի հիմնադրամի ջանքերով ստեղծված ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի կայքէջը: Ներքոհրապարակյալ հոդվածում շոշափվում է այս թեմային վերաբերող խնդիրներ:
Վաղուց հասունացել է «Հայ երաժշտական հանրագիտարան» կայքէջ ստեղծելու անհրաժեշտությունը:
Այսօր դժվար է գերագնահատել ինտերնետի դերը: Գիտական տվյալների զետեղարանները (բազաները) ողջ աշխարհի գիտնականներին թույլ են տալիս միավորել գիտության ճյուղերի նվաճումները: Դեռ 10-15 տարի առաջ տեղեկատվություն հայթայթելու համար պահանջվում էին հսկայական ջանքեր, ժամանակ եւ ֆինանսական ծախսեր: Այսօր աշխարհի շատ գրադարաններ եւ արխիվներ մատչելի են «համաշխարհային սարդոստայնի» շնորհիվ:
Դե ինչ, մտնենք ինտերնետ ու ծանոթանանք հայկական մշակույթի, մասնավորապես երաժշտության նվաճումներին: Ավա՜ղ, այստեղ մենք կարող ենք տեսնել միայն առանձին ջազային ու էստրադային կատարողների կայքէջեր: Իսկ ո՞ւր է անհետացել մեր դասական դպրոցը, որտե՞ղ են հայ դասական երաժշտությունը, մեր երաժշտական մշակույթի պատմությունը եւ դրա հին ավանդույթները, վերջապես երաժշտական գործիքների պատմությունը լուսաբանող կայքէջերը: Արտասահմանցի հետազոտողը ինչպե՞ս կարող է իմանալ, որ հայկական կատարողական մշակույթն ունի խոր արմատներ եւ վաղեմի ավանդույթներ, ովքեր են մեր ականավոր ջութակահարները, երգիչները:
Իսկ մեր երաժշտական գործիքնե՞րը: «Տիրոջ բացակայության» պատճառով դրանք բարեհաջող կերպով մշակվել եւ յուրացվել են հարեւան ժողովուրդների կողմից: Այնինչ դրանցից շատերը ծնունդ են առել հենց Հայկական լեռնաշխարհում, հետագայում տարածվել ամբողջ Արեւելքում եւ ապա Արեւմտյան Եվրոպայում: Ինչո՞ւ են մոռացվել հնագետների եւ հնաերաժշտագետների այն վկայությունները, որ ջութակի ամենահին նախնիները հայտնաբերվել են հենց Հայաստանում:
Հայ երաժշտական մշակույթը հարուստ է ինչպես սեփական գործիքներով, այնպես էլ դրանց հնությամբ: Հազարամյակների միջով անցկացնելով երաժշտական ավանդույթները, դրանց հետ` նաեւ սեփական գործիքները, հայ ժողովուրդը կարողացել է պահպանել ու զարգացնել: Այսօր Հայաստանում առավել սիրված եւ ժողովրդական գործիքներից կարելի է նշել փողայինները` սրինգ, շվի, դուդուկ, բլուլ, պարկապզուկ, տկզար, հարվածայինները` դհոլ, դափ, թմբուկ, կիմբալ, լարայինները` թառ, սազ, ուդ, քեմանի, քամանչա: Դրանցից շատերն արմատներով հասնում են Միջագետքի եւ Եգիպտոսի հեռավոր քաղաքակրթություններ:
Այսօր դժվար է ասել, թե ում է պատկանում դրանց ստեղծման հեղինակային իրավունքը, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների մի ամբողջ «փնջի» տաղանդավոր երաժիշտների ստեղծագործության արդյունքն են: Այստեղից դրանք սկսել են տարածվել Հին Արեւելքի երկրներում` մինչեւ Առաջավոր եւ Միջին Ասիա, ապա` դեպի Արեւելք եւ Եվրոպա: Հյուսիսային Միջագետքում եւ Անատոլիայում Ք. ա. 6-րդ դարից ապրած հայերը, բնականաբար, մասնակցել են այդ գործընթացին: Նրանք նշանակալի լումա ունեն այսօր արդեն միջազգային դարձած այդ գործիքների ստեղծման եւ պահպանման մեջ: Սակայն, ի զարմանս մեզ, վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ ենք կարդում, թե թառը, սազը, քամանչան եւ շատ ուրիշ գործիքներ ուրիշ ժողովուրդների սեփականությունն են:
Ահա՛ մեկ օրինակ: Հարյուրամյակների ընթացքում թառը զարգացել է, բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել, սակայն դրա արտաքին տեսքը կարելի է գրեթե անփոփոխ համարել 19-րդ դարի կեսերից: Հին գործիքագործ վարպետների անունները մեզ, իհարկե, չեն հասել, բայց իրենք` ադրբեջանցիները, այսօր Ադրբեջանում օգտագործվող ժամանակակից թառի հեղինակներից մեկն են համարում հայ Սադիխյանին (Միրզա Սադիխ), եւ դրա նվագը, արեւելյան մուղամը միավորելով դասական եւ ժողովրդական-իմպրովիզացիոն երաժշտության հետ: Ժամանակակից պարսկական թառի բարեփոխիչ եւ «հայր» համարում են դարձյալ հայ Հովհաննես Աբգարյանին (1876-1932), որին Իրանում անվանել են Յահիա Խան: Գործիքի ձայնային հատկանիշների բարելավման նպատակով նա զգալի փոփոխություններ կատարեց իրանի կառուցվածքի եւ լարերի հարմարեցման մեջ: Հասկանալի է, որ մենք մեր պատմությունը, մեր ձեռքբերումները լուսաբանող բավարար տեղեկություն չունենք:
Ավելի բարվոք չէ կատարողական արվեստի վիճակը: Մենք մեր մեծ երաժիշտների մասին հաճախ արտասահմանյան աղբյուրներից ենք տեղեկանում կամ, երբ նրանք հայրենիքը լքելուց հետո նշանավոր են դառնում Եվրոպայում կամ Ամերիկայում: Ահա այստեղ մենք սկսում ենք բարձրաձայնել նրանց հայկական ծագման մասին:
Պետական պահեստարաններում, մեր թանգարանների պահոցներում եւ մասնավոր անձանց մոտ թաղված են արժեքավոր արխիվներ, որոնց տվյալներն անհրաժեշտ է հրապարակել ինտերնետում, նաեւՙ անգլերենով:
Մասնավորապես, «Անահիտ» մշակութային ֆոնդի տրամադրության տակ կան մոտ 100 երաժիշտների արխիվներ, որոնք բերվել են արտերկրից կամ տասնամյակների ընթացքում հավաքվել հանրահայտ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի կողմից: Դրանց ավելանում են նորանոր անուններ: Բոլորը վաղուց սպասում են իրենց հրապարակմանը, բայց մենք ժամանակ քիչ ունենք: Արդի առաջընթացը, մասնավորապես ինտերնետային լրատվությունը պահանջում է հարցերի անհետաձգելի լուծում: Հարկավոր է ստեղծել մեր ականավոր երաժիշտների անհատական կայքեր: Միեւնույն ժամանակ մեզ ակնհայտորեն չեն բավականացնում միասնական ամփոփիչ կայքէջը, տեսանյութերն ու տեսահոլովակները, որոնք կլուսաբանեին հայկական դասական երաժշտության եւ դասական կատարողների պատմությունը: Եվ, իհարկե, վաղուց հասունացել է «Հայ երաժշտական մշակույթի հանրագիտարան» լիարժեք կայքի ստեղծման անհրաժեշտությունը: Եվ քանի որ դա ունի համազգային նշանակություն, ապա պետք է աջակցություն ստանա եւ ֆինանսավորվի ոչ թե առանձին մեկենասների եւ նվիրյալների, այլ առաջին հերթին պետության կողմից:
ՆՈՒՆԵ ՇԱՄԱԽՅԱՆ